Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «3 նախագահներին կտայի 41 հազար դրամ եւ մի փոքր խրճիթ ու կասեի՝ ապրի այստեղ»

Մարտ 03,2015 18:07

Իշխող ուժն այն ուժն է,որը աշխարհով մեկ հայտարարում է, որ առաջին, երկրորդ նախագահն էլ այսօր էլ խիստ պահանջված են հասարակական, քաղաքական կյանքում: Սա է մեխը: Մնացած բոլոր հարցադրումներն իրավունք ունեն գոյության: Մեխը նա է, որ հայոց պետականությունը թեւակոխել է մի փուլ, որ անձնական հարաբերությունները, կշտամբանքները երկրորդ պլան են տեղափոխվում»,- «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծն ԱԺ նիստում այսպես մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

Ըստ նրա, շատ հատկանշական է, որ հենց հիմա է այս որոշումն ընդունվում. «Այսօր մենք պետք է արձանագրենք աննախադեպ մի հաղթանակ, ինչ տեղի է ունեցել Բրյուսելում»:

Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր ելույթում նշեց, որ հիմնական մեխը օրինագծի այն է, որ մենք պետք է պաշտոնաթող նախագահներին նկատմամբ ունենանք հարգալից վերաբերմունք, որ հարգում ենք նախագահի ինստիտուտը. «Ցանկալի էր, իհարկե, որ ունենայինք Հայաստանի Հանրապետություն, ունենայինք նախագահներ եւ հարգեինք այդ ինստիտուտը:  1996-ին այդ պաշտոնաթող նախագահներից մեկը, երբ չէր ընտրվել, հրավիրեց Ազգային անվտանգության նիստ, այդ նիստին նաեւ ներկա է եղել ներկայիս դե ֆակտո նախագահը՝ Սերժ Սարգսյանը: Այդ նիստի ժամանակ որոշում է ընդունվել առաջին անգամ մեր՝ հանրության նկատմամբ կիրառել զինված ուժերը: Հիմա, եթե մենք հարգանքից ենք խոսում, ապա ինչպե՞ս են այդտեղ հավաքված մարդիկ հարգում նախագահի ինստիտուտը: Հարգանքը այդտեղից պետք է գա, ոչ թե կենսաթոշակներից: Երկրորդ անգամ, երբ այդ պաշտոնաթող նախագահը վիճարկում էր ընտրությունների արդյունքները, նրա նկատմամբ նորից կիրառվեց զինված ուժերը, եղան կրակոցներ, որի հետեւանքով 10 զոհ ունեցանք: Հիմա ովքե՞ր են այդ անձինք, նրանք հարգե՞լ են այդ ինստիտուտը, երբ օգտագործել են մեր հայկական բանակը մեր ժողովրդի դեմ»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, հարգանքը պետք է լինի գործողություններից, ոչ թե ուղղակի թղթերով պայմանավորված: Նա ասաց, որ այդ երեք նախագահներից միայն մեկն է ընտրվել 1 անգամ, մյուսներն ուղղակի բռնազավթել են իշխանությունը. «Այսօրվա դե ֆակտո նախագահը Գյումրիում այդ ողբերգական իրադարձության հետեւանքով բոլորը սգում էին, սուգ չի հայտարարում: Եթե նա նախագահ է, եւ հարգում է այդ ինստիտուտը, ինչո՞ւ չէր եկել ցավակցելու մեր ժողովրդին, երբ ժողովուրդը ցավ էր ապրում: Իրե՛նք չեն հարգել ոչ ինստիտուտը, ո՛չ իրենք իրենց: Հիմա սրանով մենք որոշելու ենք հարգանքի տուրք տա՞լ: Ունենք հսկայածավալ արտագաղթ: Իմ գործընկերն ասաց՝ ինչ է, պաշտոնավարումից հետո դառնան իրենք բո՞մժ: Բա որ իրենց պաշտոնավարման ընթացքում հայ ժողովրդին դարձրել են բոմժ, այս 1 մլն-ից ավելի մարդիկ քաղցած են քնում գիշերը, տատիկ-պապիկները, ովքեր թոշակ են ստանում եւ 41 հազար դրամով չեն կարողանում ապրել, քաղցած քնում են, օրինակ, այդ նախագահներին ես «կպատվեի»՝ նրանց տալով 41 հազար դրամ եւ տայի մի փոքր խրճիթ ու ասեի՝ ապրի այստեղ: Սա պետք է լիներ նրանց պատվելու միջոցը: Այլ ոչ թե բերել, մի հատ էլ արտոնյալ պայմաններով ասել, որ նրանց պետք է թոշակ տրամադրենք: Ուղղակի ամոթ է մեր հասարակությունում այսօր՝ այս պահին բերել  սա ընդունել, երբ ժողովուրդն իրոք աղքատության մեջ է: Դուք այստեղ մտնելիս ամեն օր, ամեն ժամ տեսնում եք, թե քանի մուրացկան է այստեղ գումար մուրում: Ժողովուրդը սա տեսնում է, կասի՝ հիմա էլ  նախագահների թոշա՞կն են ուզում բարձրացնել: Չի կարելի, հետ տարեք սա: Միասնությունից եք խոսում, սա միասնության օրինագիծ չէ: Միասնություն կարող է տեղի ունենալ, երբ այս մարդիկ իրոք հեռանան ե՛ւ քաղաքական դաշտից, ե՛ւ պետական կառավարումից: Այդ երեքն էլ պետք է հեռանան»:

Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորեց ԱԺ ամբիոնը չօգտագործել նախընտրական ճառերի համար. «Հեռացողը հեռացել է, մնացողն էլ մնացել է, հարգելի տիկին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031