Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողով բերած մարդիկ երբեք հեղափոխություն չեն անում»

Մարտ 05,2015 17:00

Ըստ Արամ Սարգսյանի՝ քաղաքական դաշտն այսպես թե այնպես պիտի մաքրվեր, եւ դրա լուծումները եկան Մոսկվայից

– Հստակ կարելի է արձանագրել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը պարտվեց, բայց արդյունքում նաեւ ընդդիմադիր դաշտը գլխատվեց:

– Ուրախ եմ, որ այդպես գնահատեցիք, որովհետեւ նման բանավեճ կար իմ ու Տեր-Պետրոսյանի միջեւ՝ ՀԱԿ-ից դուրս գալուց առաջ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն իմ ետեւից հայտարարեց՝ թող գնա, ժամանակը ցույց կտա, թե մեզանից ո՞վ է ճիշտ: Իմ բնորոշումները եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի բնորոշումները սուբյեկտիվ կլինեին: Այստեղ ճիշտը հասարակության ու լրատվական դաշտի բնորոշումներն են: Ես համարել եմ, որ դա փուչիկ է, որը փչվում է: Դա ոչինչ չէր կարող տալ քաղաքական դաշտին ու ժամանակի մեջ միանշանակ պիտի պայթեր: Դրանից հասարակության մոտ կամ քաղաքական դաշտում ոչինչ չփոխվեց: Հիմա ջրերը դեռ զուլալվում են: Չեմ կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնաց ու գնաց: Ինքը դեռ շարունակելու է իր գործունեությունը: Նաեւ ԲՀԿ-ն որոշակի շրջանակներում գործունեություն կծավալի: Ինչքանով այդ գործունեությունը հաճելի կլինի իշխանությանն ու ինչքանով իշխանությունը կփորձի այն օգտագործել՝ ժամանակը ցույց կտա, բայց այն անկեղծությունը, որով Սերժ Սարգսյանը բնութագրեց Գագիկ Ծառուկյանին, ինձ ուղղակի հիացրեց, որովհետեւ մենք այդ մասին բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք: Այն անկեղծությունը, որով Գագիկ Ծառուկյանը բնութագրեց Սերժ Սարգսյանին, նույնպես հիացրեց, այդ առումով էլ մենք բազմաթիվ անգամներ ասել ենք: Ես շատ կցանկանայի, որ իրենք երկուսն էլ անկեղծանային Ռոբերտ Քոչարյանի կերպարի, քաղաքական գործչի մասով: Դա շատ լուրջ օգուտ կտար թե քաղաքական դաշտին, դրա հստակեցմանն ու հասարակությանը: Ավելի ճիշտ է բացեիբաց ասել այն, ինչ որ մտածում ես, թեկուզ ցավոտ, քան ձեւ անել, թե չես տեսնում: Առավել եւս` իշխանության պարագայում դա արդեն քրեորեն պատժելի արարք է:

– Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի այդ քայլը՝ Գագիկ Ծառուկյանին նվիրված ծրագրային ելույթը, այնուհանդերձ՝ քաղաքական դաշտում դրական գործընթացների եւ զարգացումների կհանգեցնի: Համամի՞տ եք:

– Քաղաքական դաշտն այսպես թե այնպես պիտի մաքրվեր: Դա, իմ կարծիքով, կախված չէր Սերժ Սարգսյանից: Դրա լուծումները եկան Մոսկվայից: Ես հակառուսականությամբ չեմ տառապում, բայց չեմ կարող չգնահատել Հայաստանի ներքաղաքական կյանքում արտաքին, հատկապես ՌԴ-ի գործոնը: Առավել եւս, որ թե եռյակը, թե ՀՀԿ-ն գործում էին այդ դաշտում եւ բոլոր խնդիրները փորձում էին լուծել այդտեղ: Ես նույնիսկ կարծում եմ, որ քաղաքագիտական վերլուծությունն արվել էր Մոսկվայում, եւ արվել էր նրա համար, որ եթե հանկարծ երեք տարի շարունակ ԵՄ-ի հետ բանակցող ու Ասոցացման համաձայնագիր ստորագրել պատրաստվող Սերժ Սարգսյանը հանկարծ ստորագրեր այն, այդ քաղաքագիտական վերլուծությունը իրականություն դառնար: Չհանելով Սերժ Սարգսյանի մեղքը՝ կարծում եմ, որ իրենք էլ իրենց մեղքի բաժինն ունեն, որ Հայաստանն այսօր ԵՏՄ-ում է, քանի որ քարոզում են դա, խրախուսում են: Բայց անկախ ամեն ինչից՝ որոշում կայացնողը պետության ղեկավարն է: Ավելի բարոյական կլիներ, եթե այն ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեր, որ այդ ուժերը սա են անում, ես՝ սա, ու հանրության աջակցությունը հայցեր, եթե մարդիկ գտնում էին, որ ինքն է ճիշտ, քան ՀՀԿ-ում բամբասանքի նման գործ տվողի ելույթը:

