Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Բոմժանոց ենք»

Մարտ 03,2015 14:29

«Այն, որ այս փոփոխություններով այս նախագիծն ավելի շահեկան է, քան նախորդը, պարզ է: Այն, որ կառավարությունն ուզում է նաեւ պայքարել ստվերի դեմ, դա էլ է զգացվում, բայց մոտավորապես են ուզում պայքարել ստվերի դեմ: Սկզբունքորեն չի պայքարում»,- այսօր ԱԺ-ում Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ըստ նրա, քաղաքական առումով այս նախագծով լեգիտիմացվում է ֆինանսատնտեսական մի հատվածի ստվերը. «Ստացվում է, որ հիմնական ստվերի դեմ չեն ցանկանում պայքարել: Ես չգիտեմ, կառավարությունը փորձո՞ւմ է հասկանալ ինքն ինչով է զբաղված»: Ռուբեն Հակոբյանն առաջարկեց, որ քաղաքական ղեկավարությունն իր մոտ կանչի ֆինանսատնտեսական հատվածը տնօրինող այդ մի քանի մարդկանց եւ ասի, որ գիծ ենք քաշում այլեւս. «Ով որ մի լումա թաքցնի պետությունից՝ Մաքսայինի պետերից սկսած, մինչեւ մանր ու միջին ձեռնարկատերերը, նրանց հերը պետք է անիծվի, նրանք պետք է սնանկացվեն: Մենք այլեւս հասել ենք մի սահմանագծի, որ պետությունը չի կարողանում այլեւս շնչել, զարգացում ապրել: Պետք է խնդիր դնել, որ այսօրվանից պետք է գիծ քաշել, որ այսօրվանից ավարտվել է այդ փուլը: Դրա համար պետք է քաղաքական կամք եւ նրանք, որոնք որոշում են կայացնում, չպետք է լինեն կոռուպցիայի դաշտում: Կարո՞ղ ենք, չէ՞ դա անել: Ամենակարճ ճանապարհն է: Պետք է վերջապես ավարտել այդ փուլը: Համաշխարհային փորձն ասում է, որ չի կարող ճյուղի վրա նստածը ճյուղը կտրի, որովհետեւ կընկնի ու շանսատակ կլինի: Բայց դուք ասում եք ոչ, կարող է: Նա, ով ղեկավարում է կոռուպցիան, կարող է վերահսկել կոռուպցիան: Հակառակ բանն եք ուզում անել, չի լինի այդպես: Միջին մտավոր կարողություններ ունեցող մարդը շատ լավ հասկանում է, որ դուք չեք պայքարում չարիքի դեմ: Թեորեմը սա է՝ վերահսկողությունը պետք է իրականացվի ընդդիմության կողմից: Դուք ասում եք, որ դա չի կարող տեղի ունենալ: Չի կարող, դրա համար էլ դուք միշտ կդոփեք տեղում: Այս ռեգրեսը կշարունակվի: Իսկապես, բոմժանոցի է նմանվել պետությունը»:

Նա նշեց, որ Գյումրիում տաքսիստներն են ոտքի ելել. «Բոլոր ոլորտներում այդ օրենքներն ընդունում եք ու ժողովրդին կրակն եք գցում: Սա էլ նույն բանն է: Ես, որպես քաղաքացի, ի՞նչ անեմ, կո՞ղմ քվեարկեմ, որ նախորդ նախագծից լավն է: Բայց մի տարի հետո ասելու ենք՝ ինչու սկզբունքորեն չենք լուծում խնդիրը: Ես հարգում եմ ինձ, հասկանում եմ, որ իշխանությունը ականջալուր չի ո՛չ համաշխարհային օրինաչափություններին, ո՛չ էլ այստեղ հնչած մտքերին, որ չի կարելի մոտավորապես պայքարել ստվերի դեմ: Ստվերի դեմ պետք է պայքարել սկզբունքորեն: Պետք է ստվերի դեմ պայքարողը ցույց տա, որ ինքը ստվերի հետ կապ չունի, որ իսկապես, բիզնեսն ու իշխանությունը տարանջատված են, որ հնարավորություն չի ստեղծում, որ ամեն մի տգետ կամ չգիտեմ ինչ, ինչ-որ կապերից օգտվելով՝ գա տեր կանգնի տնտեսությանը եւ տնտեսությունը տանի դեպի ախոռ: Այսօր այս դեգրադացիան ավելի ակնհայտ է, քան 90-ականներին: Մենք խորը դեգրադացիա ենք ապրում ամեն ոլորտում:Վստահ եմ, որ դուք ավելի մտահոգ եք, եկեք նստենք, մի քիչ մեզ հարգելով, մեր տրամաբանությունը հարգելով, մեր գրագիտությունը հարգելով՝ այնպիսի օրենքներ ու որոշում բերենք, որից մեր պետությունը օգտվի: Բոմժանոց ենք: Ես դեմ եմ քվեարկելու՝ ընդունելով, որ սա ավելի լավ օրենք է, քան նախորդը: Ես գտնում եմ, որ պետք է սկզբունքային դաշտում այս հարցը լուծվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031