Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Մարդ, երբեմն, պիտի ինքնահեգնի, իր թերությունների վրա ծիծաղի». Էլֆիք Զոհրաբյան

Մարտ 05,2015 19:06

Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողները Չարենցի անվան դահլիճում այսօր հանդիպում էին կազմակերպել դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ, դերասան Էլֆիք Զոհրաբյանի հետ:

Առիթը գրողի՝ նախորդ տարի լույս տեսած «Հոգեվիճակ 13» պատմվածքների և սատիրաների ժողովածուի քննարկումն էր, իսկ նպատակը՝ ժամանակակից գրողներին ճանաչելն ու նրանց հնարավորինս շատ կարդալը:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության անդամ, 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Մարգարյանը, սա նմանատիպ առաջին միջոցառումն էր. «Հույս ունենք, որ այն գեղեցիկ ավանդույթի սկիզբ կդառնա, և արդի հայ գրողների, թարգմանիչների հետ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն: Կարծում եմ՝ շատ լավ առիթ է, որ ուսանողները ճանաչեն արդի հայ գրականության ներկայացուցիչներին: Չգնահատենք նրանց մահից հետո կամ ավելի ուշ, այլ սկսենք ճանաչել նրանց իրենց առաջին իսկ գրքերով»,- ասաց Ա. Մարգարյանը:

«Գրողի, հատկապես երիտասարդ գրողի համար, երևի թե, բախտավորություն է իր ընթերցողների հետ հանդիպումը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Է. Զոհրաբյանը, և պատասխանելով հարցին, թե ինչ են տալիս գրողին իր ընթերցողների հետ հանդիպումները, կամ դա ավելի շատ նրանցից ում է պետք, մեր զրուցակիցը պատասխանեց, որ չի սիրում ու ամաչում է, երբ գովում են իրեն, և նման հանդիպումներից ավելի շատ առողջ, հիմնավորված քննադատություն, բանավեճ, հարցադրումներ, անկեղծ, համարձակ կարծիքներ է ակնկալում. «Ինձ համար հետաքրքիր է ընթերցողի հետ շփումը, որովհետև իմ գրականությունն ինչ-որ չափով բարդ է, և դյուրին չէ բոլորի համար ընկալելը, օրինակ, իմ սատիրաները, որոնք բազմաշերտ են, ենթատեքստերով, սուր հումորով, հեգնանքով: Ու ինձ համար հետաքրքիր է՝ դրանք որքանով են ընկալվել հատկապես երիտասարդ ընթերցողների կողմից»,- հավելեց գրողը:

Դառնալով գրական հերոսի խնդրին՝ Է. Զոհրաբյանն ասաց, որ գրականության մեջ կարևորում է հատկապես բնավորություն ունեցող կերպարների ստեղծումը. «Իմ հերոսը այսօրվա մարդն է՝ իր խնդիրներով, հետաքրքիր, խորը, մութ ու լուսավոր կողմերով: Այսօր շատ հետաքրքիր նյութ կա գրողի համար, հատկապես սատիրայի առումով, որովհետև հեգնելու այնքա՜ն բան կա մեր հասարակության մեջ: Իհարկե, մարդիկ հաճախ թշնամանում են ինձ հետ, որ սատիրաներ եմ գրում, որովհետև իրենք իրենց են տեսնում դրանց մեջ: Բայց դա գրողին այնքան էլ չի անհանգստացնում: Ես ժպիտով եմ մոտենում. ով իր վրա է վերցնում, գուցե իր մասին է: Ես ինձ էլ եմ հեգնում, սիրում եմ ինքս իմ թերությունների վրա ծիծաղել: Մարդ, երբեմն, պիտի ինքնահեգնի, իր թերությունների վրա ծիծաղի և հեգնանքով որոշ հարցերի մոտենա, որովհետև հեգնանքը, ծիծաղը ինչ-որ չափով կատարսիսի է ենթարկում և մեղքից օտարում մարդուն»,- համոզված է Է. Զոհրաբյանը:

Արվեստագետը նկատել է, որ շատերն այսօր տեխնիկապես հետաքրքիր գործեր են գրում, բայց գաղափարական բովանդակությանը, ասելիքին այնքան էլ կարևորություն չեն տալիս. «Գրողը պետք է մեծ ուշադրություն դարձնի գաղափարական բովանդակությանը և շատ լուրջ ասելիք ունենա: Եթե չունի, ուրեմն՝ իզուր է գրում: Ես փորձում եմ դրան ուշադրություն դարձնել: Որքան էլ գրեմ պրոբլեմների մասին, միևնույն է, իմ գրականությամբ փորձում եմ ինչ-որ լուսավոր կետ թողնել. կյանքում ամեն ինչ չէ, որ վատ է. կյանքը գեղեցիկ է, և պետք է նկատել այդ գեղեցիկը»,- համոզված է նա:

Մեր հարց-դիտարկմանը, որ գրականությունը, սովորաբար, արտացոլում է տվյալ ժամանակաշրջանի կյանքը, արդյո՞ք, օրինակ, մեկ դար հետո եկող ընթերցողը կկարողանա պատկերացում կազմել մեր այսօրվա իրականության մասին՝ կարդալով այժմ ստեղծվող գրականությունը, Է. Զոհրաբյանը պատասխանեց. «Ես մի փոքր համարձակ պատասխանեմ այս հարցին և ասեմ, որ մի քանի սատիրաներ ունեմ, որոնք, այո, հումորի, հեգնանքի միջոցով ներկայացնում են այսօրվա մարդկային հարաբերությունները, զգացմունքները, այլ խոսքով ասած՝ մեր ներկայիս ժամանակաշրջանը («Էլիպսիս կամ կական՝ սպիտակ ագռավի կոկորդից», «Գրողը ձեզ տանի, հարգելինե´րս», «Կրկին հարստացավ գրականության աղբարկղը, և հայտնաբերվել են ընթերցողներ» և այլ սատիրաներ):

Ինչ վերաբերում է ժամանակակից հայ գրականությանը, մեր զրուցակիցը վստահեցնում է, որ այսօր ստեղծվում է բավականին հետաքրքիր գրականություն. «Մենք ունենք շնորհալի, տաղանդավոր գրողներ,- ասում է նա.- այս շրջանը գուցե պայմանականորեն անվանենք փնտրտուքների շրջան: Բայց կարծում եմ՝ մի քսան տարի հետո մեր հայ գրականության, մասնավորապես արձակի մեջ կունենանք լավ անուններ: Ես, օրինակ, սիրով կարդում եմ և խորհուրդ եմ տալիս տաղանդավոր ընթերցողներին (նրանց մեջ էլ կան տաղանդավորներ ու անտաղանդներ) կարդալ Լևոն Խեչոյանի վեպերը, Գուրգեն Խանջյանի արձակը, երիտասարդներից՝ Արամ Պաչյան, Գրիգ, Հարություն Հովակիմյան, Էդուարդ Հարենց, Վահե Արսեն ու էլի շատ ուրիշներ, որոնց անունները, ցավոք, այս պահին չեմ հիշում: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ընթերցող այդքանի մեջ կգտնի իր գրողին»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031