Լրահոս
Օրվա լրահոսը

Քննություն

Մարտ 02,2015 11:38
qnnutyun

– Արթնացիր։

Մութ է։ Մարմինս չեմ զգում, բայց չգիտես որտեղից եկող ձայնը գալիս ու անարգել մտնում է լսողական զգայարաններիս մեջ։ Ուղեղս դիմադրում, բայց և դժկամությամբ տեղի է տալիս։ Ձայնը լսում եմ։ Դեմքիս վրա օտար շնչառություն եմ զգում, բայց աչքերս չեն բացվում։ Դեռ ավելին՝ ինձ անհասկանալի ձևով դանդաղ ճոճվում եմ տարածության մեջ, իսկ փակ կոպերիս և աչքերիս մեջ ընկած տարածքում փոքրիկ գունավոր օղակներ են պտտվում։

– Չէ, այսպես չի արթնանա։

Ձայնային քննարկումից ինձ էլ հայտնի դարձավ, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը պետք է արթնանա ու չգիտես ինչու չի արթնանում։ Հետաքրքիր է ո՞վ այդ քնկոտը։ Ուղեղիս կիսագնդերը մասամբ արթնացել ու ծուլորեն ուրիշի գործերն են անալիզ անում։

– Հիմա կարթնանա։

Դեմքիս անդուր սառնություն եմ զգում, այն դանդաղորեն հոսում է դեպի վիզս։ Օղակները կամավոր հեռանում են, իսկ աչքերս ինքնաբերաբար բացվում։ Հարցական նայում եմ վրաս կռացած դեմքերին։

– Այսօր մաթեմատիկայի քննության ենք։

– Մեզ ինչ, – ուղեղիս կիսագնդերն են ծուլորեն քննարկում իրար հետ։

Աչքերս իրենց ծանոթ գունավոր օղակներին տեսնելու ցանկությամբ  նորից ուզում են փակվել։ Մարմնիս մնացած մասերն էլ դեռ քնած – թմրած վիճակում են։ Այս պահի դրությամբ ուղեղս դեռ հարմար չի գտել նրանց գործողության մեջ դնել։

– Վեր կաց։

– Բանակային հրամանի կարիք չկա, մենք մեր ծառայությունը վաղուց ենք ավարտել, այն էլ հակաօդային հրթիռային ուժերում, – համերաշխորեն շարունակում են անձայն բանավեճն ուղեղիս կիսագնդերը դրսից եկող հրամանի դեմ, – այս պահին դա էր մեզ պակասում, մնում է բանակային ««տագնապ«« հրահանգ էլ ստանանք։

Ձայնի կողմից մի քանի ձեռքեր են գալիս դեպի ինձ, քաշում հանում անկողնուց դուրս, կանգնեցնում։

– Օգնեք շորերը հագցնենք։

– Ինչ իմաստ ունի, ոչ մի բանի ի վիճակի չէ։

– Դուք օգնեք, իմաստը իմ գործն է, տեսաք սառը ջուրն ինչ արեց, – խորհրդավոր տեսքով կողքիններից է պահանջում արթնացիր հրահանգի հեղինակ Սեյրանը։

