Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հրաժարվում եմ իմ պարգեւներից եւ երբեք չեմ կրի». Ազատամարտիկ

Մարտ 11,2015 14:56

Այսօր «Հիմնադիր խորհրդարանում» եւս երկու ազատամարտիկ հայտարարեցին, որ վերադարձնում են պետական պարգևները՝ որպես Բերձորյան դեպքերի և ռեժիմի կողմից շարունակվող ապազգային ու հանցավոր մյուս քայլերի հանդեպ բողոքի եւ անվստահության նշան:

Արցախյան ազատամարտի մասնակից Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) վերադարձրեց Արցախի եւ ՀՀ-ի «Արիության» մեդալները, «Մարտական ծառայության» պարգեւը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» եւ այլ մեդալները:

Ազատամարտիկի խոսքերով՝ «Ես չեմ կարող անմասն մնալ: Մեր ազգը կարիք ունի մարդկային գործոնի: Ես չեմ կարող անտարբեր մնալ եւ որպես ազգի նվիրյալ՝ ես նույնպես միանում եմ իմ ախպեր-ընկերներին: Ես չեմ կարող կրել այն շքանշանը, այն պարգեւը, որ ազգի վրա ձեռք բարձրացրած մարդիկ էլ են կրում նույն այդ պարգեւները: Մեր շարժման ղեկավարի, մեր ազգի հերոսի վրա ձեռք են բարձրացնում, պատկերացնո՞ւմ եք ինչ է կատարվում մեր երկրում: Ես նույնպես հրաժարվում եմ իմ պարգեւներից եւ երբեք չեմ կրի: Ես տեսնում եմ այսօր այս ռեժիմի քայլերը: Մի մարդ, որ ազգի համար կյանք է դնում, հոգի է տալիս ու նրա վրա մի ստահակ տականք ձեռք է բարձրացնում՝ առանց հասկանալու: Ինչ է թե ինքը մտածում է իր երկրի, ժողովրդի մասին, ուզում է, որ իր տան մեջ քնած մարդուն իր հայրենիքում չսպանեն, որ բալիկը մեծանա, ազգը շատացնի: Պատկերացնո՞ւմ եք, Բերձորը մենք ազատագրում ենք, Բերձորում մեզ ծեծում, սպանում են: Ռեժիմը մենակ ինքն իր համար է մտածում, չի ասում, որ զորք կա, այդ զորքին կերակրել է պետք: Զորքը մենակ է, թիկունքում ժողովուրդ չկա: Խաբելով մարդկանց, ծեծելով, սպանելով, ինվալիդ սարքելով մինչեւ ո՞ւր պիտի հասնենք: Ես չգիտեմ ոնց է մտածում մեր կառավարությունը: Սա հայի կառավարություն չի, այդքանը գիտեմ, հայի համար չի աշխատում: Աշխատում է՝ հային սպանելու եւ հային վտարելու համար»:

Ըստ նրա, այն ոստիկանը, որ ձեռք բարձրացրեց փոքր երեխայի վրա, ո՞նց կարող են իրենք դրան հանգիստ նայել եւ չբողոքել. «Ամեն գիշեր իմ աչքի դեմը այդ դեպքերն են գալիս, ոնց են Ժիրայրին խփում: Հասկանում եք, մենք ոչինչ չենք արել: Մեր ազգին իրազեկել ենք, որ անկախ ամեն ինչից մնացեք ձեր հողում: Այդ մարդիկ էլ՝ չէ՛, քեզ պտի սպանենք, դու չպիտի հելնես ասես՝ որ չարիք ա, քեզի պտի կոտորենք, քեզանից պրծանք՝ քո ընտանիքին, հետո՝ ախպորդ ընտանիքին: Ես իմ պարգեւները, շքանշանը հետ եմ տալիս, ինձ դրանք պետք չեն, քանի ժողովուրդն այս օրի է: Երազիս մեջ անընդհատ կռիվներն են գալիս»:

Նա ասաց, որ պարգեւները ստանալիս հավատացել է, որ կարող է ինչ-որ լավ բան լինի երկրում. «Բայց մեդալով չի, որ ես պիտի ինձ լավ զգամ, իմ ժողովրդի վերաբերմունքն ավելի մեծ պարգեւ է, քան շքանշանը»:

Արայիկ Խանդոյանն ասաց, որ իշխանությունը չի կարողանում կառավարել անգամ իր աշխատակազմին. «Կրիմինալը հելել, խեղդում է:

Մեր հարցին՝ ի՞նչ եք ակնկալում այդ «անիշխանությունից»՝ վերադարձնելով պարգեւները, չէ՞ որ այդ պարգեւներին Դուք արժանացել եք, դա պետական պարգեւ է, իսկ պետությունն ու իշխանությունը նույնը չեն՝ ազատամարտիկը պատասխանեց. «Ես ակնկալիք ունեմ իմ կառավարությունից, իմ երկրից, ոչ թե ռեժիմից, երկիրը ջարդող, կոտորողից, արտաքսողից: Ես միայն այդ ակնկալիքներն ունեմ այս իշխանությունից: Ես ակնկալում եմ, որ իմ երկիրը պիտի ծաղկի, պիտի իմ երեխեն իրան ապահով զգա իմ երկրում, ես դրա համար եմ եղել, որ ես ու իմ երեխեքը հանգիստ լինեն: Ես ուզում եմ, որ իմ երեխեն տրանսպորտում գումար տալու համար չնեղվի: Ես դրա համար չեմ կռվել, որ իմ երեխեն դոմիկում փտի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031