Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդամենը հումո՞ր էր արել

Մարտ 04,2015 16:30

Համենայնդեպս, ՀԱԿ առաջնորդի կողմից նախկին զինակիցներին ծաղրելն այդպես է բնութագրում ՀԱԿ խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը

– Մարտի 1-ի հանրահավաքն արդարացրե՞ց սպասելիքները:

– Իհարկե, արդարացրեց եւ կատարեց ամենակարեւոր գործը` այսօր՝ փետրվարի 20-ի հանրահավաքի տապալումից հետո, Սերժ Սարգսյանի կողմից ԲՀԿ-ի վրա ձեռնարկված այդ ահաբեկչության հետեւանքով ժողովրդի մի խոշոր հատվածի եւ ընդդիմության որոշ հատվածի մոտ ստեղծվել էր շփոթի, հիասթափության, վհատության զգացում, եւ շատ կարեւոր էր, որ մարտի 1-ի հանրահավաքով ՀԱԿ-ը ցուցադրեր, ապացուցեր, որ երկրում այս ռեժիմի դեմ պայքարը շարունակվում է: Կան պայքարող եւ քաղաքական ուժեր, եւ զանգվածներ, եւ մենք, բնականաբար, պետք է այս պայքարը միայն ուժեղացնենք: Ճիշտ է, ասվեց նաեւ նրա մասին, որ պետք է ինչ-որ ժամանակ` ուժերը վերախմբավորելու, վերադասավորելու, նոր ռազմավարությամբ հանդես գալու համար:

Բացի այդ, դա մեր ավանդական հանրահավաքն է, որովհետեւ մենք պահանջատեր ենք մարտի 1-ի հանցագործությունների բացահայտման հարցով:

– Փետրվարի 20-ի չկայացած հանրահավաքից հետո մարտի 1-ի հանրահավաքի կազմակերպիչները խոստանում էին հուժկու հանրահավաք: Դա այն հանրահավա՞քն էր, որը նախատեսվում էր:

– Մենք «հուժկու» բառը չենք օգտագործել: Դա դարձել է մամուլի շտամպներից մեկը: Պետք չէ մեզ վերագրել բաներ, որոնք չենք ասել: Բայց որ փետրվարի 20-ի հանրահավաքը կլիներ իսկապես համազգային մի հանրահավաք, որ կլցվեին Ազատության հրապարակն ու նրան հարող փողոցները` ես որեւէ կասկած չունեմ ու չեմ էլ կարծում, որ դուք կասկած ունեք: Այն ամբողջ գործընթացը, որ մենք կառուցել էինք եռյակով, այնուամենայնիվ, բերել էր մի հանգրվանի, երբ որ ամբողջ ժողովուրդը հույսով էր լցվել, ոգեւորվել էր, անգամ տոնախմբության էլեմենտներ կային ժողովրդի տրամադրություններում: Բոլորը հույս էին զգացել, որ այս ռեժիմից ազատվելու հնարավորություն է ստեղծվել: Այն բանից հետո, ինչ որ տեղի ունեցավ, երբ ԲՀԿ-ին ուղղակի հաշվեհարդարի ենթարկեցին ու դուրս հանեցին խաղից, չէր էլ կարող լինել նման հանրահավաք: Այն մարդիկ, ովքեր հույս էին ձեռք բերել` հիմա այդ հույսը կորցրել են: Այնպես որ, նման հավակնություն մենք չէինք էլ կարող ունենալ: Եթե մենք մտածեինք, որ կատարվածից հետո հնարավոր է փետրվարի 20-ի պլանավորված մասշտաբով հանրահավաք հավաքել` դա կլիներ քաղաքագիտական բոլոր օրենքներին հակառակ: Նման խնդիր մենք չէինք կարող դնել եւ չենք էլ դրել: Մենք այլ խնդիր էինք դրել` ցույց տալ, որ դիմադրությունը պահպանվում է, որ կա անհրաժեշտ քաղաքական զանգված, որը պայքարում է, եւ որի շուրջ կարելի է կամաց-կամաց կառուցել նոր քաղաքական ռազմավարություն, դիմադրության նոր մի ալիք: Այդ խնդիրը մենք շատ լավ կատարեցինք:

– «Այս հանրահավաքը շատ բան է որոշելու, այն կարեւոր հանգրվան է: Ռեժիմը կամ կանցնի ժողովրդի անթաքույց կեղեքմանը, կամ կհասկանա, որ ժողովուրդը չի հաշտվել իր հետ»,- մարտի 1-ի հանրահավաքի նախօրեին նման հայտարարություն էիք արել: Հանրահավաքից հետո ո՞ր հանգրվանում ենք:

– Ռեժիմը հասկացավ, որ Հայաստանում շարունակվում է դիմադրությունը: Մենք լուծեցինք այդ խնդիրը: Փետրվարի 20-ի հանրահավաքի տապալումից հետո ռեժիմը մի նոր խնդիր էր դրել իր առջեւ` արագորեն ոչնչացնել դիմադրության վերջին օջախը` ի դեմս ՀԱԿ-ի, փոխարինել այն նշանակովի ընդդիմությամբ, որը չի պայքարելու սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանի իշխանությունը երրորդ ժամկետով վերարտադրման դեմ: Մենք ցույց տվեցինք, որ դիմադրությունը շարունակվելու է, որ կան ուժեր, որոնք պայքարելու են: Մենք անցկացրեցինք ուժերի ստուգատես, եւ իմ կարծիքով՝ այն տվել է շատ լավ արդյունք:

