Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեսուրսների գնահատում

Մարտ 06,2015 10:13

Միանգամից ասեմ, որ կան բազմաթիվ ԲՀԿ-ականներ, որոնց ես մարդկայնորեն լավ եմ վերաբերվում, համակրում եմ: Սկսած այդ կուսակցության նորընտիր ղեկավարից: Ավելի ճիշտ՝ սկսած ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանից, որը, կարծում եմ, գործարարի տաղանդ ունի: Ինչպես եւ Սամվել Ալեքսանյանը, Հրանտ Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը եւ շատ ուրիշներ: Հասկանում եմ՝ հովանավորչություն, արտոնություններ, մենաշնորհներ եւ այլն: Բայց, օրինակ, ինձ ինչքան էլ հովանավորեն, ես, միեւնույն է, գործարար չեմ դառնա, չունեմ այդ ջիղը:

Այդուհանդերձ՝ քաղաքականությունն այլ տեսակի ունակություններ է պահանջում՝ այստեղ դու պետք է ճշգրիտ գնահատես քո եւ դիմացինիդ ռեսուրսները: Նյութական ռեսուրսներ ԲՀԿ-ն ուներ՝ նույնիսկ այնքան, որ կարողանում էր օգնել գործընկեր կուսակցությանը: Բայց դա բավարար չէ: ԲՀԿ-ն ակնհայտորեն թերագնահատել է իշխանության վարչական եւ ուժային ռեսուրսները: Սակայն դա էլ որոշիչ չէ: Կուսակցությունը չուներ գաղափարական ռեսուրս: «Մենք ժողովրդի հետ ենք, ժողովրդի կողքին ենք, նրա դարդուցավերով ենք տապակվում» կամ «պահանջում ենք անհապաղ իշխանափոխություն»՝ դրանք գաղափարներ չեն, պարապ խոսքեր են: Բայց հենց դա է կազմում զուտ քաղաքական ռեսուրսի հիմքը:

Որպեսզի ոչ ոք չվիրավորվի, վերցնեմ դարձյալ իմ օրինակը: Իմ գործը գրելն է եւ եթերում խոսելը: Ես դրանի՛ց եմ բավականություն ստանում, դա՛ եմ աշխատում անել հնարավորինս լավ: Բայց բացառված չէ, որ ինչ-որ մեկն իմ խելքն ուտի եւ սկսի համոզել, որ ես կարող եմ դառնալ քաղաքական գործիչ, պատգամավոր, պետական պաշտոնյա կամ, չգիտեմ՝ տիեզերագնաց: Հնարավոր է նաեւ, որ առանց որեւէ մեկի «բզելու»՝ իմ մեջ, այսպես ասած, «ինքնաբուխ» ուղեղի մթագնում առաջանա, ու ես սկսեմ նման հավակնություններ ունենալ: Այդ դեպքում իմ բոլոր իսկական ընկերներն ու բարեկամները պետք է ուղիղ իմ երեսին ասեն, որ իմ մտածածը հիմարություն է, եւ ես պետք է, որքան հնարավոր է, շուտ հետ կանգնեմ այդ մտադրությունից:

