Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասված բարեփոխումների մեկնարկը՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում

Փետրվար 27,2015 17:34

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստ:

Նիստի  ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՄԱԿ մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսը ստորագրել են «Խոցելի երեխաների սոցիալական ներառում, այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում» ծրագրի Փոխըմբռնման հուշագիրը:

Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունելով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն տիկին Քարեն Հիլիարդին, ՄԱԿ մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսին, ազգային հանձնաժողովի անդամներին, հյուրերին՝  նշել է, որ հուշագրի ստորագրումով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում շատ կարևոր բարեփոխումների մեկնարկ է ազդարարվում  մեկ գլխավոր նպատակով՝ «Երեխան պետք է ապրի ընտանիքում»:

«Նպատակն իրագործելու հստակ ճանապարհը այլընտրանքային ծառայությունների՝ խնամքի, սոցիալ-վերականգնողական և այլ կենտրոնների ստեղծումն է, որոնք հնարավորություն կտան երեխային պահել ընտանիքում: Որքան էլ որ հաստատության պայմանները լավը լինեն, հնարավոր չէ դրանք փոխարինել ընտանիքում ստացած ջերմությամբ և խնամքով:  Մեր քաղաքականությունը հստակ է. Հայաստանի Հանրապետությունում կարող է և հնարավոր է չլինեն մանկատներ»,-իր խոսքում ընդգծել է նախարարը:  Արտեմ Ասատրյանը կարևորել է նաև խոցելի ընտանիքների կարիքների խորքային գնահատումը, դրա հիման վրա անհատական ծրագրի կազմումը, ինչը հնարավորություն կտա հասկանալ այն պատճառները, որոնց հետևանքով երեխան հայտնվում է հաստատությունում:

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Քարեն Հիլարդն իր հերթին ողջունել է ՀՀ կառավարության՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ու նրանց ընտանիքների կենսապայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներ ու  շահագրգիռ  կողմերի հետ համագործակցությունը:  Տիկին Հիլարդը շեշտելով  բարեփոխումների իրականացման ընթացքում հնարավոր բարդություններն ու խոչընդոտները՝ մեկ անգամ ևս կոչ է արել  բոլոր կողմերին առաջնորդվել՝ «Յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ապահով ընտանեկան միջավայրում և զերծ լինի բռնությունից և շահագործումից» տեսլականով:

ՄԱԿ մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսը Փոխըմբռնման հուշագրի ստորագրումով երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի այսօրվա նիստը շրջադարձային է համարել, քանի որ երեխայի բարեկեցությանն ուղղված հուշագիրը հստակ նախանշում է կողմերի դերերն ու պարտականությունները առաջիկա 5 տարիների ընթացքում:

ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստի ընթացքում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հնչել են նաև առաջարկներ ոլորտում առկա խնդիրները  համատեղ լուծելու ուղղությամբ: Քննարկվել են ներկայացված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ գործընկեր կազմակերպությունների կողմից հնչած առաջարկությունները:

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728