Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Մարդիկ կան, որոնք ամեն բառի տակ «Ծովից ծով» են փնտրում»

Մարտ 03,2015 20:30

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Ժամը» լրատվական ծրագրին

Լիլիթ Դավթյան – Դիվանագետի օրվա առիթով այսօր հյուրընկալել ենք փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: Բարի երեկո: Շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի առիթով:

Շավարշ Քոչարյան – Բարի երեկո: Շնորհակալություն:

Արտակ Հերիքյան – 1992թ., երբ Հայաստանն անդամակցում էր ՄԱԿ-ին, մենք դեռ դիվանագիտական փորձ, ավանդույթներ չունեինք, պետականազուրկ ազգը, բնական է, որ այդպիսիք, գոնե հարուստ, չունի: Այս 23 տարվա ընթացքում, ըստ Ձեզ, մեզ ինչպիսի՞ դիվանագիտություն հաջողվեց ստեղծել: Այսօրվա հայկական դիվանագիտության երեք հիմնական բնորոշիչները:

Շավարշ Քոչարյան – Նախ թվերով խոսեմ: Այդ ընթացքում մենք դարձանք 90 միջազգային կազմակերպության անդամ: Դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել ավելի քան 160 երկրի հետ: Ունենք արտերկրում 65 դիվանագիտական ներկայացուցչություն: Մոտ 2000 միջազգային պայմանագրեր ենք կնքել: Սա թվաբանություն է: Երկրորդը` բնական է, որ այդ ավանդույթների բացակայության պարագայում դա այդքան էլ դյուրին չէր, բայց, այնուամենայնիվ, արտգործնախարարությունը կայացել է, ամրապնդվել և շարունակելու է կայանալ և ամրապնդվել պետության հետ միասին:

Արտակ Հերիքյան – Որակական բնորոշիչները նկատի ունեի:

Շավարշ Քոչարյան – Գիտեք ինչ, նախ ինքնին ԱԳՆ-ի առկայությունը որակական է: Անկախ պետության համար, չեմ ուզում նսեմացնել որևէ գերատեսչության դերը, չափազանց կարևոր են պաշտպանության նախարարությունը, այսինքն` սեփական ազգային բանակը, կարևոր է արտգործնախարարությունը, կարևոր է կենտրոնական բանկը, այսինքն` դու ունես քո ազգային տարադրամը: Բայց նաև շատ կարևոր են այն ուղղությունները, որոնք նախանշված են Նախագահի համապատասխան հանձնարարականներով և իրականացվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Նախևառաջ, դա նա է, որ մենք պետք մեր ուժերի հնարավորությամբ նպաստենք անվտանգության միջավայրի պահպանմանը, ամրապնդմանը: Դրա հետ անմիջականորեն առնչվում է մեր ազգային համար մեկ խնդիրներից մեկը` ԼՂՀ շուրջ բանակցությունները: Կարևոր են մեր հարաբերությունները Թուրքիայի հետ: Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, Ցեղասպանության ճանաչմանը, ժխտողականության դեմ տարվող պայքարին: Կարող եմ նշել նաև մի շարք այլ կարևորագույն ուղղություններ, որոնք Նախագահի հանձնարարականով իրականացնում է արտաքին գործերի նախարարությունը:

Լիլիթ Դավթյան – Պարո՛ն Քոչարյան, արդեն ասացիք, որ մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են Արցախյան հիմնախնդրի կարգավորումը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Կարո՞ղ եք ասել` այս տարիների ընթացքում որո՞նք են եղել Հայաստանի դիվանագիտական աշխատանքի ամենամեծ և նկատելի սայթաքումները:

Շավարշ Քոչարյան – Սայթաքումնե՞րը:

Արտակ Հերիքյան – Այս երկու հարցերում, այս երկու առաջնահերթությունների:

