Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանն էլ մերժեց Տեր-Պետրոսյանին

Մարտ 07,2015 12:00

«Գյուղխորհրդի մատյաններից մինչեւ ՄԱԿ-ի մատյանները
ցույց են տալիս», որ Քոչարյանն է ԼՂ-ն դուրս մղել կարգավորման
գործընթացից

Ուշագրավ միջադեպ արձանագրվեց քաղաքական դաշտում օրերս: Տեր-Պետրոսյանի հռչակած «քաղաքագիտական վերլուծությունից» եւ «բուրժուադեմոկրատական հեղափոխությունից» հետո ՀԱԿ-ը որոշակիորեն շրջանցում էր Քոչարյանի քննադատության թեման, ակնհայտորեն դադար էր վերցրել Մարտի 1-ի պատասխանատվության հարցում նրա դերակատարության հարցը թեժ պահելու իր երբեմնի մարտավարությունում: Նույնիսկ բանը հասավ նրան, որ մի առիթով Լեւոն Զուրաբյանը Քոչարյանի սեփականության կորստի վտանգի մասին ահազանգեց` նշելով հետեւյալը՝ 2013-ին վերընտրվելու դեպքում Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է խոշոր տնտեսական եւ ֆինանսական հնարավորություններ ունեցող Գագիկ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար. «Ով իշխանության գլուխ է, նա է տիրանում սեփականությանը: Ուստի այն մարդը, ով կորցնի իշխանությունը, կորցնելու է նաեւ սեփականությունը»:

Մարտի 4-ին Քոչարյանի մամլո խոսնակը մի պարզաբանում հրապարակեց, որով կարելի է ամրագրել, որ Քոչարյանը վերջակետ դրեց Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի միջեւ գոյություն ունեցող զինադադարին: Քոչարյանի մամլո խոսնակի հրապարակած հոդվածի առիթը մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի ելույթն էր, որում նա, մասնավորապես, ասել էր. «Միաժամանակ քոչարյանական վարչախումբը արտաքին քաղաքականության մեջ թույլ տվեց մի ավելի կոպիտ ձախողում. մինչ այդ հակամարտության լիիրավ կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մղվեց կարգավորման գործընթացից, եւ արցախահայության ինքնորոշման իրավունքի խնդիրը վերածվեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի առարկայի»։

Ուշագրավ է, որ մարտի 1-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը կրկին շրջանցեց մարտի 1-ին Քոչարյանի պատասխանատվության հարցը՝ հավանաբար, ուղերձ հղելով Քոչարյանին` քաղաքական պրոցեսներից Ծառուկյանի դուրս մղվելուց հետո Քոչարյանի հետ դաշնակիցներ դառնալու ակնկալիքով: Մինչդեռ Քոչարյանն այդ ելույթից երեք օր անց հակադարձեց, թե՝ ԼՂՀ-ին բանակցություններից դուրս է մղել Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ փաստացի մերժելով Տեր-Պետրոսյանի ակնկալիքները:

Ըստ էության, այս թեման Քոչարյանի համար ընդամենը պատրվակ էր` ընդգծելու իր մերժողական վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի նկատմամբ:
Ինչ վերաբերում է 1998-2008թթ. ԼՂ կարգավորման գործընթացում Քոչարյանի եւ Օսկանյանի «ձեռքբերումներին», ապա դա իսկապես քննարկման առարկա չէ, որովհետեւ ինչպես հայտնի արձակագրի հայտնի ստեղծագործության մեջ է ասվում` «գյուղխորհրդի մատյաններից մինչեւ Միացյալ ազգերի կազմակերպության մատյանները ցույց են տալիս», որ նրանց իշխանավարման տարիներին է ԼՂ-ն դուրս մղվել կարգավորման գործընթացից. սա անհերքելի իրողություն է:

Հիշեցնենք, որ 1998թ. Քոչարյանը խոստացել էր ԼՂ հակամարտությունը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով, խոստացել էր 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել, ընդ որում՝ առանց այդ հարցը հանրաքվեի դնելու եւ Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելու: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ Քոչարյանն ու Օսկանյանը նույնիսկ կողմնակից են, որ ԼՂ-ն ամրագրվի որպես Ադրբեջանի մաս, քանի որ համաձայնել ու բանակցել էին իրենց համար ընդունելի` «Ընդհանուր պետության» առաջարկի շուրջ (Քոչարյանի օրոք առաջարկած` 1998թ. «ընդհանուր պետության» տարբերակն ամբողջությամբ հայաստանյան մամուլում հրապարակվել է): Ընդ որում, այս առաջարկը պաշտոնապես ներկայացվել է ԼՂ-ին, եւ Ստեփանակերտը եւս ընդունել է այն: Արդեն դրանից հետո Քոչարյանը մտավ տարածքների փոխանակման բանակցությունների մեջ:

1999թ. Քոչարյանը ԵԱՀԿ-ի Ստամբուլի գագաթնաժողովում ստորագրեց Եվրոպական անվտանգության խարտիան եւ ճանաչեց պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը, եւ առհասարակ 1998-ի իշխանափոխությունից հետո ղարաբաղյան հակամարտության հարցն ազգերի ինքնորոշման իրավունքի ոլորտից դուրս եկավ եւ վերածվեց Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի:

