Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, որ այսօր Ծառուկյանի նկատմամբ եղավ, 2013-ի «Ժառանգության» պայքարի արդյունքն էր»

Մարտ 06,2015 21:35

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը Ազատության հրապարակում հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ, կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է  լրագրողների հարցերին: «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում կարծիք է հայտնել, որ ներկայումս ինչ տեղի է ունենում Հայաստանում` միասնական ընդդիմության պարտությունն էր, որովհետեւ Հայաստանում երբեւիցե նման իրավիճակ չէր ստեղծվել. «Ընդդիմության պարտությունն էր, որովհետեւ մեր նորանկախ պատմության ընթացքում առաջին անգամ հնարավորություն էր ստեղծվել, իսկապես, ժողովրդի ճնշմամբ իշխանափոխություն իրականացնել, ոչ թե ընդդիմության, այլեւ` ժողովրդի»:

Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ թեեւ իշխանափոխության ձախողումը ընդդիմության պարտությունն էր, բայց դա հաղթանակ չէր նաեւ իշխանության համար. «Մենք պարտվեցինք, ոչ թե իրենք հաղթեցին, առավելեւս սա պարտություն էր պետության: Ակնհայտ դարձավ, որ իշխանություն պահելը գերագույն նպատակ է Հայաստանում, եւ էական չէ պետական, հասարակական շահը, տվյալ պետության իմիջը, եւ որեւէ այլ բան: Իշխանություն պահելը մեկ նպատակ ունի` մի խումբ անձանց հարստացման համար է: Ես այսօր բոլոր ընդդիմություններին, որքան էլ, որ տարօրինակ է, պետք է շնորհակալություն հայտնեմ` ՀՅԴ-ին, ԱԺՄ-ին, ՀԺԿ-ԻՆ,  Ազգային միաբանությանը, ՀԱԿ-ին, բոլոր նրանց, ովքեր ընդդիմության պայքարը վառ են պահել, անկախ նրանից, որ նրանցից ոմանք դարձան իշխանություն, ոմանք իշխանության հետ են խաղում, բայց, այնուամենայնիվ, այն ժամանակ, երբ իրենք պայքարում էին, ազնվորեն էին  պայքարում, եւ այդ պայքարի ջահը փոխանցվել է միշտ: Ես հույս ունեմ, այս պահից սկսած այն ջահը, որը չի մարվել, չի էլ մարվելու, որովհետեւ, եթե մարվի, մենք ունենալու ենք շատ արագ կործանվող պետություն: Այն որ «Բարգավաճ Հայաստանի» եւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այդ ճնշումներն այսօր տեղի ունեցան, եւ ոչ թե սրանից 10 տարի առաջ, դա այդ ընդդիմությունների պայքարի արդյունքն է եղել: Այն, որ այսօր Գագիկ Ծառուկյանի եւ «Բարգավաճ Հայաստանի»  նկատմամբ եղավ, դա 2013 թվականի «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի արդյունքն էր, մենք բոլորս միշտ պայքարի մեջ ենք եղել»:

Պարոն Մարտիրոսյանն այսօր Ազատության հրապարակում դիմելով հավաքվածներին,  ասել է, որ մինչեւ քաղաքացիներով չպայքարեն, որեւէ բան չի փոխվի. «Այն տարբերակը, որ ուրիշը պայքարի, ես վայելեմ, Հայաստանի պարագայում չի աշխատելու, որովհետեւ իշխանությունն ունենալով իր այդ անօրինակ ճնշումների գործիքակազմը, օգտագործելու է մինչեւ վերջ: Այդ ճնշումները չեն աշխատում միայն մեր դեպքում: Հույս ունեմ, որ մի օր կկարողանանք միասնաբար ինչ-որ քայլեր անել»:

Մինչ Արմեն Մարտիրոսյանի ելույթը, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր ելույթում ասել է, որ շարունակելու են այցելությունները մարզեր, իսկ մարտի 20-ին ժամը 17.00-ին նորից Ազատության հրապարակում հանդիպելու են քաղաքացիների հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով վերջին օրերի դեպքերին, ասել է, որ յուրաքանչյուրը կարող է լինել վերանայման շրջանում. «Փորձում ենք գլուխ հանել, հասկանալ, թե ինչ է եղել, ինչ պատահեց, որ էդ ուժերի հրավերով ժողովուրդը պիտի հավաքվեր այստեղ 100 հազարներով, ու չստացվեց»:

Խոսելով Բրյուսելում Եվրոպական Ժողովրդական կուսակցության կողմից ընդունված Հայոց ցեղասպանության, եւ Հովհաննիսյանի խոսքերով ասած`  մեծ հայրենազրկման 100 ամյակին նվիրված բանաձեւից, նկատել է, որ այն աննախադեպ մի բանաձեւ է, եւ հույս հայտնել, որ այն կշարունակվի Եվրոպական եւ համաշխարհային բոլոր կառույցներում. «Իհարկե, այդ բանաձեւերը մեր հայրենիքը չեն վերադարձնի մեզ, դա ենթադրում է տեւական համազգային, համապետական պայքար: Կան մարդիկ, որոնք ասուլիս են տալիս, մամուլի հաղորդագրություն են բաժանում, ներկա էին, թե` չէ, կարեւոր չէ, ասելու համար ոնց եղավ այդ բանաձեւը: Ես բոլոր նրանց ունեմ մի պատասխան` այդ բանաձեւը պատկանում է Եվրոպական ժողովրդական կուսակցությանը եւ շատ հպարտ ենք, որ եվրոպացի մեր գործընկերները ընդունեցին միաձայն ցեղասպանությանը նվիրված բանաձեւ, որը խոսում է հաշտեցման հասնելու մասին, բայց ճշմարտության միջոցով, խոսում է, ոչ միայն ճանաչման, այլ հատուցման մասին, հայ մարդու ու իր հայրենիքի միջեւ վերամիավորման մասին: Թող ոչ մեկը հիմա անամոթաբար հեղինակային իրավունք իրեն չվերագրի, մեկը`ասուլիսով, մյուսը…  ով շատ ուզում է, թող տեքստը բացի` տեսնի»:

«Ժառանգության» առաջնորդը նաեւ շեշտեց, որ Վալերի Պերմյակովը պետք է հանձնվի հայկական արդարադատությանը. «Եթե մեր իրավասությանը չհանձնեն այդ հրեշին ու վերադասերին, եթե մեր ռազմավարական գործընկերը չի հարգում մեր տարածքային ամբողջականությունը, մեր Սահմանադրությունը, մեր իրավունքը, պիտի դուրս գան Հայաստանի տարածքից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031