Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ կանայք անգամ իրենց օրգանիզմը լավ չեն ճանաչում»

Մարտ 12,2015 16:30

«Միոման բարորակ ուռուցք է, որը չբուժելու հետեւանքով կարող է դառնալ չարորակ»,- ասում են բժիշկ մասնագետները՝ կոչ անելով գինեկոլոգիական խնդիրներ ունենալու դեպքում անպայման դիմել բժշկի, այլ ոչ թե հեքիմաբուժությամբ կամ ինքնաբուժությամբ զբաղվել: Հատկապես վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս կանանց արգանդի, կրծքի կամ այլ սեռական օրգանների հիվանդությունները երիտասարդացել են:

Բժիշկների մեկնաբանմամբ՝ միոմաների եւ չարորակ նորագոյացությունների առաջացման պատճառները կնոջ հոգեբանական վիճակներն են, հորմոնալ խանգարումները, պարբերաբար հղիության արհեստական ընդհատումները, երկարատեւ սեռական կյանք չունենալը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նման հիվանդությունների համար պատճառ կարող են դառնալ նաեւ ճարպակալումը եւ նյութափոխանակության խանգարումները: Բժիշկը փաստում է, որ հիվանդության խորացումը նաեւ մարդկանց անտարբեր վերաբերմունքով է պայմանավորված, որոնք ժամանակին չեն դիմում բժշկի եւ սպասում են այնքան, մինչեւ հիվանդությունը բարդանա: Մինչդեռ Տիգրան Հովհաննիսյանը վստահեցնում է, որ կինը եթե 6 ամիսը մեկ չի կարողանում գնալ ստուգվելու, ապա գոնե տարին մեկ անգամ անպայման պետք է պրոֆիլակտիկ գինեկոլոգիական ստուգում անցնի, ինչպես նաեւ ենթարկվի բջջաբանական քննության. «50 տարեկանին մոտ կանայք տարին 1 անգամ պետք է անցնեն մամոգրաֆիա, սոնոգրաֆիա եւ դենսիտոմետրիա»,- նշեց բժիշկ Հովհաննիսյանը: Նա ասաց նաեւ, որ խնդիրը միշտ էլ եղել է, պարզապես հիմա հետազոտության հնարավորություններն են բարձրացել, ուստի որպեսզի արյունահոսություններով կամ չարորակ նորագոյացություններով չտեղափոխվեն հիվանդանոց, պետք է հետեւեն եվրոպացի կնոջ օրինակին: «Եվրոպայում կինը քիչ գումար ծախսում է պրոֆիլակտիկայի համար, քան մեծ գումար՝ հիվանդության բուժման վրա»,- ասում է գինեկոլոգը:

Մասնագետը նշեց, որ այդ հիվանդությունները հիմնականում հանդիպում են 45-60 տարեկան կանանց մոտ: Կնոջ մոտ դաշտանադադարից հետո երբ լինում են արյունային արտադրություններ, առաջին ահազանգն է, որ պետք է դիմել գինեկոլոգին:
Տիգրան Հովհաննիսյանն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով մարզերի հիվանդներին, որոնք շատ հաճախ մայրաքաղաքի բուժհիմնարկներ են տեղափոխվում հիվանդության բարդացած վիճակում` ասաց, որ մարզերում կանայք ավելի քիչ են դիմում բժշկի: Ըստ նրա՝ չնայած նրան, որ տարին մեկ անգամ պետությունը մարզերում կազմակերպում է գինեկոլոգիական անվճար հետազոտություններ, որոնք հիմնականում իրականացնում են Երեւանից գնացած բժիշկ-մասնագետները, սակայն այդ նախաձեռնությունից էլ լինում են մարդիկ, որ չեն օգտվում:

«Պարզ է, դժվար է մարզում բջջաբան ունենալը, բայց գոնե այդ ստուգումներին թող գնան, որը առավել եւս անվճար է»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը: Բժիշկը նաեւ նշեց, որ հայ կանայք քիչ են տեղեկացված եւ անգամ իրենց օրգանիզմը նորմալ չեն ճանաչում եւ միայն ծայրահեղ վիճակում են դիմում բժշկի, մինչդեռ ռուսազգի կամ ուկրաինուհի կանայք գալիս են բժշկի՝ պատրաստ հարցադրումներով:

Բժիշկն ասաց, որ կանանց սեռական օրգանների հիվանդությունների առաջացման պատճառ կարող են դառնալ նաեւ տղամարդիկ: Արգանդի պարանոցի նորագոյացությունները լինում են բորբոքային հիմքի վրա, որը հիմնականում առաջանում է զուգընկերոջից, եւ եթե զուգընկերը մեկն է, ապա հիվանդության հավանականությունը փոքր է, իսկ որքան շատ են սեռական զուգընկերները, այնքան ռիսկը մեծանում է:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031