Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկյան» մրցանակաբաշխություն. որևէ լավ աշխատանք որևէ մեկի աչքից չի վրիպում

Մարտ 05,2015 14:47

Մարտի 5-ին Երևանի կամերային թատրոնում տեղի ունեցավ հանդիպում «Հայկյան- 2014» մրցանակաբաշխության հաղթողների հետ։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մարտի 4-ին։ «Հայկյան» մրցանակների են արժանացել 2014թ. երիտասարդական ոլորտի լավագույն կառույցներն ու ծրագրերը։

Ավանդական անվանակարգերից բացի, շնորհվել են նաև «Հայկյան» հատուկ մրցանակներ, որոնք հաղթողներին է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ «Հայկյան» մրցանակաբաշխությունը երիտասարդության շրջանում աշխատանքը գնահատելու բացառիկ միջոցառումներից է։ Կարեն Ավագյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մրցանակակիրներին երիտասարդական ոլորտում կատարած աշխատանքի համար։ Նա կոչ արեց հաղթողներին երբեք կանգ չառնել, նոր լիցքերով ու գաղափարներով շարունակել, քանի որ որևէ լավ աշխատանք որևէ մեկի աչքից չի վրիպում, հատկապես այն մարդկանց աչքից, ովքեր գործունեություն են ծավալում երիտասարդական ոլորտում։

«Լավագույն երիտասարդական ՀԿ Երևանում» անվանակարգում հաղթող ճանաչված «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ի նախագահության անդամ Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ իրենց կազմակերպության դռները միշտ բաց են երիտասարդների համար։ Այստեղ տարբեր սերունդների հնարավորություն է տրվել ինքնադրսևորվելու և ինքնակազմակերպվելու։ Աստղիկ Ավետիսյանը, ով նաև «Հայկյանի» ակունքներում է կանգնած, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ այս մրցանակաբաշխության լավագույն ավանդույթները պահպանելու համար։

«Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում» ճանաչված «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Գրիգոր Դաշտոյանն էլ առանձնահատուկ շեշտեց պետական երիտասարդական քաղաքականության համատեքստում մարզերում ՀԿ-ների զարգացմանն ուղղված աշխատանքները։

Կարեն Թռչունյանը մրցանակի է արժանացել «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգում։ Երիտասարդ գիտնականը խոստովանեց, որ այսօր շատ բարդ է զբաղվել գիտությամբ, և ժամանակ առ ժամանակ այսպիսի մրցանակները երիտասարդներին ոգևորում են ու պարտավորեցնում՝ հետագայում ավելի բարելավելու արդյունքները և աշխարհին լավագույնս ներկայանալու։

Սահմանապահ Չինարի համայնքի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Երեմյանը հատուկ մրցանակակիրների թվում էր։ Նա նշեց, որ այս մրցանակը համարում է ոչ միայն իրենը, այլև համագյուղացիներինը, քանի որ Չինարիում ապրող մանկիկից մինչև ալեզարդ ծերունի արժանի են գնահատանքի։

«Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» անվանակարգում հատուկ մրցանակի արժանացավ Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, որի տնօրեն Մարկ Կալինինը նշեց, որ իրենք բազմաթիվ ծրագրեր են իրականացնում երիտասարդական ոլորտում։ Նա ընդգծեց, որ շատ ուրախ է աշխատել Հայաստանում, որն ունի այդքան ստեղծարար, ակտիվ երիտասարդություն։

«Հայկյան» հատուկ մրցանակների են արժանացել նաև «Արմքոմեդին»՝ որպես լավագույն երիտասարդական հաղորդաշար, Ջիվան Ավետիսյանը` որպես արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմի ռեժիսոր, Արամ MP3-ին` որպես համաշխարհային բեմում լավագույնս հանդես եկած արտիստ, և Նորայր Քամալյանը՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած մեծ խիզախության և նվիրումի համար:

Մրցանակակիրները որպես պարգև ստացել են խորհրդանշական արձանիկ և արժեքավոր նվերներ։

Նշենք, որ «Հայկյանն» ունի ավելի քան 10 տարվա պատմություն. այն հիմնադրվել է 2001 թվականին։ Մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել և խրախուսել շնորհալի երիտասարդներին, ոլորտի ակտիվ, ստեղծագործ կառույցներին, աջակցել երիտասարդների հասարակական ներուժի իրացմանն ու զարգացմանը։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե(ԵՊՀ) says:

    Հարամ ձեռքից ստացած հարամ մրցանակը ստացողների վարկը շեշտակի կնվազեցնի…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031