Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանին և Գագիկ Խաչատրյանին պատկանող բիզնեսները եւ էթիկայի հանձնաժողովի որոշումները

Փետրվար 24,2015 13:00
gorcarar

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի անվան հետ կապված մի շարք բիզնես- բացահայտումներ հասարակությունը դեռ չի հասցրել մոռանալ: Օրինակ`եղան մի շարք հրապարակումներ, համաձայն որոնց` Գագիկ Խաչատրյանին են պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, նրա անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ. օրինակ` «Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը և այլն: Այն տեղեկությունների հիման վրա Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, ինչի հիման վրա հարուցվել էր վարույթ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշեց, որ հանձնաժողովը, իհարկե, մի որոշ չափով գտավ, որ կա շահերի բախում, երբ նրա տղաները բիզնեսներ ունեին, բայց նաև պարզվեց, որ Գագիկ Խաչատրյանը գործում է այսպես կոչված «օրենքի շրջանակներում»: Վարուժան Հոկտանյանը մանրամասնեց. «Գագիկ Խաչատրյանն օգտվել էր այն հանգամանքից, որ նույն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, եթե այդ պաշտոնյայի երեխան իր հետ չի ապրում, ապա նրանք չեն հայտարարագրում իրենց գույքն ու եկամուտները. փոխկապակցված անձինք նրանք են, որոնք տվյալ անձի հետ են ապրում: Այստեղ հանձնաժողովը մեր դիրքորոշումը պաշտպանեց, բայց մնացած դեպքում` հորեղբոր տղա և այլն, նրանք փոխկապակցված անձինք չհամարվեցին ֆորմալ առումով. ստացվեց, որ թղթերով ամեն ինչ նորմալ էր»:

Մի նմանատիպ սկանդալ էր հասունացել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի շուրջ: Լուրեր էին տարածվել,  որ «Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել», որտեղ նշված է, որ առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր է կնքվել Հ. Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ, և ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 416 մլն 769 հազար դրամ «Ա/Ճ Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության սահման կմ 177+000-կմ 217+000 առանձին հատվածների հիմնանորոգման» աշխատանքների կատարման համար»: Այս հարցի հիման վրա էլ  «Թրանսփարենսի Ւնթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել էր ԱԺ եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովներին: Վարուժան Հոկտանյանն արդյունքների մասին խոսելով նշեց. «Հանձնաժողովից նորից նույն  պատասխանը ստացանք, որ ֆորմալ առումով Հերմինե Նաղդալյանն այդ ընկերությունը չի տնօրինում: Սա մեզ ստիպում է մտածել կամ ավելի խստացնել պայմանները, օրինակ` ընկերությունը մի համակարգային կառավարման տրվի, որ բացառի տվյալ անձի մասնակցությունը այդ աշխատանքներին, կամ մեխանիզմներ մշակվեն, որ հայտնաբերվի  ընկերության իրական` պրեֆերենցիալ տերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728