Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարազգի ունկնդիրները Կոմիտասյան պատարագը նկարել ու «յութուբ» են «գցել»

Փետրվար 11,2015 15:00

«Հովեր» պետական կամերային երգչախումբը հունվարի 22-ից փետրվարի 5-ը, «Հովերի» գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի խոսքով, մեկնարկային համերգային շրջագայություն է ունեցել: Երկու համերգ կայացել է Ֆրանսիայում, երեքը՝ Էստոնիայում, մեկ համերգ էլ՝ Սանկտ Պետերբուրգում: Էստոնիայում «Հովեր» երգչախումբը մասնակցել է «Մուստոնեն ֆեստ» հեղինակավոր փառատոնին, որը էստոնացի հայտնի երաժիշտ Անդրես Մուստոնենի անունով է: Մուստոնենը Hortus Musicus հանրահայտ անսամբլի հիմնադիրն է, ճանաչված դիրիժոր, միջնադարյան եւ բարոկկո ոճի երաժշտության գիտակ, Բեռլինի, Վարշավայի, Լոնդոնի, Երուսաղեմի եւ այլ երաժշտական մայրաքաղաքների փառատոների սպասված հյուր:

«Միշտ բարձրակարգ երաժիշտներ են մասնակցում «Մուստոնեն ֆեստին», այս անգամ նաեւ «Հովերն» էր ներգրաված: Մեր համերգի առաջին բաժնում Կոմիտասյան պատարագն է հնչել, երկրորդ բաժնում՝ կոմիտասյան աշխարհիկ խմբերգեր եւ «Հովեր» երգչախմբի անդամների մի քանի մշակումներ»,- նշեց տիկին Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ իրենց համերգները կշարունակվեն այլ երկրներում նույնպես: Խմբավարի խոսքով, «Հովերի» բոլոր համերգները ընթանում եւ ընթանալու են Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ եւ «Քեզ հետ Հայաստան» խորագրի ներքո:

Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ Կոմիտասյան պատարագը լուրջ արձագանք է առաջացնում ամենուր, օտարազգի ունկնդիրներից որոշ կտորներ շատերը նկարել ու տեղադրել են յութուբում, դահլիճներն էլ լեփ-լեցուն են լինում. «Էստոնացիները մի քիչ սառը ժողովուրդ են, բայց իրենք էլ խոստովանում էին, որ նման ջերմ դահլիճ երբեւէ չեն ունեցել: Շատ լավ կազմակերպված փառատոն էր «Մուստոնեն» փառատոնը, Ֆրանսիայի մասին էլ չեմ խոսում, այնտեղ բազմաթիվ անգամներ ենք հանդես եկել: Մի խոսքով՝ հագեցած համերգաշար էր, որն, անշուշտ, կունենա շարունակություն»:

Մեր զրուցակցի խոսքով. «Անդրես Մուստոնենը նույնիսկ Երուսաղեմում է ունեցել համերգներ՝ նվիրված ցեղասպանության տարելիցին, իրեն Երեւանից գիտենք, ինքը մի քանի անգամ համերգներով հանդես է եկել Հայաստանում՝ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: Ուզում եմ փաստել, որ ամենաանշահախնդիր եւ ամենաիսկական հարաբերություններն են երաժշտական հարաբերությունները, դրանք շատ կարեւոր են երկու երկրների համագործակցության առումով»:

Անդրադառնալով փետրվարի 16-ին կայանալիք իրենց՝ «23 խմբերգ» խորագրով ձայնասկավառակի շնորհանդեսին, Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ այն անցյալ տարի են ձայնագրել՝ երգչախմբի համերգներից կուտակած գումարներով: «Ձայնասկավառակը ունի այսպիսի կոնցեպցիա՝ ներկայացնում ենք մի քանի կոմիտասյան խմբերգեր եւ հայ ժամանակակից 15 հեղինակների: Ձայնասկավառակը կոչվում է «23 խմբերգ»: Բուկլետում էլ նշել ենք, որ Կոմիտասը միշտ ասում էր, թե մեր երաժշտությունը շատ ինքնուրույն է, ոչ արեւելյան է, ոչ էլ արեւմտյան, եւ այս ինքնուրույնության համատեքստում ցույց ենք տալիս՝ ահա թե ինչ են առաջարկում մեր ժամանակակից հեղինակները: Վերցված են խմբերգային մինիատյուրներ, որպեսզի ցույց տանք բազմազանությունը հեղինակների, որ համադրելով իրար հետ՝ հասկանանք, թե ինչ արժանի շարունակություն ունենք խմբերգային երաժշտության»:

Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ այս եւ մյուս ձեռնարկները իրականություն չէին դառնա, եթե իրենց չաջակցեին «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն ու մշակույթի նախարարությունը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728