Ինչ-որ տեղ, ուղեղիս ձախ կիսագնդի հեռավոր խորքերում լույս է վառվում՝ աստիճանաբար լուսավորելով մնացած մութ անկյունները։ Մարմնիս առանձին մասերի զգացողությունը կամաց – կամաց հետ է       գալիս։ Անտանելի վատ եմ զգում, ոտքերս հազիվ են ենթարկվում, իսկ           բերանս այդպես էլ չի բացվում՝ ոնց – որ սոսնձված լինի։ Սևոյի            օգնությամբ ուսանողական հանրակացարանի հինգերորդ հարկից դանդաղ իջնում եմ։ Տաքսի ենք նստում։ Փորձում եմ ժամանակային առումով հետ գնալ՝ ոնց – որ կատարվածի տեսագրությունը ուղեղիս մեջ չի ջնջվել։                Ճիշտ է, վատ որակի է, բայց կատարվածը հիշել ստացվում է։ Սևոն՝ Սեյրանը, ինձ հետ սովորում է նույն ուսումնական խմբում ու հիմա ինձ տաքսիով տանում է Պոլիտեխնիկ՝ Ճարտարագիտական համալսարան, մաթեմատիկայի քննության։ Երեկ նախաքննական օր էր ու ես ամբողջ         օրը նախորդ երկու օրերի նման ուսանողական հանրակացարանի ընթերցասրահում մաթեմատիկա եմ կրծել։ Ուշ երեկոյան շրջանից Արթուրն եկավ։ Նոր Տարուց հետո մեր առաջին հանդիպումն էր։ Այդ կարևորագույն պահը նշելու համար տնից մաճառ ու ընկույզ էր բերել։ Մի – մի բաժակ մաճառ խմեցինք, շատ լավն էր։ Որ ասես գինի էր՝ գինի չէր, շամպայն        ասես՝ շամպայն չէր, այլ շամպայնի նման գազավորված, բայց յուրահատուկ համով գինի էր։ Հաջորդ բաժակները խմվեցին հավաքված խմբի կողմից որակի մասին զարմացական համընդհանուր հավանության կարծիքներ արտահայտելով։ Սամոն փքվեց․ մեր գյուղի պես ոչ մի տեղ լավ գինի չեն կարողանում պատրաստել։ Անձամբ ես չվիճարկեցի, քանի որ մաճառ ասվածն առաջին անգամ էի խմում։ Միջբաժակյան շրջանը ծածկում          էինք միայն ընկույզ համտեսելով, քանի որ այլ ընտրություն չկար։ Բոլորիս տրամադրությունը շատ բարձր էր, լավ ժամանակ անցկացրինք։ Հետո․․․ Հետոն իմ ուղեղի տեսագրությունում էլ չկար։ Ենթադրելի է, որ երբ մաճառը վերջացել է, տղերքն իրենց սենյակներն էին գնացել քնելու։

Տաքսու վարորդի կողքին նստած Սևոն հաճախակի շրջվում է դեպի հետ ստուգելու իմ տեխնիկական վիճակը։ Վիճակս վիճակ չէ։ Հրահանգում է վարորդին․

– Դանդաղ քշի։

Տեղ հասանք։ Մաջիթն ուսումնական մասնաշենքի առաջ հետ ու առաջ էր քայլում՝ հաճախակի ձեռքի ժամացույցին նայելով։

– Լավ էր տեղ հասաք, – շունչը տեղն է բերում ու շարունակում՝ դիմելով ինձ, – տղերքը քեզ հետ խոսելու բան ունեն։

Բարձրանում ենք ուսումնական մասնաշենքի երկրորդ հարկ, հավաքվում միջանցքի վերջում։

Տղաները Ամերիկան նոր հայտնաբերածի տեսքով նայում են ինձ։ Երևում է առանց ինձ հույժ կարևոր որոշում են ընդունել։

– Հիմա մի տարօրինակ բան կլսես, – կանխագուշակում է ուղեղս, – սրանք մի փորացավ կունենան։

– Ավագ, իմացել ենք, – ժպտերես դեմքով բոլորի կողմից հաղորդեց ինձ Հրաչը, – մեր Մաթեմը կոնյակի նկատմամբ մեծ սեր ունի, իր նախընտրած մակնիշից երկու հատ ճարել ենք։ Մեկն իրեն ես տալիս, մյուսն էլ դեկանին, դե Նոր Տարի էր, այդ պատրվակն օգտագործենք․․․․

Մաթեմը տարեց, արծվաքիթ, մի ոտքը կաղ մեզ մաթեմատիկա դասավանդող դասախոսն է։ Լավ մասնագետ է։ Դեռ ավելին, ով փորձում է դասը խանգարելու պատրվակ գտնել, այնպիսի պատասխան է տալիս, որ չարաճճին համընդհանուր ծիծաղի առարկա է դառնում։ Առաջին դասին դասախոսություն կարդալուց հետո գրատախտակին խնդիր գրեց և իրեն ուշադիր լսած երեք ուսումնական խմբերի 75 ուսանողներիս առաջարկեց լուծել այն։ Տիրեց չարագուշակ լռություն։

– Ընդունակությամբ, մեղմ ասած, չեք փայլում։

Վիրավորանքն ինձ համար անընդունելի է։ Այդ ժամանակ ես անխոս բարձրացա տեղիցս, մոտեցա գրատախտակին, իր գրառումների մեջ եղած ազատ տողամեջերն օգտագործելով խնդիրը լուծեցի, կավիճը շրխկոցով տեղը դնելով գնացի տեղս նստելու։

– Հետ արի։ Գրեցիր լավ արիր, քո գրածն ո՞վ պետք է մաքրի, – ձայնի տոնը մեղմ, ընկերական էր։

– Բանակում ծառայել ե՞ս։

– Այո։

– Ամուսնացած ե՞ս։

-Ոչ։

– Այս տղան երկու պուլյուս ունի, – ինքն անընդհատ պլյուսը պուլյուս էր ասում, – բանակում ծառայել է և ամուսնացած չէ, աղջիկներին դա կառաջարկեյի նկատի ունենալ։

Լսարանը համերաշխ ծիծաղեց․ ուղղակի ստիպված էի պատասխան հարված տալու․

– Գիտե՞ք, մեր խմբի Մարինայի պլյուսից ոչ ոք չունի։

Մաթեմի դեմքը լարվեց, կողմնորոշումից ընկավ, հարցական նայելով ինձ։

– Մարինա, ականջներդ շարժի։

Առաջի շարքում նստած Մարինան առանց ձեռքի հպման միաժամանակ շարժեց երկու ականջների բլթակները։ Լսարանն երկար ժամանակ ծիծաղից չէր հանդարտվում։ Ես հաղթականորեն նստեցի տեղս։

– Բա որ ասում էի որ սրանք դեռ հում են, չէիր ընդունում – ուղեղիս մեջ բանավեճ է սկսում աջ կիսագունդս ձախի հետ, հիշեցնելով իր կանխագուշակումը, – հա, հասկացանք խմբի ավագն ենք, հասկացանք դասախոսը մեզ հարգում է։ Բայց դեռ մեր էս վիճակում պետք է կոնյակային բանակցություններ վարե՞նք, երբ ոտքի վրա հազիվ ենք կանգնում։ Չեն էլ տեսնում, որ դեռ մինչև հիմա արտահայտման համար բերանը չի կարողանում բացել, կուրացե՞լ են քննության վախից․․․․

Ճիգ եմ անում խոսել, սրանց բան հասկացնել, բերանս չի բացվում, ծնոտներս դեռ քարացած վիճակում են։ Դեռ ավելին, բերում են կոնյակները բաճկոնիս վերևի բացվածքով ծոցս գցում։

Առաջին անգամ խմբի տղաներն առանց ինձ հետ խորհրդակցելու ««հանճարեղ«« որոշում են ընդունել, ու հիմա իրենց որոշումից հիացած սպասողական ինձ են նայում։

Չէ, սրանք լրիվ ցնդել են։

Աջ ձեռքս բարձրացնելով ցույց եմ տալիս տուալետ բոլորիս գնալն ու գնում։ Մինչ մնացածն էլ կհասցնեին մտնել տուալետ, կոնյակներից մեկը բաճկոնիս տակից ընկավ, կոտրվեց։

– Ասում եմ լավ չի զգում իրեն, չեք հավատում, – բռնկվեց Սևոն ու բաճկոնիս տակից հանելով անվնաս մնացած մյուս շիշը, տվեց տղերքին, – վերցրեք ձեր կոնյակն, իրեն էլ հանգիստ թողեք։ Կուրացե՞լ եք, չե՞ք տեսնում որ այնքան վատ է զգում, որ բերանը չի բացվում։

Որպես ուսումնական խմբի ավագ պետք է քննության սկզբից քննական լսարանի մոտ դասախոսին դիմավորեմ։ Դասախոսը գալիս Է         ու լսարան մտնելուց առաջ ինձ հրահանգում ․

