Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Ավետիսյանի հարցը հասավ Եվրադատարան

Փետրվար 27,2015 12:15

«Վոլոդյա Ավետիսյանի գործը դատական չէ, այլ քաղաքական: Դատարաններն այս գործի շրջանում հերթական անգամ ցույց տվեցին, որ չեն կարող իրականացնել արդարադատություն, այլ կատարում են իշխանության պատվերը»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով (խարդախություն՝ խոշոր չափերով)։ Այնուհետև Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը դիմեց Վերաքննիչ դատարան, որը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Բերվել է նաև վճռաբեկ բողոք, որը մերժվել է: Ուստի սպառելով ՀՀ-ում դատական բոլոր ատյանները՝ պարոն Զաքարյանն ասաց, որ դիմելու են Եվրադատարան:

Նա նշեց, թե Վոլոդյա Ավետիսյանի գործով կոպիտ խախտումներով որոշում են կայացրել՝ հիմնվելով ընդամենը տեսագրության վրա. «Եթե նույնիսկ Վոլոդյա Ավետիսյանը կատարած էլ լիներ այդ հանցագործությունը, ապա ակնհայտ բիրտ  պատիժ էր: Դատարանը որոշեց նրանից երկու հազար ԱՄՆ դոլարով տուգանել Վոլոդյա Ավետիսյանին, իսկ նման պատիժ սահմանված չէ: Խնդիր էր դրված ընտանիքին պատճառել հնարավորինս մեծ ցավ»:

Մեր այն հիշեցմանը, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարում է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, պարոն Զաքարյանն արձագանքեց. «Որևէ պաշտոնյա չի կարող ասել մի այնպիսի բան, որը իշխանությանը դեմ է լինելու: Սակայն բացի Վոլոդյա Ավետիսյանից ՀՀ-ում կան նաև այլ քաղբանտարկյալներ, բայց դրանցից որևէ մեկին իշխանությունները չեն ընդունում, որ քաղբանտարկյալներ են»:Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, «Ի Պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի  հանձնախմբի» համակարգող  Գագիկ Սարուխանյանը ներկայացրեց Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը, որտեղ նա դիմում է իր մարտական ընկերներին՝ ազատվել հանցավոր ռեժիմից. «Վերից խանը հրամայել է, բոլորը օրենքները բերում են այդ գործի տակ ու քողարկում, ուղղակի կատարում են խանի հրամանը: Եթե անգամ Վոլոդյա Ավետիսյանը կատարել է այդ հանցագործությունը, ապա դատարանում դա չի ապացուցվել: Իրենց իսկ ձևով բիրտ ուժով և զոռբայությամբ պետք է վերականգնենք արդարությունը: Մենք անցյալում կեղտոտված չենք, այսօրվա ռեժիմի հետ համագործակցելու համար: Գնանք Վոլոդյայի տուն, կտեսնենք՝ արդյոք դա կաշառակերի տո՞ւն է ու գնանք այսօրվա օլիգարխների տուն: Նրանց մեկ տեխնիկան կարող է արժենալ Վոլոդյա Ավետիսյանի ամբողջ ունեցվածքը»:

Հարցին՝ Վոլոդյա Ավետիսյանը վտա՞նգ էր ներկայացնում ՀՀ իշխանություններին, որ նրա հետ այդպես վարվեցին, պարոն Սարուխանյանն արձագանքեց. «Կարծես թե վտանգ չէր ներկայացնում: Այս ռեժիմն անգամ քվոտավորել է ընդդիմությանը: Անգամ դա պետք է տեղավորվի իր կառուցած պետության մեջ: Երբ Վոլոդյա Ավետիսյանը սկսեց նստացույցը, աննախադեպ ազատամարտիկների հոսք եղավ դեպի Ազատության հրապարակ, և դա նշանակում էր, որ Վոլոդյա Ավետիսյանը կարող է դառնալ այնպիսի մի շարժման առաջնորդ, որը կարող է անկառավարելի լինել: Այնինչ իրենք արդեն ամեն ինչ դասավորել են. այս մասը երկրապահն է կոնտրոլի տակ, որին պետբյուջեից գումարներ են տրամադրում»: Դառնալով այն հայտարարություններին, թե ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ պարոն Սարուխանյանն ասաց. «ՀՀ-ում ունենք ընդգծված այլ քաղբանտարկյալներ, քաղբանտարկյալ է նաև Հայկ Կյուրեղյանը և այլք: Հայկ Կյուրեղյանի կատարածը նորմալ երկրում տուգանքի արժանի գործողություն է: Նա աննախադեպ պատիժ են կիրառել: Եթե ժամանակին ասում էին, որ սա իրավական բեսպրեդել է, ապա այսօր ՀՀ-ում իրավական խնդիրը մտել է այլ փուլ: Հիմա իրավական իրավական տեռորի վիճակում են, որը օրինականացնում է այս ռեժիմը: Այդ տեռորը բոլոր շերտերում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728