Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամությունը խոչընդոտ չէ. արտադրամաս, որտեղ աշխատում ու համեղ ուտեստներ են պատրաստում միայն հաշմանդամություն ունեցողները

Մարտ 03,2015 13:27

Ցրտաշունչ Սևան քաղաքում, որտեղ սակավաթիվ աշխատատեղերը ոչ մի կերպ չեն համընկնում գործազուրկների թվին, քաղաքի ծայրամասերից մեկում գտնվող փոքրիկ արտադրամասն իր շուրջն է համախմբել գործազուրկների առավել խոցելի խմբի՝ հաշմանդամություն ունեցողների:

Առաջին հայացքից ոչնչով չտարբերվող ու սովորական հունով աշխատող արտադրամասի շարժիչը 14 աշխատակիցներն են, որոնք բոլորն ունեն հաշմանդամության խնդիրներ, ինչը սակայն չի հուսալքել նրանց, այլ ավելին՝ միավորել է մեկ ընդհանուր գործի շուրջ:

Աշխատելու կարողություն ունեցող, բայց հաշմանդամության հետևանքով այդ հնարավորությունից զրկված անձանց արդեն մի քանի ամիս աշխատանքով է ապահովում Սևանի «Երկնային Մանանա» ՍՊԸ-ն, որն էլ հիմնվել է «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի գործընկերային պայմանագրով և  «Save the children» կազմակերպության «Զբաղվածության խթանման միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի մակարդակի բարելավում» ծրագիրի աջակցությամբ, 2013-ի դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրը,  բացվեց այս արտադրամասը:

2_Satik-Badeyan

Սաթիկ Բադեյան

«Սա սոցիալական ձեռնարկություն է, այստեղ աշխատում են միայն հաշմանդամներ ու արտադրում են միայն էկոլոգիապես մաքուր սնունդ, չենք օգտագործում ոչ մի տեսակի կոնսերվանտներ, փխրեցուցիչներ և նմանատիպ այլ բարելավիչներ, իսկ «Երկնային Մանանա» անվանվեց՝ այն համարելով որպես Աստծո պարգև»,-ասում է «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը:

«Երկնային Մանանա» ընկերության 14 աշխատակիցներն, ովքեր մինչ այդ երբեք չէին աշխատել այս ոլորտում, 2014-ի հունիսից մասնագիտական պատրաստման դասընթացներ անցան ու հուլիսից արդեն սկսեցին արտադրանք տալ:

Ընկերության հիմնական արտադրանքը խաչապուրին և բուլկին է, ինչպես նաև խմորեղենները, երբեմն էլ ժենգյալով հացը:

«Աշխատակիցներն աշխատում են չորս ժամ, իսկ ժամի համար ստանում են 400 դրամ: Մեր արտադրանքն ուղարկում ենք 20-25 խանութների, սակայն դեռևս աշխատում ենք վնասով»,-ասում է Բադեյանն ու սրտնեղում, որ լինում են դեպքեր, երբ գնորդները հրաժարվում են գնել իրենց արտադրանքը միայն նրա համար, որ դա պատրաստել են հաշմանդամները:

«Սկզբից մտածում էինք ներկայացնելով որպես հաշմանդամների արտադրանք առավել մեծ կլինի հետաքրքրությունն արտադրանքի նկատմամբ, սակայն սխալվել էինք, դրանից վատ են զգում գնորդները, մտածում են, որ եթե հաշմանդամներ են պատրաստել, ապա այդ արտադրանքը մաքուր չի լինի, հասարակության մեջ կա նման կարծրատիպ, նույնիսկ սկզբնական շրջանում խանութներում վաճառողներին ասել են մի հատ նկարեք տեսնենք մաքո՞ւր են աշխատում, նույնիսկ մի անգամ էլ մեր ծանոթներից մեկը լսել է, որ հենց վաճառողն ինքն է ասել դա մի գնեք, դա ինվալիդներն են պատրաստել»,-ասում է Բադեյանն ու վստահեցնում, որ իրենց մոտ պահպանվում են հիգիենայի բոլոր կանոնները:

Եվ իրապես, արտադրամասը բավական մաքուր է, բոլոր աշխատակիցները գլխարկներով և հատուկ համազգեստներով են աշխատում, մի քանի լվացարանները հնարավորություն են տալիս պարբերաբար լվացվել, լվանալ տարաները, ունեն նաև առանձին խոհանոց, լոգասենյակ:

Ruzanna-Mnacakanyan

Ռուզաննա Մնացականյան

Հենաշարժողական խնդիրներ ունեցող և սայլակով տեղաշարժվող 32-ամյա Ռուզաննա Մնացականյանը հմտորեն կտրատում է ժենգյալով հացի համար նախատեսված կանաչիները, լցնում դրանք թասի մեջ՝ նախապատրաստելով ուտեստի պատրաստմանը:

«Նախօրոք պատրաստում ենք կանաչիները, որ թխենք, պետռուշկա է, սոխ, թարխուն, կինձ, հիմա դաշտային կանաչիներ չկան, դրա համար միայն սրանք ենք օգտագործում, բայց միևնույն է շատ համով է լինում»,-վստահեցնում է Ռուզաննան:

Վիրահատության հետևանքով քայլելու հնարավորությունից զրկված Ռուզաննան զրկված է եղել նաև դպրոցում սովորելու հնարավորությունից, ուսումը փորձել է ստանալ տանը՝ խուսափելով հասարակության թարս հայացքներից, սակայն չափահաս տարիքում արդեն, հաղթահարելով բարդույթները, ընդունվել է Երևանի արհեստագործական ուսումնարաններից մեկն ու սովորել գոբելենագործություն: Երկար տարիներ տանը հենց գորգագործությամբ էլ զբաղվել է, սակայն այն չի արդարացրել և գրանցվել է զբաղվածության կենտրոնում, որտեղից էլ նրան զանգահարել և տեղեկացրել են այս աշխատանքի մասին:

Disabled-Work

«Իհարկե բազմաթիվ դժվարություններ կան, սակայն լավ մարդկանցով եմ շրջապատված, ովքեր ինձ օգնում են բոլորի հետ լիարժեք հավասար զգալ: Հայաստանում ոչ մի պայմաններ, ոչ մի հարմարություններ չկան սայլակավոր մարդկանց համար, ինչքան էլ ծրագրեր են արվում, սակայն առաջընթացն այդքան էլ շատ չէ: Ինչ-որ հաստատություն ես ցանկանում այցելել, սակայն զգում ես, որ չունես պայմաններ այնտեղ լինելու: Երբ դու կարող ես աշխատել, սակայն շարժվելու խնդիրները շատ են, չես կարողանում քեզ լիարժեք մարդ զգաս»,-ցավով նշում է Ռուզաննան, սակայն իրեն հաջողակ է համարում, քանի որ գոնե այս ձեռնարկությունում իր համար ևս գտնվել է աշխատանք:

3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող 41-ամյա Արմինե Ավետիսյանը նույնպես գրանցված է եղել զբաղվածության կենտրոնում, որտեղից էլ տեղեկացրել են նրան այս աշխատանքի մասին:

«Զանգահարեցին, մեծ ուրախությամբ եկա, մինչ այդ ոչ մի աշխատանք չունեի, Սևանում շատ դժվար է աշխատանք գտնելը, ու հաճույքով աշխատում եմ, էստեղ հրաշալի մթնոլորտ է,-ասում է Ավետիսյանն ու հավելում, որ թեև մինչ այս աշխատանքը երբեք չէր շփվել հենաշարժողական և լսողության խնդիրներ ունեցող անձանց հետ, սակայն ասում է, որ դա այդքան էլ բարդ չէ,- Մենք նույնիսկ չենք էլ պատկերացնում, որ իրենք չեն կարողանում քայլել, չեն կարողանում խոսել, նրանք հիանալի մարդիկ են ու իրենց հետ շփումը գերագույն հաճույք է: Շատ ժամանակ նույնիսկ կատակով Ռուզանին ասում ենք, Ռուզ, դու ավտոյով ես, դու գնա էս ինչ տեղը»:

Artyom-Martirosyan-and-Naira-Petrosyan

Արտյոմ Մարտիրոսյան, Նաիրա Պետրոսյան

Արտադրամասում ամեն մեկն ունի իր կարևոր ներդրումը.  33-ամյա Արտյոմ Մարտիրոսյանը ոչ միայն օգնում է ամենօրյա գործերում, այլ անգամ հարմար գործիքներ է «հնարել» ու պատրաստել՝ մրջնանոց կոչվող թխվածքի խմորն առանձնացնելու համար:

«Թելի կոճերի պլաստմասաներն են, կտրեցի, մշակեցի ու տեսա, որ շատ հարմար չափ ունեն մրջնանոցի համար, երկու կողմից անցքեր կան, մի կողմը լայն, մյուսը՝ նեղ, մրջնանոցի փշրանքները լայն կողմով լցնում ենք մեջը, իսկ հետևի՝ նեղ կողմից սեղմելով դուրս բերում»,-ասում է Արտյոմն ու հպարտությամբ ներկայացնում իր հնարամտության արդյունքը:

Արտյոմի կողքին աշխատում է կինը՝ 31-ամյա Նաիրա Պետրոսյանը, ում հետ բոլորը սովորել են շփվել ժեստերի լեզվով: Նա լսողության խնդիր ունի, սակայն գործընկերները վկայում են, որ դա նրան ոչ մի կերպ չի խոչընդոտում աշխատել ու շփվել մարդկանց հետ:

«Ամենքս մեկը մյուսին օգնելով հարմարվել, աշխատում ենք, չի լինում այնպես, որ մեկը մնա պարապ: Իսկ Նանային շատ հեշտ ենք հասկանում: Նանան հրաշալի մարդ է, հրաշալի ձեռք ունի, շատ լավ մերվում է մարդկանց հետ»,-ասում է 58-ամյա Սիրվարդ Ավետիսյանը:

Ժպիտներով, փոխադարձ հարգանքով և միմյանց օգնելու պատրաստակամությամբ լցված մարդկանցով գործող այս արտադրամասը, սակայն ևս զերծ չի խնդիրներից:

Սաթիկ Բադեյանն ասում է, որ նույնիսկ իրենց փոքր բիզնեսն իր վրա զգացել է վերջին ամիսների դոլարի փոխարժեքի տատանումներն, իսկ Ռուսաստանից եկող տրանսֆերտների նվազման հետևանքով չորս անգամ պակասել է սպառումը:

«Հարկային ոչ մի արտոնություն չկա: Փորձեցինք մեր արտադրանքը հասցնել նաև Հրազդան, սակայն ճանապարհածախսը շատ է, բացի այդ այնտեղի ժողովրդի վիճակն էլ մի բան չի: Սակայն այս արտադրամասում հրաշալի կոլեկտիվ է ստեղծվել, կարծես մի ընտանիք լինենք, իրար հետ հաց ենք ուտում, տոներ նշում: Հույս ունենք, որ լավ է լինելու, մեծացնելու ենք մեր ծավալներն ու մի օր կսկսենք օգուտով աշխատել»,-ասում է Բադեյանը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում գրանցված է շուրջ 196 հազար հաշմանդամություն ունեցող անձ, որոնց համար, սակայն հայաստանյան աշխատաշուկայում աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ չէ: Հաշմանդամների 92 տոկոսը Հայաստանում աշխատանք չունի: Բացի այն, որ երկիրը դեռևս շատ հեռու է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված լինելուց, հասարակության կարծրատիպերը ևս զերծ են պահում հաշմանդամություն ունեցողներին աշխատելուց:

Սակայն «Save the children»-ի Life ծրագրի շրջանակներում 400-ից ավել հաշմանդամ ընդունվել է  աշխատանքի՝ տարբեր ոլորտներում:

Armen-Alaverdyan

Արմեն Ալավերդյան

Ծրագրի գործընկեր «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանն ասում է, որ շուրջ 500 հաշմանդամություն ունեցող անձ անցել է վերապատրաստում, ստացել է միջին մասնագիտական կրթություն: Նրանցից շատերին աշխատանքի է վերցրել Արտակարգ իրավիճակների նախարարությունը, մինչդեռ պետական այլ կառույցների դռները դեռևս փակ են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

Սակայն արդեն 2015-ի հունվարի մեկից 100-ից ավելի աշխատակից ունեցող պետական կառույցները պարտավորվեցին աշխատանքի ընդունել նաև հաշմանդամություն ունեցողների: Պետական հիմնարկներում հաշմանդամները պետք է կազմեն աշխատակիցների 3 տոկոսը, իսկ մասնավորներում, որտեղ օրենքն ուժի մեջ կմտնի 2016-ի հունվարից` 1 տոկոսը:

Ըստ Ալավերդյանի՝ այս ծրագրում կան ինչպես դրական, այնպես էլ բացասական զարգացումներ:

«Դրական է քվոտաների ներմուծումը, սրա չիրականացնելն ունի լուրջ պատժամիջոցներ, գործատուն, պարզապես իր շահից ելնելով կընդունի աշխատողների: Գործատուին ոչ ոք չի խնդրում անպիտան կադրեր ընդունել, հաշմանդամություն ունեցողների մեջ կան շատ լավ, որակյալ կադրեր: Աշխատանքի հարմարեցման ծրագիրն է ընդլայնվել, ինչը ողջունելի է»,-ասում է Ալավերդյանը, նշելով, որ ցավոք կրճատվել են որոշ ծրագրեր, ինչպես օրինակ աշխատավարձի մասնակի փոխհատուցումը, որը նախկինում երկու տարի ժամկետով էր տրվում, մինչդեռ հիմա տրվելու է ընդամենը վեց ամիս, ինչն ըստ Ալավերդյանի քիչ ժամանակ է, որպեսզի մարդը հմտություն, աշխատանքային փորձ ձեռք բերի և դառնա մրցունակ աշխատող աշխատաշուկայում:

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ.հասցե: [email protected]

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031