Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մելքումյան. «Որքան ոլորտը անվերահսկելի, բարձիթողի ու ստվերային լինի, մասնավոր տաքսու վարորդների համար ձեռնտու է»

Մարտ 02,2015 19:31
Melqumyan

ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանը, մեկնաբանելով այսօր «Հանրապետության» հրապարակում մասնավոր տաքսիների վարորդների բողոքի շարժառիթները, դրանք համարեց անհիմն:

«Մոտ երկու տարի մասնավոր տաքսու վարորդներն աշխատել են արտոնյալ վիճակում: Հիմա կատարվել են փոփոխություններ իրենց շահերից ելնելով: Ամեն մեկը նախկինի հետ համեմատ ամսեկան պակաս է վճարելու 20-30 հազար դրամ: Այսինքն, այդքան տնտեսելու է: Հանվել են բազմաթիվ պարտադիր ծառայություններ` դեղին համարանիշ ունենալը, արտոնագրերի վճարը, ամենօրյա տեխնիկական եւ բուժզննումները, որոնք լրացուցիչ գումարներ էին նրանց համար: Նախկինի տարեկան 144 հազար դրամի փոխարեն հիմա սահմանվել է տարեկան, եռամսյակային կամ ամսեկան տարբերակված տուրք. Երեւանի համար` տարեկան 120 հազար դրամ, հանրապետության մյուս քաղաքներում, որոնք 49-ն են` 80 հազար, քաղաքային կարգավիճակ չունեցող 700 բնակավայրերում` 45 հազար եւ սահմանամերձ 183 բնակավայրերի համար` 30 հազար: Այս թվերը բաժանեք 12 ամսվա վրա եւ պատկերը պարզ կլինի` իջեցվե՞լ է, թե՞ ոչ: Վարորդը հիմա ընդամենը վճարում է տուրք, ստանում է լիցենզիա, ներդիրը փակցնում է դիմապակուն ու վարում մեքենան: Նախկինում վարորդը լիցենզիա ստանալու համար վեցից ութ քայլ էր կատարում` տրանսպորտի նախարարություն, պետավտոտեսչություն, պետռեգիստր եւ այլն: Բերում էր կտրոնները: Այսօր դրանք էլ չի անում: Դա էլ գումարների խնայողություն է: Ամենապարզեցված ձեւն է ու դրա համար նրանց դժգոհությունն անհասկանալի է:

Բնական է, որ նա ուզում է իր սոցիալական վիճակը պահել եւ առավելագույն չափով վաստակել: Բայց իր եկամուտից պետք է նաեւ պետությանը եկամուտ տա, որպեսզի սոցիալական մյուս անապահով խավերը կարողանան դրանից օգտվել: Պետություն կա եւ պետք է լինի պետական կարգապահություն: Կա իրավունք եւ կա պարտականություն: Աշխարհի բոլոր պետություններում տաքսին նույնպես բիզնեսի, տնտեսական գործունեության մի տեսակ է եւ հարկվում է ըստ տվյալ պետության հարկային օրենսդրության: Ընդամենը սա է խնդրի էությունը: Իսկ այն, որ ասում են, թե ի վիճակի չեն, ինչպե՞ս եղավ, որ միշտ ի վիճակի են եղել ու հիմա չեն, մանավանդ, որ հիմա ավելի քիչ է գանձման դրույքաչափը, երբ նախկինում  ամսեկան փաստացի չմատուցած ծառայությունների համար պարտադիր 20, 30 հազար դրամ էին մուծում: Բացի դա, լիցենզիա տրամադրելու համար  պետական տարեկան տուրքի դրույքաչափն իջեցվել է:

Այսօր դժգոհելու հավաքվածների ուզածը համարժեք չէ: Ինչքան անվերահսկելի, բարձիթողի վիճակ, ինչքան ստվերային լինի, այնքան ձեռնտու է նրանց համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031