Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնի պատմություն, թե՞ քարոզչություն

Մարտ 03,2015 17:56

Հակոբ Սանասարյան. «այս առարկայով մոլորեցնում են երեխային, խաթարում նրա բանականությունն ու տրամաբանությունը».

Երկու տարի առաջ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի հանձնարարականը հայաստանյան դպրոցներից «Հայոց եկեղեցու պատմության» պարտադիր ուսուցումը հանելու և այն կամավոր դարձնելու վերաբերյալ, չնայած մերժվեց  կառավարության կողմից, սակայն այս հարցի շուրջ քննարկումները դեռ չեն հանդարտվում:

Արմեն-Աշոտյան1

Արմեն Աշոտյան

Դեռ անցյալ տարի, ի պատասխան ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին, թե արդյոք չի հանվելու առարկան պարտադիր առարկաների շարքից, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ասել էր, «Հայաստանում կրթության բովանդակությունը որոշում է Հայաստանի կառավարությունը, իսկ ՄԱԿ-ի զեկույցում հանձնարարականները պարտադիր բնույթ չունեն»:

Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» պարտադիր առարկան դասավանդվում է արդեն 12 տարի, սակայն ինչպես ահազանգում են հասարակական կազմակերպությունները, հանրակրթական դպրոցներում այս առարկայի դասավանդման հետևանքով բարոյական և հոգեբանական ճնշման թիրախում են հայտնվել կրոնական այլ համոզմունքներ ունեցող ընտանիքների երեխաները:

Stepan-Danielyan

Ստեփան Դանիելյան

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանն ասում է, որ դասագրքերի բովանդակությունը միանշանակ եկեղեցու պատմություն չէ, այլ՝ գաղափարախոսության քարոզչություն:

«Մենք այս տարիների ընթացքում բազմաթիվ բողոքներ ենք ստացել ծնողներից, որ դպրոցում այդ առարկայի դասավանդումը վերահսկում են տեղի քահանաները, ովքեր ուսուցիչներին հրահանգներ են տալիս, մասնակցում են դասերին: Երեխաներին տանում են եկեղեցական ծիսակատարությունների, դասերի ժամանակ ստիպում են աղոթել: Ուսուցիչները ամոթանք են տալիս այն աշակերտներին, ում ծնողները այլ կրոնական կազմակերպության անդամներ են, ու ամբողջ դասարանի առջև նրանց անվանում աղանդավորներ: Այդ աշակերտներին դասարանից դուրս են հանում,  մեկուսացնում, նույնիսկ նրանց դասընկերներին են ներքաշում, որպեսզի մասնակցեն այդ բոյկոտին»,-ասում է Դանիելյանը:

ՀԿ-ի ներկայացուցիչները նշում են, որ հոգևոր հովիվն ու ուսուցիչը կազմում են անգամ այն երեխաների անունների ցուցակը, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեն:

«Դասագրքում ազգությունը նույնականացվում է եկեղեցու հետ, և ով հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ, ուրեմն հայ չէ: Անգամ Ոստիկանության աշխատակիցներն են հայտարարում, որ իրենք հոգևորականների հետ գնում են դպրոցներ «աղանդավորներին» գտնելու, վերադաստիարակելու, նրանց ծնողների հետ հանդիպելու համար և այդ վերադաստիարակմանը նաև նրանց դասընկերներին ներգրավվելու: Ու դասարանում սկսվում է պառակտում, աշակերտների մոտ կարծրատիպեր են ձևավորվում, թշնամական վերաբերմունք է ստեղծվում այն երեխաների հանդեպ, ովքեր այլ կրոնական պատկերացումներ ունեն: Հետևանքներն ակնհայտ են. այդ աշակերտները պարզապես մեկուսանում են դասարանում, հետագայում օտարված և թշնամացած զգում հասարակությունում, կամ ստիպված լինում արտագաղթել»-հավելում է Դանիելյանը:

Հայոց եկեղեցու պատմության դասագրքերով  դասավանդվում են 2003 թ-ից ՀՀ 1400 դպրոցներում: Առարկան դասավանդվում է  5-ից 11-րդ դասարանների համար:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի կրթական հարցերով փորձագետ Արմինե Դավթյանն ասում է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի նմանօրինակ դասավանդումը հակասահմանադրական է:

«Հանրակրթական դպրոցը սահմանադրորեն հռչակված է որպես աշխարհիկ, և ոչ մեկը՝ այդ թվում Հայ առաքելական եկեղեցին,  իրավունք չունի մտնի դպրոց և իր դավանանքը քարոզի: Ի՞նչ է նշանակում քահանան ունի իր ձեռքի տակ «աղանդավոր» երեխաների ցուցակը, կամ ուսուցիչների վերապատրաստումը կատարվում է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում: Սա նշանակում է, որ պետությունը  պարարտ հող է ստեղծել առաքելական եկեղեցու  գործունեության և այդ  մարդկանց իրավունքների խախտման համար: Կրթության և գիտության նախարարությունը կատարում է եկեղեցու, կաթողիկոսի պատվերը  և թքած ունի երեխայի իրավունքի վրա, որ նա լացելով է գնում տուն, կամ ուսուցչի կողմից նսեմացված, ընկճված, հուսահատված»-նշում է Դավթյանը:

Նա հավաստիացնում է, որ սա նախապես լավ մշակված ծրագիր է՝ Կառավարության համար ձեռնտու մթնոլորտ ստեղծելու համար:

«Արջի ծառայություն են մատուցում իրար: Պետությունը եկեղեցու դիրքերն է ամրապնդում  հարկային դաշտում, գործունեության ոլորտում, իսկ եկեղեցին օգնում է հնազանդության մեջ պահել ժողովրդին, որպեսզի ենթարկվի կառավարությանը»,-ընդգծում է Դավթյանը:

Հասարակական կառույցների  ներկայացուցիչները նշում են, որ խնդիրը ավելի շատ մարզերում է, քանի որ հասարակական վերահսկողությունը այնտեղ թույլ է, բողոքները լինում են հիմնականում Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերից:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանը հակադարձում է հասարակական կառույցների բարձրացրած մտահոգություններին և նշում, որ  նախարարությունը որևէ գրավոր և բանավոր հանձնարարություն չի տվել, որ դասերը դպրոցում սկսվեն աղոթքով, կամ աշակերտներին տանեն եկեղեցի՝ մասնակցելու ծիսակատարություններին:

«Բայց դա չի նշանակում , որ առանձին դեպքերում որոշ ուսուցիչներ այդպես չեն կարող անցկացնել իրենց դասը: Այսինքն, դա կարող է լինել ուսուցչի ու դասարանի ցանկությունը, որ մասնակցեն նման ծիսակատարությունների: Մենք երբեք  բողոքներ չենք ստացել ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, հակառակը՝ ինչ դասագիրքը մտել է հանրակրթական դպրոց, մեզ մշտապես շնորհակալություն են հայտնել թե՛ ծնողները, թե՛ ուսուցիչները, որ նման առարկա է դասավանդվում»,-ասում է Ղանդիլյանը, ով աշխատել է դասագրքերի հայեցակարգի մշակման վրա և գրքի հեղինակներից մեկն է:

Նա նշում է, որ դասագրքերը հագեցած են պարզ, մատչելի, դիդակտիկ նյութերով և  ընդհանուր տեղեկատվություն են հաղորդում Աստվածաշնչի մասին: Ղանդիլյանի խոսքով ՝ ամեն ինչ ընտրված է ուսումնադաստիարակչական, կրթադաստիարակչական, բարոյախրատական  նպատակներով և հայագիտական առարկների բացը լրացնելու համար:

Դասագրքերն ունեն կրոնական, մշակութային, պատմագիտական, պատմաաշխարհագրական և  ծիսագիտական բաղադրիչներ:

«Ես գնում եմ մշտադիտարկումների դպրոցներում և ուսուցիչների հետ զրույցում միշտ ասում եմ, որ չպարտադրեն աղոթել, կամ խաչակնքվել այն երեխաներին, որոնց ծնողները այլ կրոնական համոզմունքներ ունեն, բայց պատկերացրեք, որ այդ երեխաները ավելի լավ են սովորում Հայոց եկեղեցու պատմություն առարկան: Ուսուցիչները ասում են, որ նման աշակերտները ավելի հաճույքով են պատրաստվում դասերին, իրենք ավելի լավ գիտեն Աստվածաշունչը, քան մյուսները և միշտ լրացուցիչ նյութերով են գալիս դասի: Դա նրանից է, որ Հայաստանում ժամանակակից աղանդավորական շարժումների ճնշող մեծամասնությունը քրիստոնյա են և այդ երեխաները ավելի շուտ են ճանաչում Աստվածաշունչը, քան 6-րդ, 7-րդ դասարաններում առարկան անցնելը»,-ասում է Կրթության ազգային ինստիտուտի հայագիտության և սոցիալ մշակութային բաժնի մասնագետ Հասմիկ  Մարգարյանը:

Hakob Sanasaryan

Հակոբ Սանասարյան

Սակայն մտահոգությունները այս առարկայի շուրջ չեն փարատվում,  Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, ով 2010-ին հրատարակել է իր «Հայոց եկեղեցու պատմությու՞ն, թե՞ հուդայականության ձեռնարկ» գիրքը, անթույլատրելի է  համարում կրոնական դաստիարակությունը դպրոցում:

Նա իր գրքում մտահոգություն է հայտնում, որ Հայոց եկեղեցու պատմություն դասագրքերում դրված է Հին և Նոր կտակարանների ամենահանգույցային դոգմաները:

«Օրինակ՝ 5-րդ դասարանի դասագրքում ողջ հին կտակարանի հրեաների նախահայր Աբրահամի սերունդների կիսաստված լինելու, հրեաներին օգնելու նպատակով՝ ծովի ջրի պատնեշ դառնալու, հրեաների աստվածաստեղծ օրենքների ու նրանց թագավորների պատմություններն են, որոնք սովորական հեքիաթներ են, թվարկածներից և ոչ մեկը որևէ ապացույց չունի: Այդ նույն դասագրքի Նոր կտակարանին վերաբերող բաժնում ներկայացված է հեքիաթների մեկ այլ շարք՝ կույս  Մարիամի ոչ բնական ճանապարհով հղիանալը, Հիսուսի ծնունդը, նրա կյանքը, մկրտությունը, փորձությունները, կատարած հրաշքները, մահը, վերակենդանանալը, երկինք բարձրանալը:  Այսինքն` դասագրքում դրված է հուդայական և քրիստոնեական կրոնների հիմքերը»,-ասում է Սանասարյանը:

Նա նշում է, որ դպրոցում կրոն են դասավանդում, սակայն Կրթության և գիտության նախարարությունը, ինչպես նաև եկեղեցին հայտարարում են, որ դասավանդվող առարկան կրոն չի քարոզում:

«Նպատակը պարզ է: Նրանք ձգտում են մարդկանց ցանցի մեջ պահել, ինչպես դա եղել է հարյուրամյակներ շարունակ: Եկեղեցին ներխուժել է աշխարհիկ կյանք և ակնհայտորեն խարխլում է պետականության հիմքերը, փորձում է բռնազավթել պետական իշխանությունը: Եկեղեցու անցյալն ու ներկան ցույց են տալիս, որ նա երկիրը կառավարող միայն մեկ ղեկավար է տեսնում, դա կաթողիկոսն է: Դժբախտաբար, այս հարցում ակնառու է ՀՀ պետական և եկեղեցական պաշտոնյաների համերաշխությունը»,- ասում է Սանասարյանը:

Սանասարյանը զայրանում է՝ պնդելով, որ «եկեղեցին չի բավարարվում մեծ թափ առած եկեղեցաշինությամբ, սեփական և մյուս լրատվամիջոցներով կատարվող կրոնական քարոզչությամբ, նա ցանկանում է մարդկանց կրոն քարոզել հենց օրորոցից: Քանի որ փոքր տարիքում աշխարհընկալումը նոր է ձևավորվում երեխաների մոտ, այս առարկայով նրանք միանգամից մոլորեցնում են երեխային, խաթարում նրա բանականությունն ու տրամաբանությունը»:

«Նրանք ուզում են, որ մարդը վերլուծական մտքից զրկվի և դառնա մի ողորմելի արարած, որի հետ ինչպես ցանկանան, այնպես էլ վարվեն: Պատահական  չէ, որ քրիստոնեական վարդապետությունում հավատացյալներին անվանում են ոչխարների հոտ: Գիտնականները բազմիցս ասել են, որ չի կարելի մանկուց երեխայի մոտ աշխարհի սխալ պատկեր տալ, դա ծանր հանցագործություն է»,- վստահեցնում է Հակոբ Սանասարյանը:

Ստեփան Դանիելյանը պնդում է, որ եկեղեցու պատմությունը հատվածական է ներկայացված գրքում և զետեղված են այն հատվածները, որոնք ցույց են տալիս եկեղեցու պատմության դրական կողմերը, մինչդեռ բացասական կողմերը թաքցված են:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի աշխատակից    Հովհաննես սարկավագ Մանուկյանը ասում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը որակում են որպես քարոզչություն՝ անտեղյակ և քարոզչություն եզրույթի վերաբերյալ ոչ գիտակ մարդիկ են, որովհետև այն պատմական բլոկի առարկա է, որը գիտելիք է տալիս աշակերտին իր ազգային եկեղեցու մասին:

«Մենք դպրոցում երբեք դավանաբանական, քարոզչական և կրոնամոլական տիպի               նպատակներ չունենք և չենք ունեցել: Այդ բոլոր ալիքներն ապազգային, մեր ազգի պետական        ու հոգևոր հիմքերը խարխլելու և այլ աղետալի նպատակներ են հետապնդում: Իսկ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման ժամանակ նկատվող խտրականության մասին սոցցանցերում շրջանառվող լուրերը համարում ենք զրպարտություն, քանզի դրանք չեն համապատասխանում իրականությանը: Անկախ այդ ամենից մենք միշտ հորդորում ենք ուսուցիչներին, որ զերծ մնան խտրությունից, անհանդուրժողականությունից, և եթե կան այդպիսի դեպքեր, խնդրում ենք ահազանգել և մենք էլ կհետապնդենք, որպեսզի նմանատիպ երևույթները տեղ չգտնեն մեր կյանքում»,-ասում է Հովհաննես սարկավագ Մանուկյանը:

Նա հավելում է, որ Քրիստոնեությունը առանձնահատուկ դեր է խաղացել Հայոց պատմության մեջ, ինչն անխզելիորեն կապված է Հայ առաքելական եկեղեցու հետ և Հայոց եկեղեցու շնորհիվ քրիստոնեությունը դարձել է հայ ժողովրդի ազգային նկարագրի անբաժանելի մասը:

«Պետք չէ ուրանալ նրա ունեցած մեծ ներդրումը հայոց հոգևոր, կրթամշակութային արժեքների ձևավորման և պահպանման, հայոց պետականության ամրապնդման և զարգացման, ազգապահպանության գործում: Հետևաբար Հայոց եկեղեցու պատմությունը աճող սերնդի համար կարևոր նշանակություն ունի: Դասընթացի առաջնային նպատակն է պատմական փորձառությամբ ծանոթացնել  քրիստոնեության հոգևոր, բարոյական, արժեքային համակարգի հիմունքներին և դաստիարակել բարություն, ընկերասիրություն, հավատարմություն, հարգանք ծնողների և ավագների նկատմամբ, նպաստել աճող սերնդի ազգային-հոգևոր նկարագրի ամբողջացմանը»,-նշում է Հովհաննես սարկավագ Մանուկյանը:

Մինչդեռ հասարակական ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ եկեղեցու պատմության փոխարեն կարելի էր դպրոցում դասավանդել դիցաբանություն, կամ բարոյագիտության հիմունքներ, որոնք ավելի կրթադաստիարակչական բնույթ կունենային:

«Իսկ եթե եկեղեցին ու պետությունը ուզում են հոգևոր կրթություն տալ, ապա կարող են բացել կիրակնօրյա դպրոցներ: Այն ծնողները, ովքեր ցանկություն կունենան իրենց երեխաներին տանելու, թող տանեն աղոթեն, ծիսակատարությունների մասնակցեն, բայց դա չլինի պարտադիր հանրակրթական ծրագիր: Հակառակ դեպքում, ինչու՞ են միայն հայ առաքելական եկեղեցու մասին դասավանդում, թող բոլոր կրոնների մասին դասավանդվի, որպես պատմություն, որպեսզի երեխաները իմանան, թե որ կրոնը որից ինչով է տարբերվում: Որևէ մեկն իրավունք չունի երեխաների համար դպրոցում պարտադիր կրոնական քարոզչություն իրականացնի»,-նշում է Դանիելյանը:

Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մեր ազգի ամբո՛ղջ ողբերգությունը «մեկ ազգ,մեկ եկեղեցի» կարգախոսն է: Այն պիտի լինի՝ «մեկ ազգ, մեկ հայրենիք». ա՛յս դեպքում գուցե հայը հաղթի: Այսպես կոչված հայ «ավանդական» կառուցների (որոնց թվում հայ առաքելական եկեղեցին) պատգամը ո՞րն է(ր). «աղոթեք ու հարմարվեք/յոլա գնացեք, որ ավելի շատ չկոտորեն»:

    Այսպես կոչված «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդումը բացարձա՛կ պրոպագանդա է՝ հայ առաքելական եկեղեցու օգտին: Իմ ՀԱՄՈԶՎԱԾ կարծիքն այն է, որ հայը թուլացավ ու իր պետականությունը կորցրեց գլխավորապես քրիստոնեության հեզ-պարտվողական գաղափարախոսության հետևանքով: Այսինքն՝ ազգի շահերը միշտ փորձել են նույնացնել եկեղեցու շահերի հետ. սա ՄԱՀԱՑՈՒ սխալ է:

    Իսկ ի՞նչու չեն այսպես կոչված «Հայոց եկեղեցու պատմությունը» դասավանդում որպես ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ առարկայի մաս, որը կդասավանդվի պատմության ուսուցիչների կողմից: Ինչու՞ է հայ առաքելական եկեղեցին աջ ու ձախ խառնվում հայի պետակա՛ն հարցերին. ի՞նչ նպատակով:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այսպես կոչված «Հայոց եկեղեցու պատմության» դասագրքերում պատմությունը խեղաթյուրված է՝ ի շահ հայ առաքելական եկեղեցու: Շատ պատմական փաստեր պարզապես չկան: Օրինակ հետևյալ պատմական փաստը.

    906 թ.-ից սկսած ու տարինե՛ր տևած սյունյաց բազմաթիվ գյուղերի (հատկապես՝ Ավելադաշտ ու Տամալեկ գյուղերի) գյուղացիների զինվա՛ծ ապստամբությունը եկեղեցու ու Տաթևի վանքի/վանականների դեմ. ու, սյունյաց հոգևոր առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի (880-918) խնդրանքով, Սյունիքի Սմբատ իշխանի արյունահեղությունները սյունեցիների դեմ՝ հատկապես Ցուրաբերդում:

  3. Armo says:

    Վարազ ջան բա մեր նորօրյա պատմությանը ուսումնասիրողները ի՞նչ հետևություն պետք է անեն երբ կաթողիկոսը կոչվածը ձեռքը դնում է ավազակապետությունը շենացնողի գլխին ու օրհնում նրան: Իմ հետևությունը հետևյալն է. Նա ասում է՝ օրհնվես դու, քո նախորդներն ու քո հաջորդները: Ես ձեր օրհնում եմ երբ դուք կեղծում եք ընտրություններն ու թալանում եք ժողովրդին: Ձեր հետ եմ հավիտյանս հավիտենից… (դե իհարկե սա չի անում անվարձահատույց այլ պայմանով որ ինքն էլ բաժին ունենա գողոնից):
    Երեխան սա տեսնում ու ընկալում է որպես նորմալ ու վաղը կձգտի այս համակարգը էլ ավելի կատարելագործել: (մինչև որ իհարկե այն կկործանվի, ինչպես որ դարեր շարունակ է կործանվել): Մենք չենք կարողանա այս շրջապտույտից դուրս գալ քանի դեռ էջմիածնից սնվող այս վարակի դեմը չենք առել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031