Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և դրանց կառավարման գործընթացը

Մարտ 09,2015 19:57

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիան քննարկեց առողջապահական համակարգի համար ամենաարդիական խնդիրներից մեկը` Հայաստանի Հանրապետությունում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացի վերաբերյալ հարցը։

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով աշխարհում տարեկան ավելի քան 1.4 մլն մարդու հիվանդանոցային բուժման ընթացքը բարդանում է ներհիվանդանոցային վարակներով։ Անգամ զարգացած երկրների ամենաժամանակակից հիվանդանոցներում բուժում ստացողների առնվազն 5-12 տոկոսի մոտ զարգանում են բուժման հետ կապված վարակային բարդություններ։ Ընդ որում` ԱՄՆ-ում այն կազմում է 5-6%, ԵՄ-ում ՝ 7.1%, իսկ զարգացող երկրներում՝ 25-40%։ ՌԴ-ում՝ 8-10%, Բելառուսում՝ մինչև 35%, Ղազախստանում՝ 7-20%։

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրեց նախարարի հրամանով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ մշակված առաջարկները։

Ուսումնասիրությունները կատարվել են հանրապետության 108 խոշոր բժշկական կենտրոնում, որից 60-ը` մարզերում։ Բանախոսը մանրամասն ներկայացրեց, թե մարզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ինչպիսի թերություններ և բացթողումներ են առկա ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում։ Կարևորվեցին վարակների վերահսկման ծրագրերի ներդրման, համաճարակաբանի առկայության, համաճարակային պատշաճ հսկողության իրականացումը, մի շարք բժշկական կենտրոններում շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը։

Ի դեպ, շուրջօրյա ջրամատակարարման խնդիր կա նաև Երևանի որոշ ԲԿ-ում։ Այս մասին Արտավազդ Վանյանը բարձրաձայնեց` անդրադառնալով Երևանի 48 ԲԿ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներին։

Ամենուր ուսումնասիրությունները կատարվել են ինչպես բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժված հիվանդների, այնպես էլ` բուժանձնակազմի շրջանում` անդրադառնալով մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողի անվտանգության խնդրին։ Հակաբիոտիկային/հակամանրէային կայունության հսկողության գործում կարևորվեցին հակաբիոտիկների կայունության նկատմամբ հսկողությունը, համաճարակաբանական հսկողությունը և վարակի հսկողությունը։

Նշվեց, որ հետագայում, ՀՀ առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով, ուսումնասիրություններ են իրականացրել նաև ՀՀ ԱՆ Պետական առողջապահական տեսչության, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի և ՀՀ ԱՆ Առողջապահական պետական գործակալության մասնագետներից կազմված խմբերը, որոնք արձանագրել են առաջին ուսումնասիրությունների ընթացքում բացահայտված թերությունների ու բացթողումների վերացման ուղղությամբ տարված աշխատանքները։ Նշվեց, որ դրական տեղաշարժեր են արձանագրվել։ Ներկայացվեցին նաև վերջին տարիներին նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու գործող օրենսդրությունը։

Շեշտվեց, որ մեծ է վարակների ռիսկայնությունը կոսմետոլոգիական և տատուի կենտրոններում, որոնք չեն լիցենզավորվում։

Անդրադառնալով խնդիրներին, բանախոսն ընդգծեց օրենսդրական դաշտում առկա բացերի և վիճակագրական տվյալների բացակայությունը։

Այնուհետև ելույթներ ունեցան փոխնախարարներ Սերգեյ Խաչատրյանը և Գագիկ Միրիջանյանը։

Հարցի քննարկման ժամանակ առաջարկներով հանդես եկան կոլեգիայի անդամներ` ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը։ Կոլեգիայի աշխատանքներին մասնակցող ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանն առաջարկեց համագործակցել մարզային հիվանդանոցներում առկա թերությունների վերացման գործում։ Ելույթ ունեցողները, այդ թվում` «Էրեբունի» ԲԿ-ի փոխտնօրեն Անահիտ Սարգսյանը, անդրադարձան ներհիվանդանոցային վարակների դեպքերի գրանցման, վերլուծության և համապատասխան միջոցների իրականացման հարցերին։ Ընդգծվեց հիվանդանոցի համաճարակաբանի առկայության կարևորությունը, նրանց մասնագիտական կարողությունների և գիտելիքների զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵՊԲՀ-ում կլինիկական համաճարակաբանության կրթական ծրագրի ներդրումը։ Հանձնարարվեց միաժամանակ կարճաժամկետ դասընթացներ կազմակերպել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում։

Ամփոփելով կոլեգիայի աշխատանքը` Արմեն Մուրադյանը նշեց, որ քննարկվող հարցն առողջապահության համակարգի կարևորագույն խնդիրներից մեկն է։ «Հարցը Հայաստանի Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում է, և իրավիճակը պարտադրում է խիստ մոտեցումներ ցուցաբերել»,-ասաց նախարարը` ընդգծելով, որ առկա թերությունները չվերացնելը վտանգ է հասարակության համար։

Նա հանձնարարեց արձանագրված խնդիրները տարանջատել օրենսդրական կարգավորման և կազմակերպչական մասերի։ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությանը հանձնարարվեց խստորեն վերահսկել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համաճարակային իրավիճակը` անկախ սեփականության ձևից։

«Բժշկական հիմնարկներ ունենք, որ այսօր հաջողությամբ իրականացնում են ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացը»,-շեշտեց Արմեն Մուրադյանը։

Կոլեգիան ընդունեց համապատասխան որոշում։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031