– ՀԱԿ-ը մնացել է միայնակ՝ իր ելույթում նաեւ ՀԱԿ առաջնորդը փաստեց դա: Ինչպե՞ս է ՀԱԿ-ը միայնակ պայքարելու ռեժիմի դեմ, թե՞ դեռ տեսնում եք ՀԱԿ-ի շուրջ կոնսոլիդացիայի հնարավորություններ:

– Իսկ ինչո՞ւ` ոչ: Եթե մի քիչ աբստրակտ նայենք` Տեր-Պետրոսյանի շուրջ կամ Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ եղավ երկու մեծ կոնսոլիդացիոն գործընթաց: Մեկը, երբ նա առաջադրեց իր թեկնածությունը, եւ 24 ուժեր համախմբվեցին, որից 18-ը ստեղծեցին ՀԱԿ-ը, եւ 2011 թվականի վերջից սկսած՝ մի նոր կոնսոլիդացիոն գործընթաց գնաց, որի հիմնական առանցքն էին ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: Այս պահին ակնհայտ է, որ պետք է սկսել կառուցել նոր կոնսոլիդացիոն գործընթաց: ՀԱԿ-ը պատրաստ է իր ամբողջ ներուժը ներդնել այդ գործի մեջ: Դրա համար բոլոր հիմքերը կան. ռեժիմը կարող է չեզոքացնել իր դեմ գործող ինչ-որ մի քաղաքական ուժի, բայց չի կարող չեզոքացնել սոցիալական դժգոհությունը, ժողովրդի բացասական տրամադրություններն այս իշխանության նկատմամբ, որովհետեւ այն տապալել է պետական կառավարումը եւ երկրում ստեղծել է անլուծելի խնդիրներ, որոնք գնալով ավելի են խորանում` արտագաղթ, գործազրկություն, մենաշնորհային գործարարություն:

Ես չեմ էլ կարծում, որ նոր կոնսոլիդացիան երկար կտեւի, որովհետեւ երկիրն այնքան մեծ տեմպով է գնում դեպի աղետ, այնքան ակնկալելի են փլուզումները պետական այս կոռուպցիոն կառավարման մեջ, որ շատ արագ ժողովուրդը կարող է կանգնել այս ռեժիմին հեռացնելու անհրաժեշտության առջեւ:

– Ո՞ր ուժերի հետ եք տեսնում կոնսոլիդացիան: Իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը ծաղրեց նախկին դաշնակիցներին` ասելով. «Դավալուից ցախավելը հեծած, 1+1 քայլերգը շուրթերին, Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնել Ազատության հրապարակ, ինքնահռչակվել որպես նոր բեւեռ եւ ստորագրել Քաղաքացիական պայմանագիրը եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչել 100-ամյակն առանց ռեժիմի կարգախոսը»: Ապա հայտարարելով, որ ՀԱԿ-ն ընդդիմադիր դաշտում մնացել է մենակ, նա ըստ էության նաեւ փաստեց, որ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն էլ ընդդիմադիր դաշտում չեն:

– Դուք մի քիչ կամայականորեն եք բացել այն «կոդերը», որ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց իր ելույթում, եւ քանի որ այդ «կոդերը» իրականում հումոր էին, ես չեմ ցանկանում բացահայտել այդ «կոդերը», որովհետեւ դրանով ես կփչացնեմ այդ կատակը: Եվ ընդհանրապես՝ ես ուզում եմ խոսել հարցի ավելի կարեւոր հատվածի մասին` ի՞նչ ուժերի հետ է հնարավոր կոնսոլիդացիա եւ ինչի՞ շուրջ: Ես կարծում եմ, որ շատ կարեւոր մի թեստ կա, որն արագ ցույց կտա, թե Հայաստանում ով է ընդդիմություն եւ ով ընդդիմություն չէ: Բոլորի համար ակնհայտ է, որ այս Սահմանադրությունը Սերժ Սարգսյանին թույլ չի տալիս իր անձնական իշխանությունը երկարաձգել երրորդ ժամկետով: Ինչպես բոլոր դիկտատորները նման պայմաններում, նա նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, որոնց միակ շարժառիթն է վերարտադրել իր անձնական իշխանությունը երրորդ ժամկետով: Պարզ է՝ ով հասկանում է սա, հասկանում է մի ակնհայտ իրողություն եւ պատրաստ է դրա դեմն առնել, որ Հայաստանը չարմատավորվի որպես ավելի բռնատիրական երկիր, այդ ուժերն իսկական ընդդիմությունն են: Իսկ այն ուժերը, ովքեր չեն դիմադրելու սահմանադրական փոփոխություններին, նրանց ընդդիմականության մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Եթե կան ուժեր, որոնք համարում են, որ խորհրդարանական համակարգը շատ ավելի լավն է, նրանք նախեւառաջ պետք է վիժեցնեն Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագիրը, հետո արդեն ազատ են իրենց կոնցեպցիաներն իրագործելու: Ես կարծում եմ, որ սրա շուրջ հնարավոր է կազմակերպել կոնսոլիդացիոն գործընթաց:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031