– Սկսեցինք, առաջին 4 հոգին թող հերթով ներս գան։

Մտնում են։ Ես որպես ավագ ներս մտնողների հոսքը պետք է քննության ընթացքում կարգավորեմ, ինքս էլ քննասենյակ մտնեմ վերջի 4 – 5 հոգու մնալու դեպքում։ Անտանելի վատ եմ զգում։ Չէ, այս վիճակով մինչև քննության վերջը հաստատ չեմ դիմանա։ Մտնեմ տոմս քաշեմ։

– Մի ուշացնի, քննությունդ հնարավորինս շուտ հանձնի, – ուղեղս է շարունակում սղոցել կիսագնդերի համատեղ որոշումը անընդհատ մատուցելով, – մի ժամ դեռ քեզ կարող ենք լիարժեք ծառայել, երեկվանից հետո քո վերականգնմանւ համար մոտ 10 ժամ պարտադիր քուն է պետք։ Նկատի ունեցի, խոսակցականդ հիմա չի աշխատելու։ Ծնոտներիդ մկանները ջղաձգված են, մեր կողմից իրենց ուղարկված հրահանգը չի կատարվում ․․․

Ուզում եմ ներս մտնել, Սևոն ու Մաջիթն երկու կողմից ստվերների նման ինձ զուգահեռ շարժվում են առաջ․ ակնհայտորեն իմ օգնության կարիքն ունեն։

Սևոն ու Մաջիթը մաթեմատիկայի ընդունելության քննության ժամանակ ինձնից առաջ էին նստած: Հարմար պահն որսալով իրենց խնդիրների լուծումը թելադրեցի։ Իսկ հայ գրականության քննության ժամանակ ազգությամբ եզիդ Մաջիթը կողքիս էր նստած։ Երբ աչքի տակով նայեցի գրածը, բազմաթիվ ուղղագրական սխալներից ինձ պարզ դարձավ անհապաղ օգնության անհրաժեշտությունը։ Երբ վերջացրի գրավորս, քննական հանձնաժողովից աննկատ տետրս դրի նրա տետրի վրա, միաժամանակ վերցնելով նրա տետրը՝ դրի իմ առաջ, իսկ իրեն առաջարկեցի իմ տետրը հանձնել հանձնաժողովին ու դուրս գալ։ Ժամանակին նկարչական խմբակ հաճախած լինելս պետք եկավ․ սխալներն ուղղեցի իր ձեռագրին նմանվող ձևով, դեռ երկու նախադասություն էլ ավելացրի ու ավարտած կարգի բերված վիճակում այն հանձնեցի հանձնաժողովին։

Ներս մտա ստվերներիս ուղեկցությամբ։ Գերազանցիկ Ալինան դասախոսի դիմաց նստած քննական տոմսի հարցաշարին էր պատասխանում, դասախոսն էլ համակ ուշադրությամբ լսում էր նրան։ Սեղանի անկյունում տոմսերն են դրված։ Առանց թույլտվության մոտեցա, մի տոմս վերցրի։ Մտքով կարդում եմ հարցերը։ Կարդացածս գնում, փակ դռների հանդիպելով, հետ է գալիս։ Ուղեղս չի ընդունու՞մ, թէ՞ չի հավանում։ Հա՜, ուղեղիս կիսագնդերը հմայված ու համակ ուշադրություն դարձած գերազանցիկի պատասխանն են լսում։ Հարցնող լինի, ձեր ինչին է պետք ինչ է պատասխանում այս պահին քննվողը, դուք իմ պատասխանելիք հարցերով զբաղվեք, առավել ևս որ այսօր սահմանափակ էներգիայի տեր ենք, դա մի մոռացեք։ Դասախոսը հիացած է ուսանողուհու պատասխանից։

Չհավանածս տոմսը մեխանիկորեն տեղը դրի, մի ուրիշը վերցրի։ Կողերիցս երկու ուրիշ ձեռքեր ձգվեցին դեպի սեղանը, մեկական տոմս վերցրին, էլի տեղը դրին, նորից վերցրին․․․․

– Նման սպառիչ պատասխան լսելիս 50-ական թվականներն եմ        հիշում, իմ ուսանողական շրջանի քննությունները – ասաց Մաթեմը, գոհունակությամբ հենվեց աթոռի թիկնակին ու հիացած շուրջը նայեց։ Բայց․․․նկատելով քննատոմսերի նկատմամբ մեր եռյակի բացահայտ բարբարոս գործողությունները՝ համբերությունից դուրս եկավ․

– Դե հերիք է, չափներդ անցաք։ Տոմս վերցրի՞ք, գնացեք նստեք՝ պատրաստվեք, ձեր մակարդակն էլ կտեսնեմ։

Պատահական տոմս եմ վերցնում, համարը ցույց տալիս դասախոսին, գնում նստում։ Ստվերներս կրկնում են նույնը։

Խոսել չեմ կարողանալու, ստիպված հարցերի տեսական բանավոր պատասխանելիք մասը գրեցի գրավոր, մաթեմատիկական վարժությունը լուծեցի, բայց եզրափակիչ թվաբանական մասը չգրեցի։

– Պարզից էլ պարզ է, որ այսքանը գրել կարողացողի համար դա հարց չէ, – ձախ կիսագունդս հաստատ արդեն քնել է ուզում ու համոզում է իր աշխատանքը լիարժեք ավարտած լինելու փաստի մեջ։

Շուրջս նայեցի։ Մաջիթին ու Սեյրանին օգնելու հնար չկա։ Դասախոսը սրանց հերթով կանչեց ու անբավարար նշանակելով արագ դուրս ուղարկեց։ Նայում եմ պատուհանից դուրս քամուց մեղմորեն շարժվող ծառին ու մի տեսակ թմբիր է պատում ինձ։ Ասես քննասենյակում չլինեմ։

– Քեզ եմ ասում, պատրա՞ստ ես, արի։ Ծառի ճյուղերի քանակը հետո կհաշվես։

– Պատրաստ չլինեինք, չէինք հանգստանա, – աջ ու ձախ կիսագնդերս են վիրավորված ընդվզում։

Նստեցի դասախոսի դիմացը, գրածս անխոս դրեցի սեղանին։ Կարդաց, երկար նայեց մռայլված դեմքիս ու․

– Մինչև վերջ գրի։

– Գրենք, բայց իմա՞ստը, – բողոքարկելով տեղից շարժվեց ձախ կիսագունդս։

– Պահանջում է, պետք է կատարենք, – հրամանատարությունն իր ձեռքն է վերցնում աջ կիսագունդս։

Գրվեց պահանջվածը։

Մինչ ես թվաբանական մասն էի կատարում, նա անխոս իմ ստուգարքային գրքույկում գնահատական նշանակեց․

– Դուրս արի։

Միջանցքում Գայանեն, Սվետլանան ու Աիդան ինձ արագ շրջափակեցին։ Ձախակողմյան կիսագունդս արդեն վաստակած հանգստի է անցել, իսկ աջը դեռ դիմադրում է՝ կատարած աշխատանքի արդյունքն իրեն անհայտ է մնացել․

– Չիմացանք ինչ գնահատեց։

Գայանեն ձեռքիցս վերցնում է ստուգարքային գրքույկը, վախով ու զգուշորեն բացում։ Դեմքը միանգամից պայծառանում է․

– Չորս ես ստացել, – ու մնացածին հաղորդում է, – մեր ավագը իր բարձրության վրա է։

Հայացքով փնտրում եմ։

– Այստեղ եմ, – չնայած իր տապալմանը հոգատար Սևոն ինձ տեսադաշտում է պահել, – գնանք, քեզ միայն քնելը կարգի կբերի։

Նորից տաքսի, ճանապարհային ոլորաններ, 2-րդ մասնաշենք, դեպի վեր աստիճաններ, 5-րդ հարկ, 108 սենյակ, անկողին, քուն։

Առավոտ է։ Պատուհանից ներթափանցած արևի շողերը խաղ են բռնել դեմքիս։

– Ժամը քանիսն է, – արթնանալուն պես անհանգստացած հարցնում եմ ես։

Հրաշք, ես կարողանում եմ խոսել։ Մարմնիս բոլոր մասերի զգացողությունն էլ վերականգնված է։ Ուղեղիս կիսագնդերը խաղաղվել ու աշխատում են համերաշխ։

 Գագիկ  Շոլինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել