Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը դատարանում վիճարկում է Ավետիսյանների գործով Գեւորգ Կոստանյանի անգործությունը

Մարտ 02,2015 20:32

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Պողոսյանի նախագահությամբ մարտի 3-ին տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի:

Դատական նիստի ընթացքում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ 2015 թվականի հունվարի 29-ին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պահանջում է քրեական գործ հարուցել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված  արարքի՝  ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ, Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ: Նա նաեւ պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի  329-րդ հոդվածով նախատեսված  արարքի՝ Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ:

IMG_8008

«Արդեն մեկ ամսից ավել է անցել հաղորդման ներկայացման օրից, բայց մենք այդպես էլ Հայաստանի գլխավոր դատախազից չունենք պատասխան եւ այս պահին դատարանում վիճարկում ենք դատախազի թույլ տված անգործությունը»,- ասաց տիկին Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանն ասաց՝ եթե իրականում ռուսական ռազմաբազան տեղեկացրել էր հայ իրավապահներին, ապա ինչպես եղավ, որ Հայաստանի իրավապահ մարմինները ժամը 10-ից հետո հասան Մյասնիկյան 188. «Ինչո՞ւ իրավապահ մարմինները չկարողացան ժամանակին հայտնաբերել դեռեւս կենդանի Սերյոժա Ավետիսյանին: Ըստ հաղորդագրության՝ 12:35-ին նոր այդ երեխային տեղափոխել են հիվանդանոց: Այսինքն՝ …»:

Սակայն, դատավորը թույլ չտվեց Բաղդասարյանին ավարտել միտքը՝ հայտարարելով, որ այն բողոքի սահմաններից դուրս է: Ներկայացուցիչը առարկեց դատարանի որոշումը՝ անվանելով այն ապօրինի. «Հայտարարում եմ՝ բողոքի շրջանակներում եղել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների գործողությունների անօրինականության մասին՝ խոսքը բողոքի 2-րդ կետի մասին է: Ես պարզապես մասնավորեցնում էի՝ ինչո՞ւ Հայաստանի իրավապահ մարմինները նաեւ այս առումով ժամկետանց գործողություններ են թույլ տվել, որոնց արդյունքում մարդ է մահացել»:

IMG_8009

Դատախազ Գեւորգ Գեւորգյանը հայտարարեց, որ բողոքն անհիմն է: Նա նշեց, որ տիկին Փոստանջյանի հանցագործության մասին հաղորդումը գլխավոր դատախազությունում մուտքագրվել է հունվարի 30-ին եւ փետրվարի 3-ին այն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտեին՝ հարցերին պարզաբանումներ տալու եւ ստուգումներ ստանալու նպատակով, որի պատասխանը ուղարկվել է Զարուհի Փոստանջյանին:

Անդրադառնալով 235 հոդվածին՝ նա ասաց, որ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հարուցվել է նաեւ 235 հոդվածով. «Ինչ վերաբերում է 329 հոդվածին՝ ներկա դրությամբ քրեական գործը գտնվում է ապացույցների հավաքման, քննարկման փուլում եւ եթե հարկ առաջանա այդ հոդվածը կներառվի: Դա կապված է նրա հետ, թե ինչպիսի լրացուցիչ ապացույցներ ձեռք կբերվեն: Ինչ վերաբերում է իրավապահների թերացմանը այդ կապակցությամբ գրություն է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն»:

Զարուհի Փոստանջյանը ժամանակ խնդրեց՝ ծանոթանալու դատախազի ներկայացրած փաստաթղթերին: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 3-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031