Շավարշ Քոչարյան – Գիտեք` եթե խոսքը վերաբերում է Ղարաբաղի հիմնահարցին, ապա ես կարծում եմ, որ ի սկզբանե պետք է շատ հստակ լիներ մեր արտաքին հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ դիրքորոշումը, որովհետև տեսականորեն կա 3 մոտեցում: Առաջինը` ազգային փոքրամասնության իրավունքների երաշխավորում: Երկրորդը` բռնի բաժանված ազգի վերամիավորում: Երրորդը` ինքնորոշման իրավունքի իրացում: Մեզանում, ցավոք սրտի, առաջին տարիներին որոշակի շեշտ է դրվել ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման վրա: Իսկ դա նշանակում է` Ղարաբաղն այս կամ այն կարգավիճակով Ադրբեջանի կազմում: Մի պահ շեշտադրվեց երկրորդ ուղղությունը` միավորված լինելու մասին: Եվ վերջապես, այն ճիշտ ուղղությունը, որը տարիներ շարունակ իրականացվում է և համապատասխանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արտահայտած կամքին` ինքնորոշման իրացումն է, այսինքն` անկախ պետություն է: Ես կարծում եմ` ժամանակին այդ հստակության բացակայությունը դրական դեր չի խաղացել: Ամեն դեպքում այսօր արձանագրված է ինքնորոշումը նաև բանակցային սեղանի վրա: Պատահական չէ, որ բանակցություններն ընթանում են երեք միջազգային հանրահայտ սկզբունքների շուրջ` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում: Միանգամից ասեմ, որ մենք որևէ խնդիր չունենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, բայց այդ ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Արտակ Հերիքյան – Պարո՛ն Քոչարյան, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, ըստ էության, Հայաստանի քաղաքականությունն արմատական փոփոխության է ենթարկվում: Նկատի ունեմ` այդ պահանջատիրության հստակ ձևակերպումները 100-րդ տարելիցի հռչակագրում: Անհատների, համայնքների իրավունքներ և այլն:

Շավարշ Քոչարյան – Ես չէի ասի, որ մեր արտաքին հարաբերությունների օրակարգն արմատական փոփոխությունների է ենթարկվել:

Արտակ Հերիքյան – Պահանջատիրությունը չի՞ դրվում դրա հիմքում այսօր արդեն:

Շավարշ Քոչարյան – Ի՞նչ ենք հասկանում մենք դրա տակ: Նայած ի՞նչ ենք հասկանում: Որ ցանկացած անհատ, ցանկացած սփյուռքահայ իրավունք ունի փոխհատուցում պահանջելու, և դա նոր գործընթաց չէ…

Արտակ Հերիքյան – Բայց նախկինում պետությունը դա հստակ չէր ձևակերպում:

Շավարշ Քոչարյան – Դա Համընդհանուր հայկական հռչակագիրն է, որտեղ արտահայտված է հայության բոլոր շերտերի ցանկությունները, պատկերացումները: Բնական է` հիմնական ձողի շուրջ` Ցեղասպանության ճանաչում, ժխտողականության դեմ պայքար, և բնական է, որ այդտեղ Սփյուռքն ունի իր արդարացի պահանջները, Հայաստանն ունի իր օրակարգը: Այնպես որ ես չէի ասի, որ ինքնին Համահայկական հռչակագիրն ինչ-որ կտրուկ փոփոխություն է կատարել: Դա այդպես չէ: Այն, ինչ որ մեր արտաքին հարաբերությունների օրակարգում է այսօր` կապված Թուրքիայի հետ, միանշանակ արտահայտված է այն արձանագրություններում, որոնք ստորագրել է ՀՀ Նախագահը, ոչ ավել, ոչ պակաս: Երբ այդ արձանագրությունները կյանքի կոչվեն, դա կլինի մեր արտաքին հարաբերություն…

Արտակ Հերիքյան – Տեսակետ կա, մասնավորապես առաջին նախագահն ասում է, որ այդ Համահայկական հռչակագրով մենք կկորցնենք մեր վստահությունը, համակրանքը նույնիսկ մեր իսկ գործընկերների շրջանում, նրանց մոտ, որոնք մեզ վստահում են:

Շավարշ Քոչարյան – Գիտե՞ք ինչ, մարդիկ կան, որ միայն Սևրի դաշնագրի հիշատակումից սարսափի մեջ են ընկնում: Չեմ հասկանում` ինչու: Չէ որ այդ համահայկական հռչակագրում գրված չէ, որ Հայաստանի պետությունը հետամուտ է լինելու այն սահմաններին, որոնք այնտեղ են նշված: Արժևորում է: Բա ո՞նց կարող է չարժևորել: Չէ որ հայերի համար, հայության համար դա կարևորագույն իրադարձություն է ճիշտ այնպես, ինչպես Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: Արժևորել մի բան է, այլ բան է ֆիքսել, որ դու, համաձայն Վուդրո Վիլսոնի այդ սահմանների, հետամուտ ես լինում…

