Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների ֆինանսավորում. ինչպես միշտ, գումարը քիչ է, որակն էլ՝ անբավարար

Մարտ 09,2015 14:09

Հայաստանի հիմնական և ավագ դպրոցներում իրականացված զույգ հետազոտությունները փաստում են, որ հանրակրթական հաստատությունների՝ աշակերտների թվով ֆինանսավորման սկզբունքը այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Դպրոցները ֆինանսավորվում են ոչ թե աշակերտների թվին համապատասխան, այլ եղած ֆինանսական միջոցներն են համապատասխան բանաձևերի և մեթոդաբանության շնորհիվ «հարմարեցվում» աշակերտների թվին։ Ստացվում է, որ ֆինանսավորման նման սկզբունքով դպրոցները հազիվ են գոյատևում, իսկ  զարգացման ու որակի բարելավման հեռանկարներ գրեթե չկան:

Հետազոտությունները իրականացրել է Համայնքների ֆինանսիստների միավորումը` «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ։

Վերջին՝ «Ավագ դպրոցներում կրթության ֆինանսավորման և ֆինանսական արդյունավետության մոնիթորինգ» զեկույցի նպատակը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության կրթական ծրագրերի պատասխանատու Լիլիթ Նազարյանի խոսքով, պարզելն էր, թե որքանով է կայացել աշակերտների թվի հիման վրա ֆինանսավորման սկզբունքը հատկապես ավագ դպրոցում, որտեղ ֆինանսավորման բանաձևում օգտագործվող գործակիցը ավելի բարձր է, և արդյոք հատկացվող գումարը բավարար է՝ իրականացնելու այն կրթական ծրագիրը, որը դրված է ավագ դպրոցների հայեցակարգի հիմքում։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ արդյունքները այնքան էլ հուսադրող չեն, ինչը իր անմիջական բացասական ազդեցությունն է գործում կրթության որակի վրա, և որ ֆինանսավորման այս համակարգը Հայաստանում բազմաթիվ բարեփոխումների կարիք ունի։

Armen_Ashotyan

Հայաստանում գործում է 109 ավագ դպրոց, որից 45-ը Երևանում, 64-ը՝ մարզերում։ Ավագ դպրոցներին վերաբերող զեկույցի շրջանակներում մասնագետները ուսումնասիրել են երևանյան և մարզային 18 ավագ դպրոց, կատարվել է սոցիոլոգիական հետազոտություն ծնողների, աշակերտների,  տնօրենների և ուսուցիչների շրջանում։

Դպրոցին մեկ տարվա համար հատկացվող գումարը հաշվվում է հետևյալ բանաձևով՝ սովորողների թիվը բազմապատկվում է մեկ սովորողին ընկնող տարեկան գումարով, որին էլ գումարվում է դպրոցի պահպանման ծախսերի նվազագույն գումարը։  2014 թվականի մեկ սովորողին ընկնող տարեկան նվազագույն գումարը կազմել է 121 097 դրամ, ավագ դպրոցի պահպանման ծախսերի նվազագույն գումարը կազմել է 16876.0 հազար դրամ։

Vahan-Movsisyan

Վահան Մովսիսյան

Զեկույցը կազմած Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը ասում է՝ թեև ամբողջ աշխարհում մեկ շահառուով ֆինանսավորումը ամենաարդյունավետն է համարվում և՛ կրթության, և՛ ընդհանրապես հանրային կառավարման բնագավառում, սակայն Հայաստանում ընդամենը այդ ֆինանսավորման անունն է հնչեղ հայտարարվում։

«Մենք պետք է հաշվեինք, թե ինչքան գումար է պահանջվում մեկ երեխայի կրթության համար, դա բազմապատկեինք թվով, ստանայինք վերջնական գումարը, բայց մեզ մոտ հակառակ պրոցեսն է տեղի ունենում։ Մենք  հարցնում ենք՝ «անցած տարի ինչքա՞ն էր, էս տարի որոշել ենք մի քանի տոկոս ավելացնել, այ, հիմա էսքա՛ն է ձեր ֆինանսավորումը։  Հետևաբար գալիս ենք ֆինանսների նախարարություն, սա ձեր ֆինանսավորումն է, դե հիմա փորձենք երեխաների թիվը պտտեցնենք այնքան, մինչև այդ ֆինանսավորումը գա հասնի մեզ տված փողի քանակին։ Подгонка ենք անում այդ ֆինանսավորման բանաձևը։ Այս պայմաններում խոսել մեկ երեխային ֆինանսավորման արդյունավետության մասին՝ այդքան էլ ճիշտ չէ»,- ասում է Վահան  Մովսիսյանը։

Լիլիթ Նազարյանն էլ ընդգծում է՝ մեկ սովորողին ընկնող ընթացիկ ծախսերի ավելի քան 90 տոկոսը ուղղվում է ուսուցիչների աշխատավարձի վճարմանը, և միջոցները չեն բավարարում դպրոցի պահպանման և զարգացման գծով ծախսեր ու ծրագրեր իրականացնելու համար.

«Դա նշանակում է, որ ամբողջ կրթական համակարգը դրված է ուսուցչի ուսերին, այսինքն միայն ուսուցչից է կախված, թե ինչ կրթություն կստանա երեխան, ի վերջո։ Օրինակ, բացարձակ ոչ մի ֆինանսական միջոցների հատկացում չկա լաբորատորիաների համար, դրանք մնում են գրանտային ծրագրերի հույսին, սա է օբյեկտիվ իրականությունը»։

Երևանի թիվ 83 ավագ դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանը պատկերավոր օրինակով է բացատրում ֆինանսների սղության փաստը.- «Ֆինանսները միշտ էլ չեն բավարարում։ Մեր բոլորի ընտանեկան բյուջեում էլ շատ բաներ պակասում են։ Նույնն էլ սա է։ Աշխատում ենք մեզ ոչ մի շռայլություն թույլ չտալ։ Ասենք, երեխայի ծնունդը ռեստորանում չենք նշում, այլ տանը՝ նեղ շրջանակում։ Սա պետական մոտեցում պահանջող խնդիր է, երկրում հազար ու մի պրոբլեմ կա, չէր կարող այս ոլորտում ամեն ինչ իդեալական լինել»։

Ավագ դպրոցների տնօրեններին մտահոգող խնդիրը 2015-16 ուսումնական տարում օբյեկտիվ պատճառներով աշակերտների թվի նվազումը, հետևաբար ֆինանսավորման կրճատումն է։

«Այս տարի շատ լարված վիճակում ենք հայտնվել, որովհետև մի քանի տարի առաջ, երբ վեց տարեկանները սկսեցին դպրոց գնալ, հիմա եկել հասել է էդ տարիքը, որ 9-րդ դասարան ավարտող աշակերտների թիվը խիստ կրճատվել է, այս տարի մեր դպրոցում տասը դասարան կավարտի, լավագույն դեպքում կընդունեմ երեք դասարան»,- ասում է Պապոյանը։

Ըստ զեկույցի հեղինակների՝ խիստ արդիական են մնում բուհ ընդունվելու համար կրկնուսույցների մոտ պարապելու հարցը, որը լրացուցիչ ֆինանսական բեռ է ծնողների համար, (ավագ դպրոցների խնդիրներից մեկը, ըստ հաստատված ռազմավարության, բուհի և դպրոցի կապը ամրապնդելն է) դպրոցների գույքային և շենքային անմխիթար պայմանները, լաբորատորիաների զինված չլինելը և այլն։

Ոլորտի վերահսկողությունը իրականացնող կրթության և գիտության նախարարությունում այս խնդիրները նորություն չեն։ ԿԳՆ Հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանն ասում է՝ դպրոցների ֆինանսավորման բանաձևն իրոք փոփոխության և վերանայման կարիք ունի։

«Ցանկալի կլիներ, որ աշակերտ թվի ֆինանսավորումը բարձր լիներ, բայց դա տարեցտարի է աճում և առաջիկա տարիների ընթացքում ավելի լավ բանաձև և ավելի մեծ ֆինանսավորում կունենանք»,- ասում է նախարարության պաշտոնյան։

Մակյանը վստահեցնում է, որ վերջին տարիներին մի փոքր պակասել է կրկնուսույցների դիմող աշակերտների թիվը, սակայն լիովին վերացնել այդ պրակտիկան՝ հնարավոր չէ։

«Ավագ դպրոցներում խորացված առարկաներին հատկացված ժամանակը բավականին բարձր է և ավելի շատ է, քան կրկնուսույցն է տրամադրում իր աշակերտին, պարզապես մեզ ժամանակ է պետք, որպեսզի ծնողը ավելի շատ մեզ վստահի։ Ծնողները ավելի շատ կրկնուսույցի դիմում են իրենց խիղճը հանգիստ լինելու համար»։

Նշենք, որ համաձայն հարցումների, ծնողների մոտ 2/3-ի կարծիքով՝ երեխաների ստացած գիտելիքները բավարար չեն բուհ ընդունվելու համար։ Կրկնուսույցի մոտ պարապած ավագ դպրոցների համարյա բոլոր շրջանավարտներն ընդունվում են բուհ, իսկ կրկնուսույցի մոտ չպարապածների միայն կեսը։

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կրթական ծրագրերի պատասխանատու Լիլիթ Նազարյանն ասում է. «Ֆինանսների ու կրթության և գիտության նախարարություններում պնդում են, որ կա ֆինանսավորման հստակ մեթոդաբանություն, բայց իրենք էլ գիտեն, որ միայն թվերը չէ, որ պետք է գումարել ու հանել։ Ֆինանսավորման մեթոդաբանության հիմքում պետք է քանակական հատկանիշներից բացի, որակական հատկանիշներ դրվեն՝ ելնելով այն կրթական նպատակից, որը իրականացնում է տվյալ հաստատությունը»։

ԿԳՆ ֆինանսատնտեսագիտական և հաշվառման վարչության պետ Գևորգ Եղինյանն էլ շեշտում է, որ կրթությանը հատկացվող բյուջեն աճում է այնքանով, որքանով տվյալ տարվա հանրապետական բյուջեն՝ նախորդի համեմատ։

«Դպրոցների ցուցանիշները բոլորը իմ մոտ են, ես նայում եմ, մինչև հիմա չի եղել դպրոց, որ բացասական արդյունքով փակի տարին, բայց արդյոք բավարար միջոց է ծախսվել մեր ուզած որակին հասնելու համար, դա արդեն այլ քննարկման թեմա է։ Խնդրի միակ պատճառը գումարների սղություն է»,- ասում է Եղինյանը։

Ս. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031