Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպքեր եւ դեմքեր

Մարտ 16,2015 12:00

Անցած տարեվերջից սկսած՝ Հայաստանը տարօրինակ ու արտառոց դեպքերի ու իրադարձությունների պակաս չի զգում: Դրամի ու տարադրամի կտրուկ տատանումներն անհաջողությունների շղթայի սկիզբն էին: Նոր տարին նոր-նոր էր սկսվել, երբ տեղի ունեցավ Գյումրիի աննախադեպ ողբերգությունը: Այնուհետեւ ավտոերթի հետ կապված՝ Բերձորի իրադարձությունները: Դրան էլ հաջորդեցին Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի փոխադարձ սրացումները: Դժվար է գուշակել՝ արդյոք այս իրադարձությունները միմյանց հետ կապ ունեի՞ն, թե՞ ոչ, եւ երիցս դժվար է գուշակել՝ ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները: Թե՞, ընդհակառակը, չեն զարգանա ու կմարեն: Համենայնդեպս, Հայաստանի նախագահը եւս մի իրադարձության հեղինակ դարձավ. սառեցվեցին Հայ-թուրքական արձանագրությունները: Եվ այս ամենը՝ ընդամենը ամիսուկեսի ընթացքում: Եվ այս ամենը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

Արձանագրությունների սառեցմանն անմիջապես հետեւեց Ծառուկյանի ու նախագահի թունդ բանավեճի անակնկալ ու անսպասելի սառեցումը, եւ, ըստ խոսակցությունների՝ այդ էքսպրոմտ ու հանկարծակի հաշտությունը տեղի ունեցավ Մոսկվայից ժամանած Սամվել եւ Կարեն Կարապետյանների, ինչպես նաեւ վարչապետ ու խնամի Հովիկ Աբրահամյանի գործադրած ջանքերի շնորհիվ:

Դրան հաջորդեց առաջին նախագահի առաջարկությունը գործող նախագահին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ, որը, փաստորեն, մերժվեց գործող նախագահի կողմից: Առաջինը ոչ միայն որոշ դիտողություններ էր արել 100-ամյակի ներկայացված հռչակագրի կապակցությամբ, այլեւ ներկայացրել էր հանձնաժողովի կազմի իր տարբերակը, որտեղ կային նաեւ Լիպարիտյանի, Կտրիճ Սարդարյանի եւ այլ յուրայինների անունները:

Ինչպես ասում են՝ դաշտը մնաց կտրիճներին: Խոսքը, իհարկե, վերաբերում է ընդդիմադիր դաշտին, որի վրա շատերն աչք ունեն, եւ որից շատերը նաեւ միանգամայն լուրջ ակնկալիքներ ունեն, որովհետեւ կյանքն արդեն բազմիցս ցույց է տվել, որ եթե Հայաստանում իշխանություն չես, ապա առնվազն պիտի ընդդիմություն լինես: Եթե, իհարկե, ուզում ես մարդահաշիվ լինել: Եվ եթե իսկապես ուզում ես մարդահաշիվ լինել, պիտի ոչ թե սովորական ընդդիմություն լինես, այլ ընդդիմադիրների մեջ առաջինն ու ամենաազդեցիկը, որպեսզի ոչ միայն ժողովուրդը հետդ հաշվի նստի, այլեւ իշխանությունը:
2007-ի վերջերից սկսած՝ առաջին նախագահին ու իր շրջապատին հաջողվեց էդպիսի ընդդիմություն լինել: Որոշ ժամանակ եղավ, բայց քանի որ առաջին նախագահն ու իր մերձավորներն իրենց իսկ քաղբանտարկյալների մի զգալի մասին «ծախված» հռչակեցին, ժողովրդի հավատն առ ՀԱԿ էապես պակասեց, եւ ընդդիմությունն արդեն դժվարությամբ էր Ազատության հրապարակում ժողովուրդ հավաքում:

Հենց էդ պահին էր, որ ԲՀԿ-ն օգնության հասավ: Ավելի ճիշտ՝ Գագիկ Ծառուկյանը: Իսկ ավելի ստույգ՝ առաջին նախագահի քաղաքագիտական վերլուծությունը: Եվ՝ ոչ միայն քաղաքագիտական վերլուծությունը: Առաջինի կողմից Ծառուկյան-Իվանիշվիլի համեմատությունն էլ որոշիչ ու վճռական դեր խաղաց: Էդ համեմատությունը բոլորս հիշում էինք, բայց բոլորս մոռացել էինք, որ Իվանիշվիլին, ի վերջո, Վրաստանի նախագահ չդարձավ:

Մինչդեռ մերոնցից գլուխ չես հանի՝ ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում: Ի՞նչ են ուզում եւ ի՞նչ չեն ուզում: Ո՞վ է ուզում եւ ո՞վ չի ուզում: Անձա՞մբ է ուզում, թե՞ առաջինի ու երկրորդի դրդմամբ:

Այնքան դրդեցին ու տրամադրեցին, որ Ծառուկյանն էլ ուզեց նախագահ դառնալ: Ընդ որում՝ առանց սահմանադրական փոփոխությունների:

Իսկ մնացածը դուք ինձնից լավ գիտեք: Ավելի ճիշտ՝ ոչինչ էլ չգիտենք: Ոչ դուք եւ ոչ էլ ես:
Որովհետեւ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում փետրվարին, խելքից ու մտքից դուրս էր:
Թե հետագայում ինչ կլինի՝ դժվար է կանխագուշակել:
Ամենայն հավանականությամբ, թեժ գարուն չի լինի: Ինչպես նաեւ՝ առանց ռեժիմի Ցեղասպանության 100-ամյակ:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

14.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել