Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՂԱՆԴՆԵՐԸ

Փետրվար 27,2015 10:15

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ երեսունյոթերորդ

ՏԱՂԱՆԴՆԵՐԸ

Եվ Հովհաննեսն արհամարհական նայեց Չուգունին ու հարցրեց՝ «ինչի՞ց որոշեցիր, որ ինձ ա ձեռ առնում» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով Չուգունին ասաց՝ «կարող ա քեզ ա ձեռ առնում», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ ձեռ առնելու համար էլ ա շատ փոքր», եւ նախկին համախոհն արհամարհական նայեց Չուգունին ու ասաց՝ «կարծեմ քեզնից ահագին մեծ եմ», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու նախկին համախոհին ասաց՝ «տարիքով ես մեծ», եւ նախկին  համախոհը  քմծիծաղով հարցրեց՝ «բա ինչո՞վ եմ փոքր», եւ  արտահայտվողը փռթկացնելով արտահայտվեց ու ասաց՝ «տաղանդով», եւ նախկին  համախոհը փռթկացնելով արտահայտվողին հարցրեց՝ «կարող ա՞ ինքն էլ ա բնածին գրող», եւ արտահայտվողը  փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «շատ հնարավոր ա», եւ Չուգունն ատելությամբ նայեց արտահայտվողին ու ասաց՝ «կարող ա պարզվի, որ նույնիսկ դու ես տաղանդավոր», եւ նախկին համախոհը ժպտալով Չուգունին ասաց՝ «որ ինքը  տաղանդավոր ա, էդ շուտվանից ա պարզ», եւ Չուգունն արհամարհական նայեց նախկին համախոհին, մի քիչ մտածեց ու հեգնանքով հարցրեց՝ «բա քո՞ տաղանդավոր ըլնելը երբ ա պարզվելու», եւ արտահայտվողը նախկին համախոհի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «իրա տաղանդավոր ըլնելն էլ ա շուտվանից պարզ», եւ Չուգունը զարմացած նայեց արտահայտվողին ու ասաց՝ «էս ձեն-ձենի ե՞ք տվել», եւ նախկին համախոհը  Չուգունին հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ենք ձեն-ձենի տվել», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «տաղանդավորության», եւ նախկին համախոհն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «տաղանդավոր մարդիկ իրար կես խոսքից հասկանում են», եւ արտահայտվողը ժպտալով  արտահայտվեց ու ասաց՝ «տաղանդավորները պիտի իրար թիկունք կանգնեն», եւ նախկին համախոհը ժպտալով ավելացրեց՝ «անտաղանդներն իրանց ճամփեն ինքնուրույն էլ կհարթեն», եւ Չուգունը մի քիչ  մտածեց ու նախկին համախոհին ասաց՝ «որ տաղանդավոր ես, ինչի՞ ես ուրիշների մտքերը կրկնում», եւ նախկին  համախոհը ժպտալով Չուգունին հարցրեց՝ «ո՞ւմ միտքն եմ կրկնում», եւ Չուգունը բավական երկար մտածեց ու ասաց՝ «չեմ հիշում՝ էդ միտքն ով ա ասել, բայց հաստատ գիտեմ, որ դու չես ասել», եւ արտահայտվողն  արտահայտվեց ու փռթկացնելով Չուգունին ասաց՝ «ի՞նչ իմանաս, մինչեւ հաստատ չիմանաս», եւ Հովհաննեսը միջամտելով ասաց՝ «արդեն շատ եք անլրջանում», եւ Չուգունը զարմացած նայեց Հովհաննեսին ու հարցրեց՝ «ո՞վ ա անլրջանում», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բոլորս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն մեկս յուրովի» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «յուրովսան», եւ նախկին համախոհը փռթկացնելով Չուգունին հարցրեց՝ «գոնե գիտե՞ս՝ յուրովսանն ինչ ա նշանակում», եւ Չուգունը բավական երկար մտածեց, արհամարհական նայեց նախկին համախոհին ու հեգնանքով  ասաց՝ «դու գիտես՝ հերիք ա», եւ նախկին համախոհը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էլ չգիտեմ», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ էլ կասկածում», եւ արտահայտվողն ինքնագոհ արտահայտվեց ու ասաց՝ «յուրովսան նշանակում ա յուրովի», եւ  Չուգունն արհամարհական նայեց արտահայտվողին ու ասաց՝ «ապրես, որ բացատրեցիր» եւ մի քիչ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «շնորհակալություն», եւ արտահայտվողը ժպտալով ասաց՝ «խնդրեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «նորեն համեցեք», եւ Չուգունն արհամարհական նայեց արտահայտվողին ու հեգնանքով հարցրեց՝ «դու էլ իսկականից հավատացիր, որ մենք էդ բառի իմաստը չգիտե՞նք», եւ նախկին  համախոհը  ժպտալով Չուգունին ասաց՝ «դու չգիտեմ, բայց ես կյանքումս առաջին անգամ եմ էդ բառը լսում», եւ Չուգունը զարմացած նայեց նախկին համախոհին ու ասաց՝ «էդ արդեն քո պրոբլեմն ա», եւ հիմա, երբ հերթական անգամ Չուգունի Չուգուն մականունը մեծատառով եմ գրում, մտածելով հասկանում եմ, որ նախկին համախոհի ու արտահայտվողի էդ նորաստեղծ նախկին համախոհ ու արտահայտվող մականուններն էլ պիտի մեծատառով գրեի, եւ հետայսու էդպես էլ կանեի, եթե, իհարկե, մտադիր լինեի էդ օրվա խոսակցությունը շարունակել, բայց նման մտադրություն չունեմ եւ չեմ էլ կարող ունենալ՝ ոչ միայն էն պատճառով, որ դրա ցանկությունը չունեմ, այլեւ էն պատճառով, որ եթե նույնիսկ շատ ուզենամ, էլի չեմ կարող էդ օրվա խոսակցությունը շարունակել՝ էն պարզ պատճառով, որ էդ օրվա խոսակցությունը երկար չշարունակվեց, եւ երբ Չուգունը Նախկին համախոհին ասաց՝ «էդ արդեն քո պրոբլեմն ա», Հովհաննեսն անսպասելի Չուգունին հարցրեց՝ «բա քո՞ պրոբլեմը որն ա», եւ մինչ Չուգունը Հովհաննեսի հարցի վրա կմտածեր, Հովհաննեսը շարունակեց ու Չուգունին ասաց՝ «լավ կանես՝ քո պրոբլեմների մասին մտածես», եւ Չուգունը բավական երկար մտածեց ու Հովհաննեսին ասաց՝ «ես որ Մելքոնյան Հովհաննեսի տեղն ըլնեի, սրանց էսքան էրես չէի տա», եւ  Հովհաննեսն արհամարհական նայեց Չուգունին ու քամահրանքով ասաց՝ «ես շատերին եմ էրես տվել», եւ Արտահայտվողն արտահայտվեց ու Չուգունին  ասաց՝ «դու Մելքոնյան Հովհաննեսի տեղը չես կարա ըլնես», եւ Չուգունը զզվանքով նայեց Արտահայտվողին, մի քիչ մտածեց ու Հովհաննեսին հարցրեց՝ «սրանց քծնանքը քո դուրը գալիս ա՞», եւ Հովհաննեսն անսպասելի պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ում դուրը չի գալիս, կարա փասափուսեն քաշի», եւ Չուգունը զարմացած նայեց Հովհաննեսին, մի քիչ մտածեց ու կտրուկ վեր կենալով՝ հեռացավ, ու էդ պահին ինձ թվում էր թե՝ Չուգունն այլեւս չի վերադառնա Հովհաննես Մելքոնյանի շրջապատ, եւ երբ հաջորդ իսկ առավոտ Չուգունին նույն էդ սրճարանում Հովհաննես Մելքոնյանի շրջապատում տեսա, սկզբում շատ զարմացա, մանավանդ որ՝ իրենց հետ նույն սեղանի շուրջ Պարկետչիկ Հրաչն էլ էր նստած, բայց հետո մտածելով հասկացա, որ Չուգունի էդ արագ ու անսպասելի վերադարձը շատ էլ տրամաբանական եւ նույնիսկ բնական էր, որովհետեւ  սկսնակ ու մանավանդ անհաջողակ գրողների ու բանաստեղծների համար Հովհաննես Մելքոնյանի շրջապատը Գրողների միության պես բան էր:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728