Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Սուրիկ Խաչատրյանի թիկնապահի ոտքից գնդակը միտումնավոր չեն հանում» (Տեսանյութ)

Փետրվար 19,2015 16:23

2013 հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ գործի քննության ընթացքն այսօր «Հայելի» ակումբում ներկայացնելիս՝ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը, նախ, մեջբերեց Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի ելույթից հետեւյալ հատվածը. «…Շարունակում են օդից կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ, պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»:

Հայկ Ալումյանը իրավական տեսանկյունից մեկնաբանելով այս խոսքերը՝ նշում է, որ քողարկման մեխանիզմներից մեկը աշխատել է նաեւ Բուդաղյանների գործում. «Քրեական գործի նյութերին ծանոթանալը ինձ հնարավորություն է տալիս պնդելու, որ պրոֆեսիոնալ քողարկման մեխանիզմները աշխատել են բառացիորեն դեպքից ժամեր անց եւ մինչ այսօր աշխատում են»:

Նշենք, որ Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, վիրավորվել էր նրա եղբայրը՝ գործով որպես մեղադրյալ Արտակ Բուդաղյանը և Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը: Նշենք նաեւ, որ ձերբակալվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը եւ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը, մինչդեռ ՊՆ քննչական ծառայությունը որոշում էր ընդունել, որ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին և նրանց ազատ արձակել:

Գործի ընթացքը ներկայացնելիս՝ Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Արտակ Բուդաղյանի վերաբերյալ գործը, իբրեւ թե նա սպառնալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի կնոջ՝Լորետա Բարսեղյանի հասցեին դեպքի ժամանակ եւ, ըստ փաստաբանի, Արտակ Բուդաղյանին մեղավոր ճանաչելու միջոցով փորձում են ցույց տալ, թե դա ինչքան իրական եւ ծանրակշիռ սպառնալիք է եղել Խաչատրյանների համար՝ իրենց իսկ գործողությունները արդարացնելու նպատակով. «Արտակ Բուդաղյանի վերաբերյալ քրեական գործում ամեն ինչ անում են Խաչատրյանները, որպեսզի մեր հարցերին չպատասխանեն: Լորետա Բարսեղյանի հարցաքննությունը մի քանի նիստ տեւեց այն պատճառով, որ իմ ամեն հարցից հետո նա հրաժարվում էր պատասխանել: Դրանից հետո եկավ Տրդատ Խաչատրյանի, Տիգրան Խաչատրյանի հարցաքննությունը, սակայն բոլորը հրաժարվում էին պատասխանել իմ տված ամենակարեւոր հարցերին»:

Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ գործի քննության ընթացքում Սուրիկ Խաչատրյանի տան անդամները բոլորն ասեցին, որ Սուրիկ Խաչատրյանի ննջասենյակի պատուհանները նայում են դեպի դեպքի վայր. «Ննջասենյակից մինչեւ դեպքի վայր հեռավորությունը ուղիղ գծով մոտ քսան մետր է եւ հիմա մեզ շարունակում են պնդել , որ Սուրիկ Խաչատրյանը այդ ամենը չի լսել, չի արթնացել եւ չի կրակել: Կամ ասում են, որ դեպքի մասին չեն ասել Սուրիկ Խաչատրյանին: Ես չեմ հավատում այդ ամենին»:

Մանրամասն ՝ տեսանյութում

Փաստաբանի խոսքով՝ գործով նաեւ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ, կամ ինչպես իրենք են պնդում, նրա ազգական Նիկոլայ Աբրահամյանի հետ կապված. «Նիկոլայ Աբրահամյանը չի գալիս դատական նիստերին, քանի որ նա չի կարողանում քայլել, նստել»: Միջադեպի օրը նա նույնպես վնասվածք էր ստացել ոտքի վրա. «Նրա ոտքը չորանում է, քանի որ նրա մարմնից դեռ հանված չէ գնդակը: Նրա այդ վնասվածքը վերագրում են Ավետիք Բուդաղյանին»:

Փաստաբանը հետաքրքրվում է՝ ինչո՞ւ մինչեւ գնդակը հանելը արդեն պնդում են, որ կրակողը եղել է Ավետիք Բուդաղյանը. «Գնդակը չհանելը պատճառաբանում են նրանով, որ ասում են, թե դա վտանգավոր է Նիկոլայ Աբրահամյանի առողջության համար, նա կարող է անշարժանալ»:

Փաստաբանը վստահ է, որ գնդակը հանելը վտանգավոր է այն վարկածի համար, որը նախաքննական մարմինն ունի. «Քանի որ մենք լուրջ հիմքեր ունենք մտածելու, որ եթե այդ գնդակը հանվի, ապա գնդակը հաստատվելու է, որ կրակված չէ Ավետիք Բուդաղյանի կողմից: Այսօր արդեն քրեական գործի մեջ կարող ենք ծանոթանալ բժշկի ցուցմունքին: Ռենտգենով ուսումնասիրելուց հետո բժիշկն ասել է, որ գնդակի չափերն են 13-ը 11-ի վրա, որոնք էլ չեն համապատասխանում Ավետիք Բուդաղյանի զենքին, ինչպես նաեւ չեն համապատասխանում Տիգրան Խաչատրյանի զենքին»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հայկ Ալումյանը նաեւ մեջբերեց մամուլում տեղ գտած այն լուրերը, թե իբրեւ նախագահ Սերժ Սարգսյանը եւ արդարադատության նախարարը մասնակցել են Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին. «Ցանկացած դատավոր իր մասնագիտական գործունեության ընթացքում լիովին կախված է նախագահից եւ մեծ չափով էլ արդարադատության նախարարից: Հիմա գործին նայենք այն դատավորի տեսանկյունից, ով քննում է գործը եւ մամուլում կարդում է, որ նախագահը մասնակցել է այն մարդու հարսանիքին, ում նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կամ չիրականացնելու հարց է քննարկվում»:

Հայկ Ալումյանը լուրերը հաստատելու համար պաշտոնական նամակ էր ուղղել ՀՀ նախագահին եւ արդարադատության նախարարին, սակայն պատասխան դեռ չի ստացել:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728