Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են Ծառուկյանի մասին իրենց տեսակետները փոխում ՀԱԿ եւ ՀՀԿ գործիչները

Փետրվար 15,2015 17:37

Լրագրողական սիրածս «ժանրը» նույն գործչի կամ քաղաքական ուժի նախկին ու ներկա հայտարարությունները համադրելն ու հիշեցնելն է:

Վերջին օրերի իրադարձությունները տվեցին նման համադրությունների առատ նյութ:

Ասենք, Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անցած տարի ՊՆ-ում մարտի 8-ի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ծառուկյան-Իվանիշվիլի համեմատությանը՝ ասել էր. «Ես չէի ուզենա ԲՀԿ ղեկավարին համեմատել որևէ մեկ քաղաքական գործչի հետ, որովհետև համարում եմ, որ նա շատ յուրօրինակ, շատ ազգային գործիչ է, և ինքն իր ճանապարհն ունի եւ իր քայլերը: Մենք կտեսնենք այդ քայլերը»:

Իսկ այժմ Հերմինե Նաղդալյանը «Իրատես դե ֆակտո» թերթին տված  հարցազրույցում այդ «շատ յուրօրինակ, շատ ազգային գործչի» մասին ասում է.  «Նա շարունակում է ինքնախաբեությամբ զբաղվել, եթե կարծում է, որ ժողովուրդը սպասում է իր խոսքին ու քայլերին: Նույնիսկ ոչ դասական իմաստով քաղաքական գործիչը որևէ պարագայում պարտավոր է նախ մտածել պետության, հետո քաղաքականության, հետո սեփական շահի մասին: Գագիկ Ծառուկյանի համար հակառակ սանդղակն է գործում»:

Օրինակները կարող էինք շարունակել, թե ինչպես էին Գագիկ Ծառուկյանին նախկինում գովերգող հանրապետականներն այժմ անխնա ծաղրում նրան: Բայց դժվար թե ավելի լավ ստացվի, քան արդեն ասել է Ալեքսանդր Քալանթարյանը.

«ՀՀԿ-ն դեմ է տգիտությանն ու չափն անցնողներին:

P.S. Եթե նրանք ՀՀԿ անդամ չեն

P.P.S. Կամ գոնե ՀՀԿ-ի հետ կոալիցիայում չեն»:

Levon_eryak180 աստիճանով շրջադարձի ականատեսը դարձանք նաեւ Հայ ազգային կոնգրեսի պարագայում: Հիշեցնենք, որ այս ուժը դեռ 2011-ի ամռանը իշխանությունների հետ երկխոսության օրակարգում էր ներառել «Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում» փաստաթուղթը,  որի մի պատկառելի հատված վերաբերում էր Սահմանադրության պահանջներին հակառակ ձեռնարկատիրությամբ զբաղվող պատգամավորներին:

Մասնավորապես՝ վկայակոչված էր ՀՀ Սահմանադրության 65 հոդվածը, որը սահմանում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:

ՀԱԿ-ը նշել էր, որ պատգամավորների մեծ մասը խախտում է Սահմանադրության վերը նշված հրամայական դրույթը` զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ: Թվարկվել էին այն 76 պատգամավորների անունները, որոնք իրենց պատգամավորական գործունեությանը զուգահեռ՝ զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: Եվ այդ ցուցակի 52-րդ համարն էր դեռեւս ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ գտնվող ԲՀԿ առաջնորդը. «Ծառուկյան Գագիկ. ԲՀԿ «Մուլտի գրուփ» կոնցեռն «Մուլտի գրուփ սթոուն» ՓԲԸ «Արգեյմ» ՍՊԸ «Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատ» ԲԲԸ «Երևանի քիմիադեղագործական ֆաբրիկա» ԲԲԸ «Բաղրամյանի հացամթերքներ» ԲԲԸ «Կլեոպատրա» ՍՊԸ «Մուլտի գոլդ» ՍՊԸ «Քվանատոնոր Օմեգա» ՍՊԸ – ՌԴ «Արարատցեմենտ» ՓԲԸ «Արնամենտ» ՓԲԸ «Ջի էմ մաղարո» ՓԲԸ «Յունիմետխիմ» ՍՊԸ «Քինգ մարոն բիչ» ՓԲԸ»:

Իսկ օրերս ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց փետրվարի 12-ին ՀՀԿ քաղխորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի առնչությամբ, որում մասնավորապես նշված էր. «Ամբողջ ելույթի միակ թիրախը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ում մեղադրելով հազար ու մի հանցանքների մեջ, Սերժ Սարգսյանը սպառնալիքներով նրանից, ըստ էության, պահանջում է հեռանալ քաղաքականությունից եւ զբաղվել միայն գործարարությամբ։ Այսպիսի մի պահանջն, ինքնին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպտագույն խախտում է։ Քաղաքականությամբ զբաղվելը յուրաքանչյուր քաղաքացու լիակատար իրավունքն է, ու չկա սահմանադրական որեւէ դրույթ կամ լիազորված մարմին, որը սահմանափակի կամ արգելի դա։ Ըստ այդմ՝ Գագիկ Ծառուկյանը նույնքան իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, որքան Սերժ Սարգսյանը»:

Հիրավի, հանուն քաղաքական նպատակահարմարության՝ մեր թե իշխանական, թե ընդդիմադիր գործիչները սահմանում են ուղղակի «սկզբունքայնության» ռեկորդներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավ հոդված էր, ափսոս օրինակներն էին քիչ: Իսկ դրանք բազմաթիվ են:

  2. Մ.Գրիգորյան says:

    Ափսոս տեսահոլովակներ չունեք, թե ինչպես էին ԱԺ-ում հորթային ժպիտներով ուղեկցում Ծառուկյանին, որ արժանանային մի թեթև բարևի, կամ հերթ կանգնում, որ ձեռքը սեղմեն;

  3. Արթուր Ղազարեան says:

    Յիրաւի, դիպուկ էր: Օրինակներն էլ անվերջ կարելի է թուարկել:

    Հետաքրքիր կը լինէր Աշոտեանի գոհարները պեղել: Քիչ առաջ նրա դարակազմիկ միտքը կարդացի. «Երեխաները չեն ուզում սովորել, քանզի Ծառուկեանին տեսնելով՝ հասկանում են, որ անգրագէտը եւս կարող է յաջողութիւն ունենալ»:

    Նախ մի մարդ, որը կաղում է հայերէնից, հայկական պետութեան ԿԳ նախարար է: Յետոյ՝ Ծառուկեանն, այո՛, շտեմարան չէ, բայց թոխմախ, լֆիկ, շմայս, մանուէլ, սեյրան, մուկ,,, Էս անունները քեզ ծանօ՞թ են:

    Յ.Գ. “Cool guy”-ի դերը քեզ մի քիչ չի սազում,երեւի 21-րդ քրոմոսոմից է: Դու բժիշկ ես, ինձ կը հասկանաս 🙂

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728