Սա դեռ ամենը չէ: Քոչարյանի եւ Օսկանյանի իշխանավարման «ձեռքբերումներից» էր նաեւ Մեղրիով Նախիջեւանը Ադրբեջանին կապող միջանցքի ստեղծման գաղափարի քննարկումը, հայաստանյան մամուլում այդ թեման լայնորեն քննարկվում էր` «Մեղրիի տարբերակ» անվանմամբ: Խոսքը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ 2001թ. ապրիլի 3-7-ը Ֆլորիդայի նահանգի Քիվեսթ քաղաքում բանակցությունների մասին է, որտեղ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ առաջ էր քաշված Մեղրիի հարցը, բանակցությունների սեղանին էր Ադրբեջանին Մեղրիով միջանցք տրամադրելու հարցը: Քիվեսթյան բանակցային փուլն ընթանում էր ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հովանավորությամբ: Այդ շրջանում էր, որ «օկուպացված» տարածքներն առանց նախապայմանների հանձնելու մասին հայտարարություններն ինտենսիվորեն շրջանառվում էին: Իսկ քիվեսթյան բանակցություններին հաջորդած տեղեկատվությունը հետեւյալն էր` ԼՂ-ի կարգավիճակի շուրջ առկա են չհաղթահարված տարաձայնություններ: Հայտնի է, որ քիվեսթյան «համաձայնագիրը» պետք է ստորագրվեր նույն թվականին, ամռանը՝ Ժնեւում նախատեսված համաժողովում, սակայն այն պարզապես չկայացավ:

Qocharyan

«Ռոբերտ Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը: Ինչ-որ պահի ԼՂ-ն դուրս մնաց բանակցություններից, եւ հիմա հակամարտության երկու կողմերը պետք է համաձայնեն, որ նա վերադառնա: Կգա մի օր, երբ ղարաբաղցիները ավելի խորը մասնակցություն կունենան բանակցություններին: Լավ կլինի, եթե դա շուտ լինի»,- 2010թ. մարտին Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի ԽՎ` Ռոուզ-Ռոթ սեմինարի ընթացքում ի պատասխան հայկական կողմի այն դժգոհություններին, թե ԼՂՀ-ն այսօր չի մասնակցում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, արձագանքել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, որը նշյալ միտքը հայտարարել է բազմիցս:

Հարկ է նշել, որ Մինսկի խմբի լիագումար ֆորմատով վերջին բանակցությունները տեղի են ունեցել 1997թ. ապրիլին Հելսինկիում` երեք կողմերի մասնակցությամբ, որից հետո համանախագահները երեք կողմերին ներկայացրել են գրավոր առաջարկներ: Քոչարյանը իշխանության գալով՝ Լեռնային Ղարաբաղը դուրս է մղել բանակցային գործընթացից` իր իսկ անձնական որոշմամբ, իսկ Լեռնային Ղարաբաղին կարգավորման առաջարկներ չեն ներկայացվել 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո: 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ արդեն Քոչարյանը միանձնյա իշխանության գլուխ էր, Լեռնային Ղարաբաղին այլեւս չեն ներկայացվել կարգավորման առաջարկներ, ինչն աներկբայորեն փաստում է ԼՂ-ին բանակցություններից դուրս մղելու Քոչարյանի ու Օսկանյանի հետեւողական քաղաքականության մասին:

Եվ ընդհանրապես՝ երբ խոսվում է բանակցային գործընթացում ԼՂ մասնակցության մասին, պետք է հասկանալ, թե ինչ է ենթադրում բանակցային գործընթացում կողմերի մասնակցությունը: Դա նախեւառաջ կողմերին կարգավորման տարբերակները ներկայացնելու հանգամանք է, եւ այստեղ պետք է հիշեցնենք, որ 1997թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաթեթային եւ փուլային տարբերակները ներկայացվել են Հայաստանին, Ադրբեջանին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին:

Մի հատկանշական դրվագ եւս: 2003թ. նախագահական ընտրությունների քարոզարշավին բոլորն են հիշում նախագահի թեկնածուներ` ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հեռուստաբանավեճը, որի ընթացքում Քոչարյանն իրեն ուղղված Դեմիրճյանի հետեւյալ մեղադրանքին ի պատասխան` թե ինքն է դուրս մղել ԼՂ-ն բանակցային գործընթացից, ոչ միայն չհերքեց այն, այլեւ արդարացրեց իր չորսամյա «մարտավարության» ճշմարտացիությունը այսպես` այդպես ճիշտ է, երբ առանց Ղարաբաղի Հայաստանն ավելի մեծ պատասխանատվություն է վերցնում բանակցային գործընթացում:

Այնպես որ՝ գոյություն ունեցող անհերքելի փաստերի առնչությամբ Քոչարյանի եւ իր գրասենյակի «սրբագրական» աշխատանքները, մեղմ ասած, զավեշտալի են:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031