Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը՝ ՀՀԿ-ին. «Ձեր մեջ ասող մարդ չկա, հասկանո՞ւմ եք»

Մարտ 03,2015 12:43

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց բուռն քննարկումների արժանացած «Շահութահարկի մասին» օրինագիծը եւ ընդունվեց՝ 68 կողմ, 11 դեմ, 23 ձեռնպահ արդյունքներով:

Մինչ քվեարկությունը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք արդեն  հայտնել են օրինագծի մասին իրենց դիրքորոշումը, որ դեմ են:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն շատ հարգելի պատճառներով չի հասցրել ծանոթանալ օրենքի նախագծին, ուստի կքվեարկեն ձեռնպահ:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ «Չգիտենք որ տարբերակն է մնացել, որ տարբերակի համար ենք քվեարկում: Իսկապես, ազատ տնտեսավարմանը, ներքին շուկայում մեծ հարված ենք հասցնում: Եվ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին շուկայում ենք հարված հասցնում: Հում, չեփված, չձեւավորված օրենքի նախագիծ է, քվեարկման ենթակա չէ»:

«Քննարկում եղել է, պետք է մասնակցեիք»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Հրանտ Բագրատյանն էլ նկատեց, որ լինում է, հանձնաժողովի նիստից 5 րոպե առաջ զանգում ասում են՝ քննարկում կա. «Ես լուծում եմ տվել, ուզում եմ հասկանամ ինչ եղավ այդ լուծումը: Չէ՞ որ դուք ասացիք հետաձգեն մի շաբաթ քննարկենք, մենք չենք քննարկել»:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բողոքող պատգամավորներին հակադարձեց, թե հանձնաժողովի նիստը ըստ պատգամավորների գրաֆիկի չի կարող նշանակել. «Ուրբաթ օրը քննարկել ենք: ՀՀԿ-ն մնում է իր կարծիքին, համոզված եմ, որ տվյալ օրենսդրական փաթեթը զարկ է տալու արտահանմանը: Եղել են փոքր փոփոխություններ՝ խմբագրական»:

Հովհաննես Մարգարյանը հաստատեց, որ իսկապես, քննարկում եղել է, ՕԵԿ-ից մասնակցել է ինքը. «Սա կտանի մի դաշտ, որտեղ կմոնոպոլիզացվի ամբողջությամբ մեր երկրի արտահանումը: Մեկ անգամ եւս ասենք՝ ուշ չի, այդ արտոնությունը տանք բոլորին»:

Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց, որ քննարկում եղել է, ներկայացվել են առաջարկներ, որոնք նախագծում այսպես թե այնպես չեն ընդգրկվել: Գտնում եմ, որ պետք է քվեարկենք դեմ:

ՀՀԿ-ն, ի հեճուկս այս կարծիքների, օրինագիծը դրեց քվեարկության:

Քվեարկությունից հետո Հրանտ Բագրատյանը նեղսրտեց, որ երբ ասող է լինում, լսող չկա. «Ընդհանրապես, եթե բան ենք ասում, առնվազն պիտի քննարկեք: Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց շատ ասող մարդ չկա ձեր մեջ, հասկանո՞ւմ եք: Մենք ինչ-որ բան հասկանում ենք, էլի, թվեր, փաստեր գիտենք, գիտենք աշխարհում ինչ է կատարվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրա says:

    Է, եթե այդ փաստաթղթերը ունենալը այսպես թե այնպես խնդիր են առաջացնում, չեղա՞վ որ միևնույն է աշխատելու են 5 տոկոսի շեմով: Ի՞նչ փոխեցին, որ: Խաբելով հո չի՞: Դե թող փաստաթղթերի խնդիրն էլ լուծեն: Վախն են կորցրել թե՛ Աստծո, թե՛ ժողովրդի հանդեպ: Իշխանափոխություն միևնույն է լինելու է: ՈՒ Լևոնի դաևգը չեն լուծում, այս նախագահին են ապահովագրում: Դեռ անունն էլ շատ Ճիշտ որակեցին, հարգանքի տուրք, որ հանկարծ չնեղանա:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031