Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանահայ լուսանկարչի տարերքն ու հայկական գոհարները

Մարտ 13,2015 14:00

«Առավոտի» հյուրը՝ ծնունդով Նոր Ջուղայից, 2007թ. ընտանիքով Հայաստանում հաստատված լուսանկարիչ Ռաբերտ Ղեւոնդյանը (լուսանկարում), Հայաստանում լուսանկարչական ցուցահանդեսներ հազվադեպ ունենալը պատճառաբանում է նրանով, որ մեր երկրում լուսանկարիչներն առանձնապես համախմբված չեն: Մեր զրուցակցի խոսքերով՝ լուսանկարիչներին բռունցքող կառույցը հնարավորություն կտար ոչ միայն հայաստանցի, այլեւ սփյուռքի լուսանկարիչներին միասնական ծրագրերով ներկայանալ աշխարհում: Արվեստագետը հիշեց տարիներ առաջ իր գործընկերոջ՝ Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որը կարծես ամբողջական հանրագիտարան է Հայաստանի եւ Սփյուռքի լուսանկարչական ժառանգության: Գրքում 480 հայ լուսանկարիչ է ներկայացված ու զետեղված են նաեւ համաշխարհային հռչակ ունեցող այնպիսի անուններ, ինչպիսիք են կանադահայեր Յուսուֆ Քարշը, Արթո Գավուքը, պոլսահայ Արա Գյուլերը, ամերիկահայ Հարրի Քունդակչյանը եւ ուրիշներ:

Ռաբերտ Ղեւոնդյանը խոսելով հայրենիքում կատարած մասշտաբային աշխատանքների մասին, առանձնացրեց իր երեք անհատական ցուցադրությունները. 2009թ. Երեւանում՝ «Ժամանակակից լեգենդներ», որտեղ ներկայացված են եղել մշակույթի անվանի գործիչների դիմանկարները, 2011-ին՝ «Պահանջատեր ենք»-ը՝ նվիրված Մեծ եղեռնի 96-րդ տարելիցին եւ նույն թվականին Ստեփանակերտում կազմակերպված «Ազատն Արցախը»՝ Շուշիի ազատագրման տարելիցին նվիրված: Նա նշեց, որ պատրաստվում է ներկայանալ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված մեծ ցուցադրությամբ:

Rabert_Devondyan-nkarner

Կոլաժ՝ Ռաբերտ Ղեւոնդյանի լուսանկարներով: 

Լուսանկարչի աշխատանքներում մշակույթի հայ մեծերի (Սոս Սարգսյան, Պերճ Զեյթունցյան, Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Վանուշ Խանամիրյան, Տիգրան Մանսուրյան, Երվանդ Ղազանչյան) դիմանկարների կողքին հանդիպում ենք զինվորի կամ արցախցի տատիկի: Հարցին` ինչո՞ւ է ընտրել «դիմանկարային» ուղղությունը, լուսանկարչի պատասխանը հակիրճ էր. «Որովհետեւ մարդու աչքերը կամ ավելի ճիշտ՝ հայացքը, խոսում են մնացյալի մասին»: Հիշեց նաեւ ծննդավայրում ժամանակին արված իր գործերը. «Իրանում ունենք հայկական պատմաճարտարապետական գանձեր՝ 1606թ. կառուցված Սուրբ Ամենափրկիչ վանքը՝ իր մատենադարանով ու թանգարանով եւ այլն: Միայն Նոր Ջուղայում 13 հայկական եկեղեցի ունենք, 4 հայկական կրթարաններ: Վերջիններս իսկապես հուշարձան են, ամենահինը կառուցվել է 1885թ.: Բնականաբար, դրանք նույնպես լուսանկարել եմ»:

Հետաքրքրությանը՝ որքա՞ն ժամանակ է լուսանկարչական արվեստում եւ ի՞նչն էր դրանով տարվելու պատճառը, արվեստագետը պատասխանեց. «Հայկական դպրոցում փոխտնօրեն էի ու հայոց պատմության դասատու: Շուրջ 20 տարի համագործակցել եմ Իրանում տպագրվող հայալեզու միակ՝ «Ալիք» օրաթերթի հետ: Ընդհանրապես Սփյուռքում հաճախում ես մասնագիտական դասընթացների եւ մասնագիտանում ընտրածդ ոլորտում, օրինակ, ես լուսանկարիչ եմ՝ շնորհիվ դասընթացների, որը կազմակերպել էր Իրանի մշակույթի նախարարությունը, հաճախել եմ ֆիլմարվեստի դասընթացների, արդյունքում նկարահանել եմ կարճամետրաժ ֆիլմ՝ «Մենություն» խորագրով, որն արժանացավ Սպահանի փառատոնի գլխավոր մրցանակին: Բայց դրանով չոգեւորվեցի՝ իմ տարերքը լուսանկարչությունն է: Ի դեպ, ավարտել եմ Սպահանի համալսարանի փիլիսոփայության բաժինը նույնպես…»,- ասաց արվեստագետը: Ռեպլիկին, թե այսօր լուսանկարչությամբ ընտանիք չես պահի, Ռաբերտ Ղեւոնդյանը համակարծիք լինելով, այնուամենայնիվ, ասաց, որ լուսանկարիչը պետք է կապեր էլ ունենա նման խնդիրը լուծելու համար. «Ես այսօր լուսանկարում եմ Հայաստան ժամանած նախագահների, դեսպանների, քաղաքական ու արվեստի գործիչների… Ինչ խոսք, հիանալի կամ կատարյալ կլիներ, որ լուսանկարիչներս ոչ թե «կողքից գործ անեինք», այլ քաղաքակիրթ երկրների օրինակով բարձր հոնորարներ ստանայինք՝ մեր պրոֆեսիոնալ աշխատանքի դիմաց»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031