Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիս Պապը եկեղեցական դոկտորի կոչում շնորհեց Ս. Գրիգոր Նարեկացիին. «Եռագոյն»

Փետրվար 23,2015 23:03

Շաբաթ, 21 Փետրուար 2015-ին, Ֆրասիս պապը առանձնական ունկնդրութիւն շնորհեց Սուրբերու դատի ժողովի կառավարիչ` քարտինալ Անճելօ Ամաթոյին եւ ունկնդրութեան ընթացքին վաւերացուց Սուրբերու դատի ժողովի քարտինալական դասին եւ եպիսկոպոսներուն լիանիստ գումարի դրական վճիռը` ”Տիեզերական եկեղեցւոյ վարդապետի տիտղոս” շնորհելու` հայ միջնադարեան հոգեւորական, աստուածաբան, բանաստեղծ, երաժիշտ եւ փիլիսոփայ Սուրբ Գրիգոր Նարեկացիին: Այս մասին կը հաղորդէ «Ռատիօ Վատիկան»-ը:

Նարեկացին համարուած է հայ գրականութեան վերածնունդի հիմնադիրը:Անոր ամէնէն յայտնի ստեղծագործութիւնն է «Մատեան Ողբերգութեան»-ը, որ աւելի հանրածանօթ է իբրեւ «Նարեկ» աղօթագիրք:

Անոր կեանքի ու կենսագրութեան մասին շատ քիչ տեղեկութիւններ պահպանուած են: Յայտնի է որ Գրիգոր Նարեկացին ծնած է Վասպուրական նահանգի Ռշտունի գաւառին մէջ, Վանայ Լիճի հարաւային ափերը գտնուող` Նարեկ գիւղին մէջ, մօտաւորապէս ` 951 թուականին: Ան Անձեւացի գաւառի Խոսրով Եպիսկոպոսին որդին էր:

Մանուկ հասակին, Գրիգոր Նարեկացին յաճախած է Ռշտունեաց աշխարհի Նարեկ գիւղի վանքը, ուր իր եղբօրը հետ միասին դաստիարակութիւն ստացան  Անանիա Նարեկացիի կողմէն: Ուսումը աւարտելէ ետք Սուրբ Գրիգոր Նարեկացին վարդապետ ձեռնադրուած է Նարեկայ վանքին մէջ եւ ստացած է վանքին Նարեկ անունը:

Սուրբ Գրիգոր Նարեկացին վախճանած է 1003 թուականին եւ անոր մարմինը թաղուած է Նարեկի վանքին մէջ: Անոր գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի եղած է շրջակայ հայ բնակչութեան համար, մինչեւ 1915 թուական երբ Նարեկավանքը, Հայոց Ցեղասպանութեան ժամանակ, հիմնովին կը քանդուի:

«Եռագոյն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728