Լրահոս
Օրվա լրահոսը

Նրա աչքից չի վրիպում ոչ մի մանրուք

Մարտ 04,2015 14:16

Չորացած տերևներ, ծաղիկներ, ապակու փոքր կտորներ, կոճակներ․․․մասունքներ, որոնց կողքով շատերն անտարբեր են անցնում, կարող են նույնիսկ ոչ պետքական համարել։ Նելլի Գևորգյանը այդ անձանց դասին չի պատկանում։ Նրա աչքից չի վրիպում ոչ մի «մանրուք», որը  նրա փայլուն ստեղծագործական շնորհքի և հմուտ ձեռքերի օգնությամբ համադրվելով այլ տարրերի հետ՝ դառնում է գեղեցիկ կոլաժ։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնում 11 տարի ավանդաբար մարտի մեկին բացվում էր Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը՝ գարնան գալուստն ավետելով։ Այս տարին ևս բացառություն չէր։ 2 օր «ուշացումով» ցուցահանդեսը նվիրված է գարնանամուտին և հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Ցուցադրությանը ներկայացված էր 36 կոլաժային աշխատանք, որոնք ամբողջովին նոր մոտեցումներով էին ստեղծված և չէին կրկնում նախորդ տարիների ներկայացված գործերը: Եվ այս ամենը ժողովրդական վարպետը պատրաստել էր ընդամենը մի ամսվա ընթացքում։ Ընդհանրապես, նրա ստեղծագործական գործունեության շրջանը ընդգրկում է հունվարի կեսերից մինչև փետրվարի կեսերն ընկած ժամանակահատվածը։ Նելլի Գևորգյանը սիրում է գիշերային ժամերին աշխատել, որպեսզի հանգիստ մթնոլորտում նրան ոչ ոք չխանգարի։ Նրա խոսքերով՝ աշխատանքն սկսելու նախապայմանը նյութերի առկայությունն է։ Իսկ որտեղի՞ց է նա ձեռք բերում դրանք։ Տիկին Նելլիի խնդրանքով՝ ընկերները և բարեկամները իրենց ունեցած իրերը, որոնք այլևս չեն օգտագործում, տրամադրում են նրան։

-Իմ ստեղծագործություններով, ես նյութերին երկրորդ կյանք եմ պարգևում, որն էլ ինձ մեծ հաճույք է պատճառում։ Ես չեմ պատկերացնում գարնան առաջին օրն առանց նոր ցուցահանդեսի։ Հուսով եմ այս ավանդույթը շարունակական բնույթ կկրի և մյուս տարի այս օրը կրկին կհանդիպենք,- իր հույզերով կիսվեց արվեստագետը։

Կոլաժներում նկատվում էր նաև հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը։ «Միայն անմոռուկը չէ, բոլոր այս երփներանգ ծաղիկները նվիրված են Մեծ Եղեռնին»․ հուշեց ժողովրդական վարպետը։ Նա տեղեկացրեց, որ իր ստեղծագործությունները վաճառքի համար չեն նախատեսված։ Տիկին Նելլին իր աշխատանքները հիմնականում նվիրում է և միայն այն անձանց, ովքեր դրա «արժեքը գիտեն», և չեն պահի պահարաններում, այլ կկախեն պատից։

Ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը և ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը Նելլի Գևորգյանի ամենամյա անհատական ցուցահանդեսի մշտական հյուրերից են։

-Ամեն տարի հիանում ենք Նելլի Գևորգյանի «գարունով», որովհետև  նա միշտ ներկայանում է նոր աշխատանքներով։ Յուրաքանչյուր գործի մեջ կա՛ բարություն, կա՛ հավատ, քնքշանք,- ասաց պարոն Երիցյանը։

Ցուցահանդեսին ներկա էին նաև արվեստագետեր, դասախոսներ, ուսանողներ և այլ հետաքրքրասեր անձինք։

Ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 13-ը։

 Արմինե ԲԵՐԱԿՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031