Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Զինվորը զորացրվում է եւ 1-2 ամսից մահանում

Մարտ 04,2015 15:00

Մինչդեռ, ըստ իրավապաշտպանի, զինծառայողը տարեկան
երկու անգամ պետք բուժզննություն անցնի

Որակյալ բուժօգնության բացակայության պատճառով 2010-2013 թվականներին զինծառայության ընթացքում մահացել է 17 զինծառայող: Անբավարար բուժծառայությունների հետեւանքով արձանագրված մահվան դեպքերի թիվը 2012-2013 թվականներին 2011 թ.-ի համեմատությամբ աճել է 50 տոկոսով: Քաղաքացիական հասարակության կառույցների դաշինքին այսպիսի տվյալներ է ներկայացրել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հ/կ-ն: Դաշինքը դիտարկել է, թե մեր երկրի մի շարք ոլորտներում ինչպես են խախտվում մարդու իրավունքները: Զեկույցը, որը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ, տրամադրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին:

«Առավոտի» թղթակցի հետ զրույցում հ/կ-ի ղեկավար Արթուր Սաքունցը փաստեց, որ
զորակոչի փուլում չի իրականացվում լիարժեք հետազոտություն, իսկ ծառայության ընթացքում չեն իրականացվում կանոնավոր հետազոտություններ, ինչի հետեւանքով բանակում վատթարանում է զինծառայողների առողջական վիճակը: Դրա վկայությունն, ըստ նրա, հաճախակի դարձած գրասենյակի ստացած ահազանգերն են, որոնք առնչվում են զորակոչիկների եւ զինծառայողների առողջության հետ կապված բողոքներին: 2010-2013 թվականներին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հ/կ-ին դիմած 112 զորակոչիկներից եւ զինծառայողներից 80-նն ունեցել են առողջության հետ կապված խնդիրներ, ներառյալ՝ ոչ բավարար բուժզննությունը կամ բուժումը:
Արթուր Սաքունցը մտահոգիչ է համարում, որ 2012-2013 թվականին ծառայության է անցել մութ ու ցուրտ տարիների սերունդը, որը առողջական խնդիրներով է, ուստի նրանց բուժզննությունը, բուժօգնությունն առավել որակյալ պետք է լիներ: Ըստ նրա, բացի այն, որ ոչ պատշաճ զննության հետեւանքով զորակոչվում են երիտասարդներ, որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայության ընթացքում էլ որակյալ բուժծառայություն չեն ստանում:

«Չնայած պաշտպանության նախարարը բազմիցս նշել է, որ մեզ հիվանդ զինվոր պետք չէ, բայց ես հայտարարում եմ, որ մինչեւ հիմի էլ առողջական խնդիր ունեցող զինվորին զորակոչում են բանակ»,-ասում է Արթուր Սաքունցը: Ըստ նրա, պաշտպանության նախարարի հրամանը՝ որով կարգավորվում է զորակոչի հիվանդությունների ցանկը եւ ընթացակարգը, 2006-2007 թվականից մինչեւ օրս, պարբերաբար, փոփոխությունների է ենթարկվում. «Այն հիվանդությունները, որոնք մինչեւ հիմա ճանաչվում էին, եւ որոնց հիման վրա զորակոչիկը ճանաչվում էր ենթակա կամ ոչ պիտանի շարային ծառայությանը, դրանք աստիճանաբար մեղմանում են, օրինակ՝ երկրորդ կարգի հարթաթաթությունը, եթե առաջ ճանաչվում էր ոչ պիտանի, ապա հիմա ոչ մի կարգի հարթաթություն չկա, ավելին՝ մինչեւ նախանցյալ տարվա ՊՆ նախարարի հրամանի փոփոխությունը, կար՝ պիտանի էր ճանաչվում շարային ծառայությանը, պիտանի էր՝ ոչ շարային եւ պիտանի էր սահմանափակումներով: «Ոչ շարային ծառայություն» հասկացությունն ընդհանրապես հանեցին, հիմա կա միայն պիտանի է շարային եւ պիտանի է սահմանափակումներով: Այսինքն՝ դասակարգումները փոքրացավ:

Այս ամենը մեկ հիմնավորում ունի՝ ապահովել թվաքանակ, ուրիշ եզրահանգում չկա: Զորակոչին ենթակա երիտասարդների թիվն ընդլայնում են զինծառայությանը ոչ պիտանի, առողջական սահմանափակումներով երիտասարդներով»:

Արթուր Սաքունցը վստահեցրեց, որ այսօր բանակում մեծ թիվ են կազմում այդպիսի խնդիրներով զինվորները. «Մենք ՊՆ-ից պահանջում էինք պատասխանել, թե ինչ իրավական նորմով է կարգավորվում ոչ շարային ծառայությունը, սակայն այդպես էլ պատասխան չստացանք: Հիմի էլ պահանջում ենք ինչ իրավական նորմով են կարգավորվում սահմանափակումները, էլի պատասխան չկա, իսկ դա շատ կարեւոր է, որովհետեւ, առողջական խնդիր ունեցող զինծառայողը խոցելի է զինվորական պարտականությունների կատարման տեսակետից եւ ոչ պատշաճ կատարման դեպքում, երբ որ նրան հանձնարարում են այնպիսի ծանրաբեռնված ծառայություն, որը չի կարող անել, նա գերնսեմանում է եւ դա պատճառ է հանդիսանում միջանձնային հարաբերությունների եւ վերջապես այն դեպքերի, որով մենք արձանագրում ենք, որ բանակում կարգուկանոն չկա: Իսկ կարգուկանոն չկա, որովհետեւ, առնվազն, կարգուկանոնի համար անհրաժեշտ պայմանը այն է, որ մարդ ի վիճակի լինի զինվորական պարտականությունը կատարի, դրա համար չունի համապատասխան առողջական եւ ֆիզիկական տվյալներ»:

Արթուր Սաքունցի խոսքերով, որ զինվորական ծառայության ընթացքում բժշկական պատշաճ ծառայություն չկա, պարզ է դառնում հենց միայն մահացության դեպքերն ուսումնասիրելով, երբ զինվորը զորացրվում է ժամկետից շուտ առողջական խնդիրների պատճառով կամ զորացրվում է՝ 1-2 ամիս հետո մահանում: Մինչդեռ իրավապաշտպանը վստահեցնում է, որ զինծառայողը տարեկան երկու անգամ պետք բուժզննություն անցնի:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031