Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենն առաջարկեց «հետազոտություն» անցկացնել

Փետրվար 21,2015 13:00

Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի
ծնողները բողքում են մշտական դրամահավաքներից

«Առավոտը» դժգոհություններ է ստացել Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի ծնողներից: Նրանք նեղսրտել էին, որ մարտի 8-ին ընդառաջ սկսում են իրենցից գումարներ հավաքել: «Տոնից առաջ դրամահավաքության մրցավազքը նոր թափ է առնում` ո՞ր դասարանն ավելի շատ գումար կհավաքի, որը հնարավորություն կտա դասղեկին իրեն լավ զգալ եւ ավելի լավ ձեւով ներկայանալ իր տնօրենին»,- ասաց ծնողներից մեկը: Մեկ այլ ծնող էլ տեղեկացրեց, որ Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի ավարտական դասարանում օրերս տեղի է ունեցել հերթական ծնողական ժողովը, որի օրակարգում մարտի 8-ի հետ կապված ծնողների անելիքներն էին: «Ցավոք, ոչ մի խոսք աշակերտների ուսման առաջադիմության մասին: Դե ծնողները վաղուց համոզվել են, որ այս դպրոցում առաջնահերթը դրամահավաքությունն է: Դասղեկի խոսքը կտրուկ էր՝ մարտի 8-ի հետ կապված գումար պետք է հավաքենք` տնօրենին, դասղեկին եւ դասավանդող ուսուցիչներին նվերներ գնելու համար:

Խոսք գնաց 3500-4000 դրամի մասին: Ծնողները լուռ համաձայնեցին. թեեւ ներքուստ գրեթե բոլորն էլ տրտնջացին. բայց ո՞վ կհամարձակվի բարձրաձայնել եւ իր երեխային հարվածի տակ դնել»,- պատմեց նա ու հավելեց, որ չի բացառվում՝ դպրոցից ծնողների ստորագրությամբ գրություն ուղարկեն, թե իբր նման բան չի եղել: Մի քանի ծնող էլ վկայակոչեցին «վինետկաների» ու ավարտական հանդեսի համար հավաքվող գումարները, ասացին, որ ամեն ինչ արվում է տնօրեն Աննա Նիկողոսյանի գիտությամբ, որը տնօրեն է կարգվել Գեղարքունիքի նախորդ մարզպետի օրոք եւ ներկայումս ՀՀԿ Սեւանի տարածքի կանանց խորհրդի նախագահն է:

Ծնողները, որոնց անունները, հասկանալի պատճառով, չենք կարող նշել, հավաստիացրին, որ, օրինակ, դեկտեմբեր ամսին ավարտական դասարանի դասասենյակի վերանորոգման համար ամեն մի աշակերտից հավաքվել է 1500 դրամ, որի արդյունքում ընդամենը սպիտակեցվել են դասասենյակի պատերը, հունվարին էլ կլորիկ գումար է հավաքվել տնօրենի ծննդյան օրվա առիթով ու նվեր գնվել, ու հիմա իրենց համբերությունը հատել է, որ մարտի 8-ն են մեջտեղ բերում:

«Առավոտը» կապվեց նաեւ դպրոցի տնօրեն Աննա Նիկողոսյանի հետ: Տիկին Նիկողոսյանը խնդրեց անուններ տալ, թե կոնկրետ որ ծնողներն են դժգոհում, ինչը, հասկանալի պատճառով, չէինք կարող անել: «Նման բան չկա, կուզե՞ք լրագրողական հետազոտություն անցկացրեք (նկատի ունի հետաքննությունը-Գ.Հ)»,-ասաջարկեց տնօրենը, հավելելով, որ իրենց դպրոցում դրամահավաք երբեք չի լինում: «Մեզ մոտ միայն դասագրքերի գումարն է հավաքվում, ընդ որում, մինչեւ 4-րդ դասարան անվճար է: Վինետկայի համար, այո՛, հավաքում ենք, վինետկա միայն առաջին եւ իններորդ դասարանների համար ենք պատվիրում: Իսկ մնացած դեպքերում միգուցե ծնող կա, անհատական մոտենո՞ւմ է, այ դա չեմ կարող ասել»,- հայտնեց տնօրենը: Մեր հարցին, թե ծնողները պնդում են, որ իր «թուրը» կտրուկ է, եւ ինքը հաճախ է օգտագործում կուսակցական լծակները, Աննա Նիկողոսյանը ժպտալով պատասխանեց. «Ի՞նչ լծակներ եմ օգտագործում, եթե ուզում եք՝ կարող եք գալ-ստուգել»:

Ինչ վերաբերում է դասարան վերանորոգելու համար գումար հավաքելուն, այս մասին էլ նշեց. «Մենք շատ դասարաններ չունենք, որ վերանորոգենք: Ունենք մի հովանավոր, որ Ամերիկայից է եկել, երեխան հիմա երկրորդ դասարանում է սովորում, ինքը եկել վերանորոգել է դասասենյակը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (19)

Պատասխանել

  1. Գեղամ says:

    Շատ եմ ցավում վոր այսպիսի սուտ տեղեկություններով են ողողում ամբողջ համացանցը.Տիկին Գոհար ձեր այս տպագրած նյութը չի համապատասխանում իրականությանը, դուք այս նյութը հրապարակելուց առաջ պիտի հաշվետու լինեիք ծնողների մեծամասնության հետ և միգուցե ձեզ պարզ կլիներ որ այս սուտը ընդամենը զրպարտանք է հարգելի տնօրեն Աննա Նիկողոսյանի հանդեպ;Ես որպես այդ դպրոցի ավարտական դասարանի ծնող, տնօրեն Աննա Նիկողոսյանին ճանաչում եմ մի շարք դրական հատկանիշներով;Որպես տնօրեն նա տանում է շատ ազնիվ ու ակտիվ աշխատանք ուսման ու վարքի ասպարեզում;Անշահախնդիր և մանկավարժօրեն նրբանկատ,սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում ամեն մի աշակերտի նկատմամբ;Այնպես որ ես այս նյութը համարում եմ անհիմն զրպարտանք և վիրավորանք Աննա Նիկողոսյանի հանդեպ, ասեմ ավելին, շատ եմ ցավում, որ չունեք հմտություն ձեր աշխատանքի մեջ այսպիսի անհիմն թեմաներ տպագրելով տիկին Գոհար;

  2. Իսկ ինչու չի գրվում այն լավ բաների մասին որ արվել է Սևանի թիվ 1 դպրոցի ավարտական դասարանի համար:Տնօրենը միշտ ընդառաջել է մեզ ամեն հարցում:Սուտ է ոչ մի դրամահավաքություն էլ չի եղել տնօրենին էլ ոչ մի նվեր չի արվել իր ծննդյան օրվա առթիվ:Ինչ որ մի ծնող որը ոչ մի հիմնավոր փաստեր չի ունեցել փորձել է վարքաբեկել դպրոցին և դպրոցի տնօրենին:Ցավում եմ որ ունենք այդպիսի վատ ծնողներ:

  3. Գրելուց հետո,գոնե ճիշտը գրեք,որ դասասենյակը վերանորոգվել է մեր փչացնելուց հետո,մեր արված <> մեր ծնողներից մեկը մաքրել, վերանորոգել է:Լավ բաները գրեք,որ մեզ ամեն հարցում աջակցել է մեր տնօրինությունը,իսկ ինչ վերաբերվում է դրամահավաքությանը, սուտ բաներ են,ոչ մի դրամահավաքություն չի եղել,ոչ մի նվեր չի տրվել տիկին Նիկողոսյանին:Զավ,վատ ա չէ,որ մեր դասարանում սենց ծնողներ կան:Մեկ ա մենք իմանալու ենք,թե այդ սուտն ով է հորինել և որպես լոզունգ տարածել այս ու այն կողմ:

  4. Աննա says:

    Ինչպե՞ս կարելի է նման անհիմն մեղադրանքներ ներկայացնել, իսկապես ցավում եմ, երբ տեսնում եմ, որ, դժբախտաբար, կան այսպիսի ծնողներ։ Անգամ, երբ իրենց իսկ երեխաների համար 1 դրամ ծախսում են անպայման դրամահավաքություն են պիտակում։ Վստահ կարող եմ ասել, որ Սևանի համար 1 հիմնական դպրոցում տիրում է խիստ կարգապահություն, և տնօրենը նման էժանագին քայլեր իրեն թույլ չի տվել երբեք։

