Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ի հեծանավը Գետառով լողում է». Ազատ Արշակյան

Մարտ 03,2015 13:47

«Մեր գործը թողած հիմա ընդդիմությամբ պետք է զբաղվենք: Ընդդիմությունը սկսել է մեկը մյուսի նկատմամբ արշավ կազմակերպել եւ ամեն մեկը փորձում է ցույց տալ, որ միակն է, իրենից բացի ընդդիմություն չկա: Ընդդիմությունը պետք է փորձի համախմբվել: Քառյակ, հնգյակ, եռյակ էին փորձում անել, չստացվեց, պետք է հիմա փորձեն իշխանությունների հետ աշխատել, ոչ թե հասարակությանը հիասթափեցնեն: Իշխանությունը միշտ նպաստել է, որ ընդդիմությունն իր կարծիքն արտահայտի հրապարակներում ու ԱԺ-ում, իշխանությունը մեղավոր չէ, որ ընդդիմությունը չի ցանկանում օգտվել իր ասելիքն արտահայտելու հնարավորությունից»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Քաղաքական, հասարակական գործիչ Ազատ Արշակյանն էլ ամեն ինչում իշխանությանն է մեղադրում. «Եթե չունենք ընդդիմություն, իշխանությունն է մեղավոր: Իշխանությունը ոչ թե պետք է սարքի ընդդիմություն իրեն հարմար ու խոցելի, նախօրոք պարտված ընդդիմություն, այլ պետք է օրենսդրական գործիքակազմով պայմաններ ստեղծի, որ իրեն փոխարինի ընդդիմությունը: Պետք է իշխանությունը պատրաստի իրեն փոխարինողին, իսկ այս առումով իշխանություններն անելիք ունեն»:

Նա առաջ քաշեց նաեւ կուսակցությունների, ընտրությունների մասին օրենքների անհրաժեշտությունը:

Ըստ նրա, քաղաքական դաշտում ստեղծված գաղջ մթնոլորտի արդյունքում ունենք 70 կուսակցություն, իսկ ԱԺ-ում 70 կթվոր ու կթվորուհի, որ իրենց խոսքը չեն ասել: Հետո դիմեց ՀՀԿ-ական պատգամավորին. «50 տոկոս գործիչներ ունեք ԱԺ-ում, պետք է կարողանաք պայմաններ ստեղծել, որ չկարողանանք ասել, որ ձեր օրենքների կիրառության արդյունքում ընդդիմությունը խեղճացած է…

ՀՀԿ-ի հեծանավը Գետառով լողում է, պայմաններ ստեղծեք, որ գոնե Հրազդան գետով ուրիշ նավ լողա»:

Ըստ Սուքիաս Ավետիսյանի այնպես չէ, որ ընդդիմադիր դաշտում ներուժ չկա, պարզապես պետք է փորձեն համագործակցել ոչ թե մեկը մյուսին խորտակել.« Կան կարծիքներ, որ իշխանությունն է ընդդիմության խորտակման պատճառը, բայց ընդդիմությունն է մեկը մյուսին խորտակում՝ հայտարարելով՝ ես միակն եմ, ինձնից բացի ուրիշը չկա»:

Ազատ Արշակյանն էլ է ընդդիմության դաշտում ներուժ տեսնում. «Ներուժ կա թե կուլտուրայի առումով, թե կան կադրեր, թե ծրագիր»:

Անդրադառնալով 1-ին նախագահի վերջին ելույթին՝ Սուքիաս Ավետիսյանը կարճ ասաց՝ հասարակության առջեւ նման ելույթ նախկին նախագահը չպետք է ունենար, իսկ Ազատ Արշակյանն ասաց, որ նա պետականաշինության ու պատերազմում հաղթած նախագահ է ու կարող է հիմա «թուլանալ», նույնիսկ հեգնել քաղաքական մյուս ուժերին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031