Բայց հավանական է, որ կգտնվեն կեղծ բարեկամներ, որոնք կսկսեն ինձ տարբեր կողմերից «տաքացնել». «Վախ, շեֆ ջան, դու երկրորդ Յուրի Գագարինն ես, ուղղակի ստեղծված ես տիեզերագնաց դառնալու համար: Թարգիր այդ գրելը եւ սկսիր քո այգում տիեզերանավ կառուցել, որպեսզի Յուպիտեր թռչես»: Եթե ինձ հաճելի լինի լսել այդ շողոքորթությունները, եւ ես փող ունենամ, գուցե սկսեմ այդ տիեզերանավը սարքել: Բայց երբ այդ գործում հաջողություն չեմ ունենա, ինձ «տաքացնողները» միանգամից կանհետանան, կչքանան, լավագույն դեպքում «հրաժեշտի խոսք» կգրեն կամ նույնիսկ կսկսեն ինձ ավելի շատ ծաղրել, քան իմ «չուզողները»: Եվ դա բնական է. ոչ ոք իմ հիմարությունների համար պատասխանատու չէ: Բացի ինձնից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Թե ինչ եղավ հետո, երբ Գաղջիստանի ՛՛Լուսաբաց ՛՛ թերթի խմբագիրը սկսեց գաղջի ծագումնաբանության պաշտոնական գիծը կասկածի տակ առնել:
    …………………..
    Այսօր տեղի ունեցավ Գաղջիստանի Գավառամտական Կուսակցության /ԳԳԿ/ երկար սպասված արտահերթ համագումարը, որում վերջապես դիմակազերծ արվեց ՛՛Լուսաբաց ՛՛ թերթոնի այսպես կոչված խմբագիրը, որն ինչպես պարզվեց, ոչ միայն սեփականատեր է, այլ չի տիրապետում անգամ բաբելոներենին, դե իսկ իր առաջնորդող հոդվածներում համարձակվում էր մեր Գավառի հենասյուներին անվանել անգրագետ, հանցագործ, դե իսկ մեր լուսավոր ճակատներին, որոնք մեծ ավանդ ունեն Գաղջիստանի պայծառ ներկայի արարման գործում, անվանում էր անսկզբունք և դրա նման այլ վատ բաներ: Մի խոսքով՝ մենք գործ ունենք մի կեղծ ինտելիգենտի հետ, որը երկար տարիներ թաքնվել է մեր անվտանգության համակարգի ամենատես աչքից, սակայն ինպես հայտնի է, նույնիսկ ամենամեծ համբերություն էլ մի օր սպառվում է, հատկապես, երբ խոսքը գնում է գաղջի սրբազնագույն ակունքների մասին:
    Համագումարը միաձայն որոշեց, որ եթե այդ կեղծ ինտելիգենտը շարունակի իր խմբագրականներով ցեղ շպրտել և սևացնել մեր անձնվեր աշխատանքը, ապա հարկադրված կլինի հիշել իր իսկական՝ սազանդարի մասնագիտությունը, այն էլ՝ որոշակի՝ նրա համար նախատեսված հիմնարկներում:

  2. մարդ says:

    Եթե մարդը ձգտումներ ոնի նա փորցում է քիչ ռեսուրսներով շատ բանի հասնել.Ոչինչ թող մի անգամ չստացվի , բայց այս փորցը դառնում է ռեսուրս հաջորդ անգամվա համար. Ոչ մեկ ի ծնե «Յուրի Գագարին» չի ծնվում , այլ դառնում է. Իսկ ինչ վերաբերվում է կողքից « կուտ տվողներին» , դա էլ եվ իր լավ էֆեկտն ունի « միտք են տալիս կողքից » , եվ վատ «ռիսկի բաժինը քեզ է մնում» . Իսկ նստել փափուկ անկյունում եվ բավարարվել եղածով պատճառաբանելով որ «ես ել էսքանին եմ ընդունակ» , դա արդեն կյանքից հեռանալ պատրաստվող մարդու գործ է.

  3. Աբո says:

    Լրիվ այս տարբերակնա, «мавр сделал свое дело мавр может уходить»

  4. Թրավիս says:

    ոնց որ ասում են՝ մի վատ բանից յաճախ մի լաւ բան դուրս կգա

    ուրախանալի եւ շնորհաւորելի է որ, Պարոն Ծառուկյանի մեկնումով, Տիկին Նաիրա Զոհրաբյան արժանացաւ քաղաքական բարձրաստիճան դիրքի

    Հայաստանի նման – այս մարզում եւս, ափսոս, մի քիչ հետամնաց – մի երկրի համար, կնոջ մը՝ այս դիրքին հասնիլը, ինքնին առաջացում է, կարելի է նոյնիսկ ասել՝ անկիւնադարձային իրադարձություն

    մինչեւ օրս, ան, բացայայտորեն Ծառուկյանից աւելի բանիմաց եւ կարող լինելով հանդերձ, ոնց որ անոր ստորադաս ծառան լիներ, խոնարհ ադմինիստրատորը…

    ներկա կացությունը աւելի ճիշտ ու արդար է, եւ յուսադրիչ՝ Հայաստանի ապագային համար

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031