  5. Քրիստինե Արման Ներսիսյան says:

    Անվայել է անհիմն մեղադրանք ներկայացնել մի անձի նկատմամբ, ով իսկապես անմեղ է; Մեր դպրոցի տնօրենն առաքինի և պարկեշտ անձնավորություն է, նա միշտ էլ հետևել է կարգապահությանը և արգելել է որևէ դրամահավաքություն; Այս ստոր զրպարտությունը ներկայացվել է պարզապես տնօրենի վարկանիշն արատավորելու նպատակով; Ոչ մի դրամահավաքություն էլ չի եղել;

  6. Երեմ says:

    Ամենը սուտա, ինչ որ գրվածա, ինչի չեն գրում լավ բաների մասին : Ոչ մի դրամահավաքություն էլ չի եղել ու տիկին Նիկողոսյանի ծննդյան օրը ոչ մի նվեր էլ չի արվել: մեր տնօրինությունը հանձինս տիկին Նիկողոսյանի միշտ մեզ աջակցում է ամեն հարցում :

  7. Նահապետյան Անահիտ says:

    Լրագրողների գործն ամենադժվարն է: Երբ չեն գրում արատավոր երևույթների մասին, նրանց ասում են՝ անատամ է: Բայց երբ Գոհարի նման համարձակ ու սկզբունքային լրագրողը իրերն անվանում է իրենց անուններով, զարմանալի է, որ նույն հասարակության անդամները, որոնք պետք է սատարեն նրան՝ սոսկ բարոյական աջակցությամբ, սկսում են ՚քննադատել
    : Այո, դժվար է ասել՝ թագավորը մերկ է: Գոհար Հակոբյանն ասել է: մեզ մնում է ավելացնել, որ Սևանը բացառություն չէ: Այս երևույթը Հայաստանի ցանկացած դպրոցում է և կրթօջախում: Եվ ոչ միայն տոներից առաջ: Հիմա դպրոցը խոպանից լավ է: Տարրական դասարանի մի երեխայի հետ պարապելը ուսուցչի կողմից ամսական իր կայուն գինն ունի: Ու մենք փորձում ենք մեղադրել Գոհարին? Բրավո, Գոհար: Եթե ժուռնալիստիկայում քեզզ նման սկազբունքայիններ շատ լինեն,, երևի բացասական բարքերը մեղմվելու միտում կունենա: Ցավոք: Ու դրա պատճառով դրահավաքները շատանան և կխորանան, մեր ծնողները կտան այդ գումարները և թվանշան կգնեն: Բոլոր դեպքերոմ՝ բրավո Գոհար:ՙ

  8. Արսեն says:

    Հարգելի Անահիտ ակնհայտ երևում է որ այս վատ երևույթների մասին դրական կարծիք գրողները պատվեր կատարողներ են, ես անձամբ չեմ ճանաչում այդ տնօրենին բայց դրանց նմանները շատ են ու շատ են նաև նման երևույթները, իսկ այդ պատվեր կատարողները առաջին տուժողներն են,,, ինչի պատճառով էլ հասարակությունը չի մաքրվում այդ արատավոր երևույթներից…

    • Նահապետյան Անահիտ says:

      Ոչ միայն հասարակությունը չի մաքրվում այդ արատավոր երևույթներից, այլ ինքն է դառնում այդ երևույթը ՚ամրապնդողըՙ, ցավոք: Բայց պատկերացրեք, որ արդեն այդ պարգևներին ծնկի եկող տնօրեններն ու գնահատական վաճատողները, ինչ պիտի ասի նույն հասարակության ՞հատիկը՞ մարտահրավեր նետած լրագրողին: Էլի պիտի ասեմ՝ կեցցե Գոհարը: Մենք նրա կողքին ենք, պետք է՝ համախմբվածությամբ ավելի լուրջ բաներ կանենք: Ու ես զգում եմ, որ պիտի անենք: Նույն ծնողների օգնությամբ: Մեր ասելիքն ու անելիքը շատ է: Գոհար, դու մենակ չես:

      • Տիկին Անահիտ Նահապետյան,ձեր գրած այս տողերը<>փոխաբերական իմաստով ձեզ ասեմ, որ այդ ատամները հիմքից փտած են, այսինքն չունեն որևէ հիմք և հացի պատառը համարձակօրեն ծամելուց ուղակի կփշրվեն այդ ատամները,իսկ դրանից հետո Բրավո գոչողներին պարզ կլինի,որ այդ տպագրված մեղադրանքները ընդամենը ապսուրդ են և զրպարտանք,այնպես որ անհիմն մեղադրանքները ենթակա չեն սատարման։Մի խոսքով ես այս մեղադրանքները համարում եմ մարդկային վառ երեվակայություն։Ես տվյալ դպրոցի ավարտական դասարանի ծնող, շատ ապշած եմ, ինչպես կարելի է տպագրել մի նյութ,մեկ կամ երկու անձանց տված երևակայության շնօրհիվ և ներկայացնել դա մի ամբողջ դպրոցի ծնողների կողմից, հաշվի չառնելով բոլորի կարծիքը։Ցավում եմ որ կան այսպիսի անառողջ դատողություն ունեցող մարդիկ։

  9. Արթուր says:

    Այն, որ դպրոցներում իրոք կա դրամահավաքություն, դա անհերքելի փաստ է, ու բոլորը դա գիտեն, իսկ թե ինչքան, դա արդեն որոշվում է ըստ տնօրենի խղճի: Իսկ այն փաստը, որ տնօրենը կին է (իսկ կանայք սովորաբար շատ են սիրում նվերներ) ու այն էլ իշխող կուսակցության շրջանակներից (որտեղ տիրող մթնոլորտին ու աշխարհընկալմանը բոլորս ենք ծանոթ), վկայում է, որ այս իրողության փաստը կասկածի տակ դնելու մասին խոսք լինել չի կարող: Այս հովածը կարդալով տեսնում եմ, որ իրոք բարձրացված են հարցեր, որոնք իրականում կան բոլոր դպրոցներում ու որոնց մասին երբեք չի բարձրաձայնվում, այլ ցավոք միայն այն դեպքում է դա արվում, երբ “դանակը ոսկորին է հասնում”:
    Այստեղ նկատելի է մի զավեշտալի փաստ ևս, որը մեր առօրյայում նկատվում է այն պաշտոնյաների շրջանում, որոնց “կեղտերը” այս կամ այն կերպ ջրի երես են դուրս գալիս: Նրանց ակտիվ ջանքերով մի տեսակ սկսում է նրանց համախոհների մեկնաբանությունների տարափ, թե իբր նման բան չկա, դա զրպարտանք է, մեր պաշտոնյան “սուրբ” է և այլն, որոնց նույնպես կարելի է հասկանալ. նրանք ախր նույն տաշտակից են օգտվում, պաշտոնյան դուրս եկավ, նրանք կզրկվեն եկամուտից 🙂 Մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ մեր նյութի հերոս տնօրենը բավականին ակտիվ աշխատանք է տանում իրավիճակից մաքուր դուրս գալու համար: Բոլորիս հայտնի ձեռագիր է: Համենայն դեպս պետք չէ աշակերտներին ներքաշել այս խնդրի մեջ: Ուղղակի կարելի է այս հոդվածից հետո սթափվել, ընդունել իրողությունը, հասկանալ, որ երջանկությունը փողի մեջ չէ: Ձեզ բախտ է վիճակվել ստանձնել սերունդներ կրթելու ու դաստիարակելու պարտավորություն, ուրեմն օգտվեք այդ հնարավորությունից և օգտագործեք ձեր լիազորությունները ըստ արժանվույն: Մի մոռացեք, որ առանց այն էլ սոցյալապես վատ վիճակում գտնվող մեր հասարակության մեջ անվճար կրթությունը այն քիչ լավ երևույթներից է, որը մնացել է այս տաիրների ընթացքում: Խնդրում եմ սթափվեք ու մտածեք ձեր քայլերի հետևանքների մասին տկն. Աննա Նիկողոսյան:

    • Խորեն Գասպարյան says:

      Առանց կրակի ծուխ չի լինի: Նման երևույթները համատարած են մեր իրականության մեջ: Իհարկե, ինչպես ասում են, «բռնված չէ, գող չէ», և տնօրենն էլ, որ պահանջում է «հետազոտություն» անցկացնել, լավ գիտե, որ ոչ ոք իր անունից ուղղակիորեն չի հավաստի եղածը. մարդիկ վախենում են, նրանց տառապանքները փորձ ունեն: Մեր իրականությունն այսպիսին է, մեր բարքերն այսպիսին են: Ցավալին այն է, որ շատերը՝ աշակերտ կամ ծնող, փորձում են սրբի լուսապսակով ներկայացնել տնօրենին և առկա բարքերը:Հաճկատարությունը տխուր և նողկալի բան է: Այդուհանդերձ՝ ոչինչ չի փոխվի, եթե թաքուն տրտնջացողները չհամարձակվեն բացեիբաց ասել և ապացուցել: Ամեն ինչ կմնա նույնը, և դարձյալ «հայկական միջավայրում» կծաղկեն կոռուպցիան ու ԽԾԲ-ն: Լրագրողն էլ հերթական շարքային «վատամարդը» դուրս կգա:

  10. Arsen says:

    Հարգելի Անահիտ,ցավ եմ զգում ,որ այսօր դուք վարկաբեկում եք մեզ՝ ծնողներիս,մենք ենք այս երկրի տերը ու այդ լրագրողը՝Գոհարը, իր վարկանիշը բարձրացնելու համար կազմակերպեց այս էժան շոուն և դուք դարձաք դրա շարունակողը:Ուզում եմ բոլորիդ մի հարց տալ միթե դուք հուշալբոմ /վինետկա/չեք ունեցել,ու անհարմար է թև ու թիկունք եք խաղում լրագրողին,հերիք է ամեն ինչն էլ չափ ու սահման ունի,այսօր ուսուցչին փնովելը մեղք է ,հասկացեք:

  11. Նառա says:

    Ես նշված դպրոցի ծնող եմ ու ասեմ ի լուր աշխարհի հերիք է հանրապետական կուսակցությունը ցավ անեք ու ձեզ փաթաթեք ու այդ Տնօրենին էլ հանգիստ թողեք,մի մարդ ,որ ինքն է օգնում բոլորին ,երբեք ակնկալիքներ չունի : Մտեք դպրոց և ինքներդ կհամոզվեք , որ դուք գտնվում եք մի կրթօջախում, որտեղ յուրաքանչյուրը կատարում է իր աշխատանքը մեծ նվիրումով, քանզի գործը ղեկավարում է բանիմաց, մարդկային անձնավորություն: Հա, ի միջիայլոց, Ձեր հոդվածից նոր իմացա, որ տնօրենը հանրապետական է: Միթե նման համեստ մարդը Ձեր մատնանշած կուակցության լծակներն օգտագործողն է:

  12. Զավեն says:

    Ես ցավում եմ բոլոր այն աշակերտների եւ ծնողների համար, ովքեր թեւ ու թիկունք են դարձել Աննա Նիկողոսյանին եւ պաշտպանում են նրան: Խնդրում եմ, մի արեք նման բան: Դուք պարտակում եք հանցագործություն: Միթե վատ չեք զգում հարգարժան ծնողներ, երբ օրը ցերեկով մտնում են ձեր գրպանը եւ վերցնում են ձեր գումարը: Իսկ որ դպրոցում նրա օրոք դրամահավաքություն կա դա փաստ է եւ անառարկելի ճշմարտություն: Դրա մասին ամբողջ Սեւանն է խոսում: Ցավում եմ, որ այս կեղտոտ խաղի մեջ Ա. Նիկողոսյանը ներքաշում է աշակերտներին եւ ստիպում նրանց հանդես գալով այլ անուններով, պաշտպանել իրեն: Տիկին Նիկողոսյան, մաքուր մարդը երբեք պաշտպանության կարիք չի զգում: Եթե դրամահավաքություն չկա, այդ ինչպես է պատահում, որ Գ. Հակոբյանի հոդվածից հետո դպրոցում հավաքված գումարների մի մասը սկսել են հետ տալ:
    Ոմանք խոսում են հանրապետական կուսակցության մասին եւ փորձում այդ կուսակցությանը պաշտպանել: Ամոթ է պաշտպանել մի կուսակցության, որ ներկա մեր բոլոր դժբախտությունների մեղավորն է : Այո, այս դպրոցում գումար չեն հավաքում: Ենթադրենք այդպես է: Բայց փորձեք զրուցել այս դպրոցում աշխատող ձեզ ծանոթ որեւէ ուսուցչի հետ, նա կսկսի տրտնջալ եւ խոսք կբացի օրերս իրենից վերցրած 10 000 դրամի մասին: Իսկ թե դա ինչ գումար է եւ ինչի համար է հավաքվել եւ դրանով տնօրենը, թողնում ենք տնօրենի խղճին

