Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Զարուհի Փոստանջյանի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազի

Մարտ 03,2015 18:19

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մարտի 3-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը:

«Դատարանը որոշում կայացրեց, որ դատախազի գործողությունները օրենքին չեն հակասում: Իմ կարծիքով՝ դրանք սկզբունքորեն հակասում են, եւ եթե դատարանը ձեւականորեն օրենքի կողմնապահ է, ապա դրանով դատախազի անգործությունը ամենեւին էլ չի նշանակում, որ առկա չէ»,- ասաց նա:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ են բողոքարկել դատարանի վճիռը, նա պատասխանեց, որ պատրաստվում են բողոքարկել այն Վերաքննիչ դատարանում եւ հասնել մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Չեմ կարող ասել, թե հետո ինչ կլինի, բայց, համենայն դեպս, այս դրությամբ մենք գլխավոր դատախազին խոստանում ենք մի անգամ էլ Վերաքննիչ դատարան տանել»:

Aravot.am-ի նկատառմանը, թե Մարդու իրավունքի եվրոպական դատարանում Հայաստանը հենց Գեւորգ Կոստանյանն է ներկայացնում, ինչպե՞ս տեղի կունենա գործընթացը:

«Մենք պատկերացնում ենք, որ գլխավոր դատախազն ինչպես այստեղ է ամեն ինչ անում, հետո էլ գնալու է այնտեղ որպես կառավարության ներկայացուցիչ այնտեղ ամեն ինչ անի, որպեսզի իր դեմ բողոքն արդեն Եվրոպական դատարան արդյունք չտա: Բայց մենք նաեւ ասում ենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կան որոշակի քաղաքակիրթ ուժեր, որոնք դատական ճանապարհով փորձում են իշխանություններին անպայման ստիպել աշխատել, որովհետեւ չի կարելի, որ ՀՀ պաշտոնատար այրերը մոռանան, որ իրենք Հայաստանի Հանրապետությունից են աշխատավարձ ստանում, ոչ թե Ռուսաստանի Դաշնությունից»,- պատասխանեց պաշտպանը:

Հիշեցնենք՝ Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ընդդեմ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի: Նա պահանջում է քրեական գործ հարուցել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված  արարքի՝  ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ, Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ: Նա նաեւ պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի  329-րդ հոդվածով նախատեսված  արարքի՝ Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031