Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանության տարելիցի նշումը նմանվում է Լենինի 100-ամյակի միջոցառումներին»

Մարտ 06,2015 12:30

Վստահեցնում է Ռուբեն Բաբայանն ու շեշտում, որ ցեղասպանության
տարելիցը միջոցառման թեմա դարձնելը սխալ է

ՀՀ վաստակավոր գործիչ, Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն «Առավոտի» հետ զրույցում խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում իրականացվող միջոցառումներից՝ ներկայացրեց իրենց թատրոնի ծրագրերը:

ruben-babayan

Ռուբեն Բաբայանը պատասխանելով հարցին՝ որեւէ ներկայացում ցեղասպանության թեմայով լինելո՞ւ է, արդյոք, իրենց թատրոնում, ասաց. «Ներկայացում չի լինելու, պարզապես օգոստոս ամսին մենք եւ իտալացիները համատեղ նախագիծ ենք իրականացնում, Կոստան Զարյանի ստեղծագործությունների հիման վրա է լինելու: Այն նախաձեռնել է իր թոռը՝ Արա Զարյանը: Միջոցառման համար մոտ 14 հոգի գալու է Իտալիայից: Դա Զարյանի ստեղծագործությունների հիման վրա գրված, հատուկ երաժշտությունով, պրոյեկցիայով նախագիծ է: Կոչվում է ֆիգուրների թատրոն, այնտեղ՝ Իտալիայում այդպիսի կազմակերպություն կա, որը ղեկավարում է մի իտալուհի, եւ որի տատիկը հայ է, ինքն էլ հիմա 74 տարեկանում սկսել է հայերեն սովորել: Այսպիսին է լինելու մեր մասնակցությունը ու կարծում եմ՝ դա լավագույն ձեւն է, որովհետեւ կարելի է ասել՝ ոչ թե տեղական օգտագործման է, նաեւ արտերկրից հրավիրված կատարումներով է: Ընտրվեց օգոստոս ամիսը, որովհետեւ ծրագիրը մեծ է, իսկ երաժիշտներին ժամանակ է պետք պատրաստվելու համար, բացի այդ՝ նրանց այդ ամիսն է հարմար, նաեւ կարծում եմ՝ օգոստոսն այն ամիսն է, երբ այստեղ են հավաքվում նաեւ սփյուռքահայերը»:

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ միջոցառումը երեխաների համար չէ. «Նման թեմաները երեխաների համար չեն, երեխաների համար ինչ ցեղասպանություն, նրանց համար հարմար է «Երեք խոզուկները»…»:

Հարցին՝ արդյոք ճի՞շտ է համարում Ռուբեն Բաբայանը, որ դպրոցահասակ երեխաներին ցեղասպանության թեմաներով ծանրաբեռնում են, թեկուզ իրողության հետ ծանոթանալու համար, ներկայացման միջոցով, նա պատասխանեց, որ դա ծանր հոգեբանական հարված է երեխաներին: «Իհարկե, ամեն ինչի ձեւն էլ կա երեխաներին մատուցելու, բայց նրանց հոգին փխրուն է, իսկ նյութի ճիշտ չմատուցելը տարբեր բարդույթներ կարող է առաջացնել: Այն, որ պետք է ծանոթանան պատմության հետ, իմանան ողբերգության ամբողջ պատմությունը՝ միանշանակ է, բայց ամեն ինչ ունի իր տարիքը եւ ամենակարեւորը՝ նախապատրաստական աշխատանքները: Կյանքը ցույց է տալիս, որ բազմաթիվ հայեր մեծանում են զոհի հոգեբանությամբ, իսկ դա վտանգավոր է: Չէ՞ որ մենք մեր պատմության մեջ ունեցել ենք նաեւ հերոսական էջեր եւ հաղթանակներ: Եվ երբ խոսում ենք, որ դա ոչ միայն մեր ողբերգությունն է, այլ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, կարծում եմ, այդ ռակուրսի տակ ցույց տալով, որ ոչ միայն մեր ժողովուրդն է ենթարկվել ցեղասպանության, այլ դա ընդհանրապես հանցագործություն է մարդկության հանդեպ, մենք հայի էքսկլյուզիվ զոհի վիճակը հանում ենք, դա տեղափոխում համամարդկային հարթություն, ու ավելի ճիշտ մոտեցում ենք ձեւավորում, որը, ըստ էության, պետք է ունենա շարունակություն՝ ինչ անել, որ նման դեպքերն այլեւս չկրկնվեն: Բոլոր դեպքերում միակ երաշխիքը ցեղասպանությունից խուսափելու՝ դա ամուր պետականությունն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Ռուբեն Բաբայանը համոզված է, որ ցեղասպանության տարելիցը դարձնել միջոցառման թեմա՝ սխալ է: Ըստ նրա՝ «Ես դա նմանեցնում եմ այն ժամանակվա հետ, երբ Խորհրդային միությունում նշում էին Լենինի հարյուր ամյակը: Ես չէի ուզենա, որ այդպես լիներ: Սա միջոցառում չէ: Բացի այդ, երբ այդ օրը Ծիծեռնակաբերդում տեսնում ես, թե ինչ է կատարվում, այդ արեւածաղիկը, այդ անշնորհքությունները, ես զզվում եմ, ահավոր է, չէ՞ որ այդպես չեն սգում»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031