  13. Ես տվյալ դպրոցի ավարտական դասարանի աշակերտ լինելով հանդերց զարմանում եմ ինչպես կարելի է արատավորել ոչ միյան ծնողների այլև մեզ աշակերտներիս անարատ մտքերը փոխարինել անհիմն զավեշտալի կեղծ ցուցմունքներով: Մենք վստահ կարող ենք ասել որ ունենք անշահախնդիր և առաքինի տնօրեն, քանզի վկա եմ որ մեր ավարտական դասարանում ոչ մի տեսակի դրամահավաք չի եղել բացի ավարտական վինետկայի համար: Հանգիստ թողեք մեր դպրոցի տնօրենին: Ամոթ է, զգաստացեք…

  14. Մարինե says:

    Հարգելի Զավեն, անպատասխանատու հայտարարություններ անելուց առաջ, մտածեք ու նոր գրեք ,քանի որ դուք դպրոցի մասին եք գրում,նախ այսօր ում կարող ես ստիպել,պարտադրել,:Առավել ևս ծնողներս՝ մեր իրավունքները լավ գիտենք ու չենք էլ վախենում :Այդ դպրոցի տնօրենը իրոք պաշտպանության կարիք չի զգում,քանի որ օրենքի տառը բռնած է աշխատում ,իսկ պարոն Զավեն գուցե դուք տնօրենի նկատմամբ անձնական թշնամանք ունեք ,որ այսպիսի զրպարտություն եք տարածում: Կարծես թե սկսում ենք հասկանալ ձեր ով լինելը,ամոթ է տղամարդ եք ,փորձեք կանգնել դեմ առ դեմ ու ասել այս ամենը,եկեք այս դպրոց ու կհասկանաք,որ վիրտուալ խոսքերը ավելորդ էին:Նա անգամ թույլ չի տալիս աշակերտներին խառնվել այս< >,քանի որ գիտի թե ով է այս ամենի հեղինակը,ով է փորձում ջուրը պղտորել ու ձուկ որսալ:Սա երևի նրա արդյունքն է,որ նրա պաշտոնավարումից սկսած այս դպրոցը հաղթանակներով է ողողված:Սա նախանձի արդյունքն է, ուրիշ ոչ մի բան:

  15. Հարգելի մեղադրողներ իսկ դուք ինչ իմացաք, որ տիկին Գոհարի տպաց նյութը համապատասխանում է իրկանությանը:Ես լինելով թիվ 1 դպրոցի ավարտական դասարանի աշակերտ հերքում եմ այս մեղադրանքները:Իսկ դուք օտարներտ տեղյակ չլինելով դպրոցի անց ու դարցին ինչ մեկնաբանություններ եք անում դպրոցի և տնօրենի հասցեին:Պարոն Զավեն և տիկին Անահիտ կարելի է իմանալ դուք այդ դպրոցի ծնող եք? Մեր դասարանը այն դասարանն է, որին դպրոցում ամենաշատն է օգնել տնօրենը:

  16. Karen says:

    Մեր հասարակության վատն էնա, որ վատ երևույթներն արձանագրողներին մեծարելուփոխարեն նրանց դարձնում են վատամարդ, իսկ դրա պատճառը իշխանությունը չարաշահողների ձեռքում լինելնա, ու առանց այն էլ աղքատացած ժողովրդին նորից աղքատացնելը։ այստեղ էականն այն չի թե այդ տնօրենն ովա կամ գրողներն ովքեր են, էտ համատարած երևույթա ու առկա է 95% տեղերում ու դժվար էլ էս դպրոցը բացառություն լինի։ Իսկ մեղավորներն էլ նման մարդկանցը պաշտպանողներն են, որ իրանց աշխատանքը «չկորցնելու» վախից

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728