Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերիք չէ մարդկանց ծաղրեք ու խեղդեք» Գյումրու տաքսիստները վիճաբանեցին փոխնախարարի հետ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 02,2015 19:00

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կրկին բողոքի էին դուրս եկել Գյումրիի անհատ տաքսու վարորդները: Նրանք դեմ են ՀՀ կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգ հաստատելու մասին» N 1471-Ն որոշմամբ հաստատված նոր պահանջներին: Վարորդներին հանդիպելու համար Գյումրի էր եկել կապի ու տրասնպորտի նորանշանակ փոխնախարար Արամ Արսենյանը, որը բողոքավորների հետ հանդիպեց ոչ թե Վարդանանց հրապարակում, որտեղ նրանք հավաքվել էին, այլ Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում: Վարորդները սկզբում ներկայացրեցին իրենց բողոքը՝ նշելով, որ իրենք կտրականապես դեմ են փոփոխություններին, պատրաստ չեն հաշվիչ մեքենաներ տեղադրելու, այս նպատակով մինչեւ 60-120 հազար դրամ գումար վճարելու, նաեւ չունեն այդքան եկամուտ, որ ամեն ամիս ֆիքսված գումար մուծեն:

PrevPhoto
NextPhoto

«Մենք հավաստիացնում ենք ձեզ, որ չենք վաստակում էնքան գումար, որ վճարենք: Էստեղ նստած մարդկանցից յուրաքանչյուրը գիտի, որ մաքսիմալ 4-5 ուղեւոր ենք ունենում օրվա մեջ :Եթե Երեւանում մեքենաների վերանորոգումը կատարվում է 2-3 տարին մեկ անգամ, Գյումրիում գրեթե ամեն օր է: Մի հատ եկեք նստեք մեզանից որեւէ մեկի մեքենան, ձեզ պտտացնենք, տեսնեք ինչ վիճակում են Գյումրու փողոցները», -նեղվեցին բողոքավորները:

Երբ փոխնախարարը, ցույց տալով իր կողքին նստած քաղաքապետ Սամվել Բալասանյանին, հորդորեց փողոցների վիճակի մասին հարցը ուղղել նրան, վարորդները բառի իսկական իմաստով խայտառակ արեցին փոխնախարարին: « Ի՞նչ եք խոսում, դուք գիտեք միայն Երեւանն է, որ կա, ո՞վ է գյումրեցիներին մարդատեղ դնում, դուք Գյումրիին փո՞ղ եք տալիս, որ քաղաքապետն էլ գործ չի անում»: Նրանք փոխնախարարին հորդորեցին գնալ ու նախագահին զեկուցել, որ այլեւս գործ չունենա Շիրակի մարզի հետ, հերիք եղավ, թողնի հանգիստ շնչեն: Զգալի էր, որ պաշտոնյան անկանկալի էր եկել, դեմքը զայրույթից կամ միգուցե եւ անկարողությունից կարմրել էր: Նա ասաց, որ ինքը, ցավոք, միայն տրանսպորտի եւ կապի նախարարին կարող է փոխանցել գյումրեցիների խոսքը:

Վարորդներից մեկն էլ ձայն խնդրեց ու ասաց. «Ես հարցս առաջին հերթին ուղղում եմ օրենքը ընդունողին, օրենքը ընդունողը հաշվարկե՞լ է , թե քանի մարդ է մնացել Շիրակի մարզում: Հաշվարկ անեին, տեսնեին քանի մարդ կա, քանի աղքատ մարդ, որ չգիտի տաքսին ինչ է: Եթե հաշվարկներ կատարեին, կհասկանային, որ էդպես չի կարելի: Եւ հետո, մենք էնպիսի երկրում ենք ապրում, որ ամեն օր հուղարկավորության ենք, մեր հարազատներին հուղարկավորենք, փողը բերենք Ձեզ տա՞նք»:

Մեկ այլ տաքսու վարորդ էլ ասաց.«Հազար ներողություն մեր հարգարժան նախարարից, որ ժամանակ չգտավ գալու, խոստացել էր»: Վերջինիս ընդհատեց փոխնախարարն՝ ասելով, որ նախարարը տեղում չէ, գործուղման մեջ է, որին տաքսու տարեց վարորդը հակադարձեց.«Ոչինչ էս մեր ժամանակներում ոչ մեկը տեղում չի լինում: Պարոն Ցոլակյան, դուք գիտեք Շիրակի գոտում ինչ է կատարվում, օգնեք հավաքվածներին, թողնեն ապրենք, եթե չէ, դուք գնացեք, ես ձեր անձը ի նկատի չունեմ, հերիք եղավ, ի՞նչ եք տալիս, որ ի՞նչ ուզեք: Ձեր ջանիմ մեռնիմ, թողեք ապրենք, մենք ձեզ վնաս չենք տալիս, էդ բենզալցակայան, գազալցակայան, ամեն փողերը տալիս ենք էլի, դուք էլ ինձանից լավ գիտեք , որ մենք պետությանը փող չենք տալիս, եթե իմանամ պետությանն եմ տալիս, շապիկս կծախեմ, կտամ, բայց էսպես մարդկանց ծաղրել չի կարելի, չի կարելի էսպես խեղդել մարդկանց»:

Գյումրու տաքսու վարորդների ու փոխնախարարի խոսակցությունը չստացվեց, վերջինս նրանց ամեն բողոքը լսելով՝ ասում էր որ դրանք քաղաքական ելույթներ են, իսկ ինքը կուսակցական գործիչ չէ եւ խնդրին առնչվող որեւէ կոնկրետ հարց չհնչեց:«Մենք ձեզ կոպեկ չունենք տալու, գնացեք ու նախարարին հենց էդպես էլ ասեք»,-ասացին բողոքավորները: Իսկ փոխնախարարն ասաց, որ նման դեպքում խոսակցությունը շարունակելն անիմաստ է: Նա խոստացավ վարորդների խոսքը փոխանցել նախարարին, իսկ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նրանց առաջարկեց աշխատել մինչեւ հարցի քննարկումը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. alfred says:

    Դե Գյումրիում էտ երբ են օրենքը հարգել որ հիմա հարգեն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031