Արտակ Հերիքյան – Այսինքն հայկական դիվանագիտությունն այսօր «Ծովից ծով Հայաստանի» գործը կպցնելու խնդիր չունի, ինչպես հասկանում ենք:

Շավարշ Քոչարյան – Մարդիկ կան, որոնք ամեն բառի տակ «Ծովից ծով» են փնտրում: Իրականում դա այդպես չէ: ՀՀ արտաքին հարաբերությունները շատ ազնիվ են ու թափանցիկ: Մենք երբեք մի բան չենք ասում, մտքում ուրիշ բան պահում: Մենք երբեք, մեր դաշնակիցների հետ խոսելիս, չենք բողոքում երրորդների մասին, և հակառակը` երրորդների հետ շփվելիս չենք բողոքում մեր դաշնակիցներից: Վերջիվերջո, գիտե՞ք ինչ: Եթե խոսք գնաց մեր նվաճումների մասին, մի, հնարավոր է, տասներորդական բան ասեմ, բայց, որը չափազանց կարևոր է: Ժամանակին Վիկիլիքսը շատ բան գաղտնազերծեց, և չկա Վիկիլիքսում որևէ հիշատակում Հայաստանի դիվանագիտության մասին, որի համար մենք ամաչենք: Վիկիլիքսը հենց ցույց տվեց, որ մենք եղել ենք ազնիվ մեր բոլոր գործընկերների նկատմամբ: Ի տարբերություն, ասենք հարևան Ադրբեջանի, որը ռուսների հետ հանդիպելիս բողոքում էր Ամերիկայից և Թուրքիայից, թուրքերին բողոքում էր Ռուսաստանից, և այսպես անվերջ: Այսինքն` ես կարծում եմ, որ դիվանագիտության, արտաքին հարաբերությունների ցանկացած հաջողության հիմքում ազնիվ լինելն է բոլորի հետ:

Արտակ Հերիքյան – Բայց դիվանագիտությունը կարո՞ղ է, իրոք, ազնիվ լինել Ձեր համոզմամբ:

Շավարշ Քոչարյան – Ես կարծում եմ, որ մոտեցումը` ազնիվ – անազնիվ, գալիս է ոչ թե դիվանագիտության թվացյալ արդյունավետությունից, այլ մարդու էությունից: Իսկ իրականում հաջողության է հասնում, իմ գնահատականով, դիվանագիտությունը, եթե դրա հիմքում ազնվությունն է: Աշխարհը հիմա այնքան է փոքրացել, այնքան բոլորն ամեն ինչից տեղյակ են, որ այստեղ-այնտեղ խաբելով` առաջ չես գնա: Մանր վաճառականի հոգեբանությամբ չի կարելի պետության արտաքին հարաբերությունները կառուցել:

Լիլիթ Դավթյան – Շնորհակալությու՛ն, պարո՛ն Քոչարյան` Ձեր մասնագիտական տոնի առիթով մեզ մոտ հյուրընկալվելու և հանձինս Ձեզ` շնորհավորում ենք նաև մեր մյուս հայ դիվանագետներին: Մենք զրուցում էինք փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    ուրեմն, այդ իրաւունքը վերապահված է միայն սփիւռքահայերի՞ն… Հայաստանում գոյություն չունե՞ն Ցեղասպանության զոհերի ժառանգորդներ… դեհ լաւ, բարեբախտաբար, Ռուսաստան հաստատված հայերն ել սփիւռքահայ են. իսկ որ մի քիչ ել մտածենք… այնքան փոքրաթիւ հայեր են մնացել Հայաստանում, որ արդեն նրբությունը անիմաստ է… ուրեմն իր այս լուսաբանական յայտարարությամբ, պարոն Շավարշ միայն ինքզինք եւ իր շրջապատն է զրկում այդ իրաւունքներից…

    • Թրավիս says:

      (ակնարկում եմ Մեծն Դիւանագետի հետեւյալ խորիմաստ խոսքերին՝ «ցանկացած սփյուռքահայ իրավունք ունի փոխհատուցում պահանջելու»)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031