Լրահոս
Օրվա լրահոսը

Վերապատրաստման դասընթացներ երիտասարդ ՀՀԿ-ականների համար Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից

Փետրվար 27,2015 17:21

Փետրվարի 27-ին Հայաթ Փլեյս հյուրանոցում մեկնարկեցին գերմանական Կոնրադ Ադենաուեր  հիմնադրամի կողմից կազմակերպված երիտասարդ ՀՀԿ-ականների վերապատրաստման եռօրյա դասընթացները` «Քաղաքական առաջնորդություն և բանակցություն. տեսություն և պրակտիկա» թեմայով:

Ծրագրի մեկնարկը տրվեց ԿԱՀ տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդի ողջույնի խոսքով, որի ընթացքում ընդհանրացված կերպով ներկայացվեց հիմնադրամի գործունեությունը, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև վերջինիս կողմից իրականացվող ծրագրերը:

Ողջույնի խոսքին հաջորդեց ՀՀԿ  երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանի ելույթը և զեկուցումը «Որոշումների կայացման ընթացակարգը կուսակցությունում» թեմայով: Զեկուցման ընթացքում հարց ու պատասխանի արդյունքում երիտասարդները ստացան իրենց հուզող տեսական և գործնական մի շարք հարցերի պատասխաններ, ծանոթացան կուսակցությունում որոշումների ընդունման ընթացակարգին, նրբություններին և ստացան դրանց  հիմնավորումները: Իր խոսքում պարոն Ավագյանը կարևորեց կուսակցական երիտասարդների շրջանում նմանատիպ դասընթացների անցկացումը` որակյալ, տեղեկացված և մրցունակ կադրերի պատրաստման տեսանկյունից:

Զեկուցմանը հաջորդեց ԵՊՀ  քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ ամբիոնի դոցենտ Դր. Ալեն Ղևոնդյանի ինտերակտիվ դասախոսությունը` «Քաղաքական և կուսակցական» առաջնորդություն թեմայով: Դասախոսությունն անցավ բավականին ակտիվ քննարկման ուղեկցությամբ, որի ընթացքում բանախոսը ճշգրտումներ կատարեց թեմայի շուրջ երիտասարդների պատկերացումների վերաբերյալ և որոշ պրակտիկ խորհուրդներ տվեց հետագա քաղաքական գործունեության համար:

Ծրագրի առաջին օրվա 3-րդ բանախոսը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Դր. Ռուբեն Աղուզումցյանն էր, ով ներկայացրեց քաղաքական բանակցությունների ոսկե կանոնները, այնուհետև փոքրիկ թեստի միջոցով երիտասարդներին հնարավորություն տվեց բացահայտել բանակցային հարթակում 5 ստրատեգիաներից յուրաքանչյուրին տիրապետելու մակարդակը, ինչպես նաև ուղղություն ցույց տվեց բանակցային հմտությունների կատարելագործման համար:

Դասընթացների առաջին օրվա ընթացքում նախատեսված է ևս մեկ դասախոսություն` «Արժանահավատ և համոզիչ ճառը` որպես հաջողակ առաջնորդության գրավական.հռետորության հմտություններ» թդմայով, որը վարելու է ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը: Դասախոսության ավարտին հաջորդելու է փոքրիկ խմբերով գործնական աշխատանք «Հռետորությունը կուսակցական առօրյայում» թեմայով:

Հիշեցնենք, որ ծրագիրը շարունակվելու է նաև առաջիկա 2 օրերին, որի ընթացքում երիտասարդ կուսակցականները կստանան  քաղաքական առաջնորդության և բանակցությունների բնագավառին առնչվող ոչ միայն տեսական, այլև պրակտիկ գիտելիքներ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728