Անկախ Հայաստանի քաղաքական կենսագրության մեջ Սերժ Սարգսյանը շատ մեծ ազդեցություն է ունեցել: Ինքը թող իրեն այնպես չպահի, որ այդ ժամանակներում Ռոբերտ Քոչարյանն էր նախագահ կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ինքն էլ տներում պիցցա էր ցրում: Բացարձակ: Ինքը տեսակետ ուներ, որը կարող էր ասել, բարձրաձայնել, որ հասարակությունը լսեր: Ու թե իրենք իրար մեջ ի՞նչ են պայմանավորվում՝ իրենց խնդիրն է:

– Ակնարկում եք, որ այս ողջ գործընթացը երեք նախագահների պայմանավորվածության արդյո՞ւնք էր:

– Պայմանավորվածություն կար, թե ոչ՝ մրցակցությունն այդ դաշտում էր: Հասել էր մի պահ, որ ԲՀԿ-ն Հայաստանում ուզում էր ցույց տալ, որ ՌԴ-ի ու Պուտինի համար ինքն ավելի ընդունելի է, ՌԴ-ում էլ ցույց տալ, որ Հայաստանի ժողովրդի համար ընկալելի ու ընդունելի է, ավելի նվիրական կծառայի ՌԴ-ին: ՌԴ-ն պիտի ընտրություն կատարեր: Ակնհայտ է, որ ՌԴ-ն Հայաստանին նայում է Ստավրոպոլի մարզի նման, եւ այսօրվա ՌԴ-ին բացարձակ ձեռնտու չէ, որ Հայաստանի նման երկրում հեղափոխություն լինի: Ավելին՝ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերը հորինել են հենց նրա համար, որ այստեղ հեղափոխության դեպքում միջամտեն: ՌԴ-ն բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրենք աշխատելու են գործող իշխանության հետ, ու իմ խորին համոզմամբ՝ թե 2003-ի, թե 2008-ի, թե 2013-ի նախագահական ընտրություններում անհաջողություն ենք ունեցել, որովհետեւ այդ նախագահի թեկնածուներն իրենց հաղթանակը գնացել են Մոսկվայից բերելու: Գագիկ Ծառուկյանի օրինակը թող դաս լինի իրենց բոլորի համար:

– Հիմա ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ից հեռացած բոլոր ուժերի եւ անհատների համար հիանալի առիթ է ստեղծվել միավորվելու, համատեղ ձեւավորելու այն ընդդիմադիր կերպարը, որի կարիքը Հայաստանն ունի: Կա՞ նման գործընթաց, Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք դրանում:

– Իրենք մեզ երբեք չեն խանգարել, որ մեր գործունեությունը ծավալենք: Թե այս ընթացքը, թե դրանից առաջ ընթացքը մեզ համար երբեք ոչ հիանալի չի եղել: Հայաստանի ընդդիմադիր դաշտը արել է այն, ինչը գտել է, որ տվյալ պահին նպատակահարմար է: Մենք չենք գտել, որ հիմա կա քաղաքական այնպիսի գործընթաց, որը կարող է համաժողովրդական հանրահավաք կազմակերպելու հնարավորություն տալ, որին կմասնակցի ամբողջ Հայաստանը, որը կարող է տանել իշխանափոխության: Չկա այդպիսի քաղաքական ուժ կամ ուժերի միավորում, որը համաժողովրդական այդպիսի հանրահավաք անի: Խոսքս փողով մարդկանց հանրահավաքի բերելու մասին չէ: Փողով բերած մարդիկ երբեք հեղափոխություն չեն անում: Ես բազմաթիվ անգամներ տեսել եմ, թե «հիմա-հիմա» գոռացողները որտեղ են հայտնվում, երբ «հիմա»-ի պահը գալիս է: Երբ հասնում ենք նախագահական՝ Բաղրամյան, կամ երբ մարտի 1-ին հասանք Մյասնիկյանի արձանի մոտ, ինչքա՞ն մարդ մնացին: Տեսել եմ այդ ամեն ինչը, պետք չէ այդ մասով ինձ դասեր տալ:

Այս առումով քաղաքական գործընթացներն իրենց տրամաբանությունը պիտի ունենան: Հայաստանում համաժողովրդական իրական հանրահավաքներ տեղի են ունեցել նախագահական ընտրությունների ժամանակ: Առջեւում կլինի՞ սահմանադրական հանրաքվե՝ վստահաբար, ձեր թվարկած ուժերն այդ գործընթացը կօգտագործեն՝ համախմբվելու եւ հզորանալու համար: Սերժ Սարգսյանի պարագայում երրորդ անգամ գնալու հնարավորություն չկա: Ռիսկայնությունը շատ մեծ է՝ մեկ անգամ կրակելով գալու եւ կրակելով պահելու: Մանավանդ, որ Սերժ Սարգսյանն իր սեփականությունը եվրոպաներում է փորձում պահել՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի: Հետեւաբար՝ որտեղ իր սեփականությունն է, այնտեղ էլ իր սիրտն է սկզբունքով:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031