Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվությունն ազգային ֆեդերացիաների համագործակցության կարեւոր բաղադրիչ է

Փետրվար 28,2015 13:30

Օրերս Լոուվենում, որը Բելգիայում ուսանողական երիտասարդական քաղաքի համբավ ունի, բադմինտոնի Եվրոպայի խառը զույգերի թիմային առաջնությանը զուգընթաց՝ մարզաձեւի եվրոպական կոնֆեդերացիան, մեդիայի պատասխանատու Մանուել Ռոսսելի ղեկավարությամբ, առաջին անգամ կազմակերպել էր ազգային ֆեդերացիաների մամուլի քարտուղարների սեմինար պարապմունք:

Հրավիրվել էին եվրոպական բոլոր ազգային ֆեդերացիաների մամուլի քարտուղարները: Նրանց թվում եղել է նաեւ Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի մամուլի նորանշանակ խոսնակ, մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը:

«Առավոտը» գործընկերոջից հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ են քննարկվել այդ սեմինար պարապմունքում:

– Հայաստանի մասնակցությունը չզարմացրե՞ց կազմակերպիչներին:

– Այդպիսի նախաձեռնություն առաջին անգամ էր կազմակերպվել: Մանուել Ռոսսելը նշեց, որ ազգային շատ ֆեդերացիաներ անտեսում են մամուլի քարտուղար ունենալու անհրաժեշտությունը եւ նրանց չեն գործուղում իրենց հովանու ներքո անցկացվող միջոցառումներին: Այս անգամ էլ բացառություն չէր եղել: Բելգիա ժամանել էին եվրոպական կոնֆեդերացիայի անդամ 23 ֆեդերացիաների մամուլի քարտուղարներ: Ընդ որում, ԱՊՀ երկրներից ներկա էին միայն Հայաստանն ու Լիտվան: Եվ քանի որ սա Հայաստանի առաջին մասնակցությունն էր, այնտեղ, իսկապես, հաճելիորեն զարմացած էին:

– Ո՞րն էր քո` Բելգիա մեկնելու առաջադրանքը:

– Ես այնտեղ տեղեկացրի, որ Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիան ունի նոր նախագահ` ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, նոր ղեկավար կազմ, որը բադմինտոնի զարգացման նոր ծրագրեր է դրել իր առջեւ ու ցանկություն ունի հետեւողականորեն դրանք իրականացնել: Առաջին քայլը եվրոպական կոնֆեդերացիային պատշաճ ձեւով ներկայանալն էր ոչ միայն այս կամ այն մրցմանը մարզիկների մասնակցությամբ, այլեւ ֆեդերացիայի աշխատանքներով:

– Այդ հարցում մամուլի քարտուղարի դերակատարությունը ո՞րն է լինելու:

– Նախկինում Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիան մեծ ծավալի աշխատանքներ եւ հնարավորություններ չի ունեցել եւ մարզաձեւը լուսաբանվել է առիթից` առիթ, առաջնությունից` առաջնություն: Հիմա իրավիճակը փոխվել է: Ֆեդերացիայի առաջնահերթությունը բադմինտոնը Հայաստանում տարածելն ու մասսայականացնելն է հատկապես պատանիների, դպրոցահասակների շրջանում, որի համար համապատասխան գույք Աշոտ Աղաբաբյանն իր միջոցներով արդեն ձեռք բերել է: Մոտ օրերս այն կբաժանվի հանրակրթական դպրոցներին, որտեղ 1-ից մինչեւ 3-րդ դասարանների աշակերտների համար կկազմակերպվեն բադմինտոնի պարապմունքներ: Մամուլի քարտուղարի դերը հայ հասարակությանն ու մարզաձեւի եվրոպական կոնֆեդերացիային մեր աշխատանքների մասին մշտապես իրազեկելն է, տեղեկատվական սերտ կապ պահպանելը: Մասնավորապես, կցանկանայինք, որպեսզի այստեղ կատարվող աշխատանքները պարբերաբար տեղ գտնեն եվրոպական կոնֆեդերացիայի պաշտոնական կայքում, տպագրվեն իրենց հրատարակած ամսագրում, ինչը ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը եւ կարող է օգնել այլ ազգային ֆեդերացիաների հետ համագործակցություն հաստատելուն:

– Այսինքն, աշխատանքային համագործակցության հաստատում նաեւ լրատվությա՞ն օգնությամբ:

– Ինչո՞ւ չէ: Ճիշտ է, այնտեղ գիտեն, որ Հայաստանը բադմինտոնում դեռ այն երկիրը չէ, որ ինֆորմացիայի հեղեղ ապահովի: Բայց ձեր ասած աշխատանքային համագործակցության առաջին քայլերն արդեն արվել են: Բելգիայում Լիտվայի ներկայացուցիչների հետ զրույցում նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանում միջազգային մրցումներ անցկացնելու դեպքում նրանք մասնակցեն: Իրենք էլ խոստացան հայ բադմինտոնիստներին հրավիրել: Ես Եվրոպայի կոնֆեդերացիայի ներկայացուցիչներին առաջարկեցի, որպեսզի Հայաստանին հեռուստատեսային որեւէ եթերով Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչների ցուցադրման իրավունք տան, ինչը կնպաստի մարզաձեւն ավելի ճանաչելի դարձնել նաեւ մեր երկրում: Հետաքրքրեց, եւ նրանք խոստացան այդ խնդիրը քննարկել: Տեղեկացրի նաեւ, որ Հայաստանն անցկացնում է Համահայկական համաշխարհային խաղեր, որը ըստ էության աշխարհի հայերի օլիմպիական խաղեր է, որի ծրագրում ընդգրկվել է նաեւ բադմինտոնը: Զարմացան եւ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ իրենց չեն հրավիրում: Բացատրեցի, որ դա միայն հայերի համար է եւ եթե իրենք գտնեն հայ բադմինտոնիստների, նրանք կարող են մասնակցել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728