Լրահոս
Օրվա լրահոսը

Կաղ ոտքից մինչեւ կաղ ականջ

Մարտ 02,2015 16:00

Գալուստ Սահակյանը պատասխանեց Լեւոն Զուրաբյանի «չափալախին»

«Ես դա նորմալ բան չեմ համարում: Բայց, ի վերջո, ասողն ընդդիմություն է եւ այդ չափանիշով է շարժվում: Եվ այդ է պատճառը, որ երբեմն-երբեմն անձը, որի մասին խոսում եք, ոչ թե միայն իմ դիտողությանն է արժանանում, այլեւ ամբողջ խորհրդարանի: Բնական է, ընդդիմությունն այդպես պիտի ասի, իսկ ես ինձ թույլ չեմ տա նման մանրուքներին հակադարձել»,- «Առավոտի» եւ 1in.am-ի հետ զրույցում երեկ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հակադարձելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին: Վերջինս, հիշեցնենք, երեկ խորհրդարանական բրիֆինգների ժամանակ ԱԺ ղեկավարությանը մեղադրեց «մանկապարտեզի երեխայի» կեցվածք ընդունելու մեջ ու ասաց, թե նիստերը վարելու փոխարեն նեղացկոտ մեկնաբանություններ ու վիրավորանքներ էին տեղում ՀԱԿ-ի պատգամավորների հասցեին: «Գալուստ Սահակյանը հիմա կստանա արժանի չափալախը»,- ասաց Լեւոն Զուրաբյանն ու հավելեց. «Ես կաղում եմ ոտքով, ընդունում եմ: Դա նորմալ է, բուժվող է: Գալուստ Սահակյանը կաղում է մտքով եւ լեզվով»: Ըստ նրա՝ կաղում է ռեժիմը, ռեժիմի «պարագլուխն էլ կաղ բադիկ է»: Ու բացատրեց, որ դա քաղաքագիտական տերմին է, այդ կերպ ասում են այն նախագահին, որն արդեն իր երկրորդ ժամկետն է սպառում եւ պիտի հեռանա իշխանությունից:

«Առավոտի» դիտարկմանը՝ կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ Ձեր ելույթի վերջում Դուք սկսեցիք վիրավորանքները, երբ Լեւոն Զուրաբյանին ասացիք՝ «դու ոչ միայն ոտքից ես կաղում, այլ նաեւ մտքից», Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Որովհետեւ դուք տեղում չէիք, եւ որովհետեւ սքողված էր ամեն ինչը: Ինքն իր տեղից, որը խոսափողով չէր արդեն լսվում, ասեց՝ որ լսողություն էլ չունեք: Այսինքն՝ փորձեց վիրավորել: Ոչ թե ես չհանդուրժեցի դա, բնականաբար, ամբողջ դահլիճը եւ ամբողջ քաղաքական գործունեությամբ զբաղվող պատգամավորները: Այնպես որ՝ նման կալիբրի պատգամավորը, որը փորձում է հեգնանքով, տրամաբանորեն նույնիսկ պատմական երեւույթները՝ իսկ պատմություն եմ համարում 1990-ականներից սկսած, ինքը դեռեւս չգիտի, թե որտե՞ղ է եղել իր թիմը, որտեղի՞ց է սկսել:

Մի քանի անգամ նույնիսկ ամբիոնից եմ ասել, որ ամեն ինչ գիտեմ, բայց երբեւէ ինձ թույլ չեմ տա, որպեսզի վիրավորեմ որեւէ քաղաքական ուժի: Այդ քաղաքական ուժի մասունքը փորձում է համեմատվել ԱԺ նախագահի հետ, որն, այնուհանդերձ, իր մասնագիտությամբ ոչ թե դաս է տալիս, այլ սովորեցնում է»: 1in.am-ի հարցին՝ ի՞նչ կալիբրի պատգամավոր է Լեւոն Զուրաբյանը, Գալուստ Սահակյանն ասաց, որ դեռեւս չի զգացվում, որովհետեւ նա քաղաքականության մեջ չի եղել եւ «քաղաքակրթության նորմերին էլ չի տիրապետում»: «Դա անհեթեթ հայտարարություն է, որովհետեւ, վերջին հաշվով, խոսքը Գալուստ Սահակյանին է վերաբերում: Առավել եւս ասեմ՝ դա փորձ է, էդպես լինում է, որպեսզի որոշակիորեն ավելի մեծ դերակատարում ունեցող անձանց, ոչ թե ի պաշտոնե, այլ ընդհանրապես, որեւէ խոսք ասելը՝ փոքրոգի, ծավալներ չունեցող քաղաքական գործիչները մտածում են, որ դրանով իրենց համարձակությունը հասարակության մեջ ներկայանալի են դարձնում»,- ասաց ԱԺ նախագահը՝ անդրադառնալով «Առավոտի» հաջորդ դիտարկմանը՝ Լեւոն Զուրաբյանն ասաց նաեւ, որ Գալուստ Սահակյանը՝ ոտնահարելով ԱԺ կանոնակարգը, փորձում էր ՀԱԿ-ին աշխատելու հնարավորություններից զրկել. «Բայց ես կարողանում էի հակադարձել, քանի որ դուք տեսաք, թե ինչպիսի «կուռկուռի ձագ» էր դառել Գալուստ Սահակյանը, երբ ես հակադարձելու հնարավորություն ունեցա»:

Ամսի 12-ին ՀՀԿ ԳՄ-ի հայտնի նիստի հայտնի ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այսուհետ քաղաքական դաշտում նախապատվությունը տրվելու է գաղափարներին եւ գաղափարական պայքարին, մինչդեռ խորհրդարանի վերջին քառօրյան սկսվեց եւ ավարտվեց միմյանց վիրավորելով եւ պիտակավորելով՝ «Առավոտի» հաջորդ դիտարկմանն ԱԺ նախագահի արձագանքը եղավ. «Երեւի թե կամ մեր ժողովուրդը, կամ լրագրողներն առհասարակ չեն պատկերացնում, թե խորհրդարանն ինչպիսի մարմին է: Խորհրդարանը բանավեճի մարմին է, եւ բանավեճի ժամանակ միշտ չէ, որ հաջողվում է զուսպ լինել, որովհետեւ բանավեճը նաեւ որոշակիորեն տրամադրություններ է առաջացնում: Մեր խորհրդարանն այդ տեսակետից, ես կասեի, տարածաշրջանում էլ, աշխարհում էլ բացառիկ է, որովհետեւ կրքերը երբ հասունանում են՝ առավել եւս գաղափարական հակադրությունների եւ սկզբունքների, ամեն ինչ կարող է պատահել: Դրա համար եմ ասում, որ խորհրդարանական գործընթացները շատ օպերատիվ կարող են փոփոխվել եւ անակնկալներ ունենալ:

Երբ նիստն առավոտյան սկսվում է, որեւէ մեկը չգիտե, թե ինչպիսի ընթացք կլինի: Տարբեր քաղաքական ուժեր են, առավել եւս տարբեր բնավորության ուժեր, առավել եւս վերջին տարիներին, չհասունացած քաղաքականությամբ զբաղվողները փորձում են իրենց քաղաքական գործիչ դարձնել՝ քաղաքական գործիչների հետ համեմատվելով: Դա, իհարկե, ստրկական վիճակ չէ, իրենց ժամանակն էլ կգա, որ կկոփվեն, բայց, կարծում եմ, ստահակի դերում երբեմն հայտնվում են, եւ դա իրոք վիրավորական է խորհրդարանի համար»: 1in.am-ի հարցին՝ փորձո՞ւմ է ԱԺ նախագահը դիտողություն անել ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, ովքեր նույն լեքսիկոնն են օգտագործում, ինչ ընդդիմությունը, Գալուստ Սահակյանն ասաց, որ պատգամավորները աշակերտներ չեն, որ նրանց դաստիարակությամբ զբաղվի, եւ յուրաքանչյուրն էլ ազատ խոսքի իրավունք ունի՝ նայած, թե ով ինչպես է կազմակերպում իր ազատ խոսքը: Նա նաեւ ասաց, որ ՀՀԿ-ական պատգամավորները երբեք նախահարձակ չեն լինում, փորձում են հակադարձել՝ երբեմն շատ հուժկու:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
28.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031