«Թեկնածուի որդին, որը նրա վստահված անձն էր, մեկ այլ անձի անձնագրով փորձել է քվեարկել հոր օգտին». ՏԻՄ ընտրությունների դիտորդ

«Թեկնածուի որդին, որը նրա վստահված անձն էր, մեկ այլ անձի անձնագրով փորձել է քվեարկել հոր օգտին». ՏԻՄ ընտրությունների դիտորդ

Մարտի 15-ին Հայաստանի 32 համայնքներում անցկացված ՏՒՄ ընտրությունների ընթացքում իրենց իրականացրած դիտորդական առաքելություններն այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացրին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը վստահեցնում է, որ քվեարկության օրը ստացվել է ընդամենը մեկ գրավոր դիմում բողոք՝ թիվ 41 ընտրատարածքային հանձնաժողովին, եւ դիմումը եղել է քվեարկության սենյակի կահավորման հետ կապված , իսկ դիմումում բարձրացված հարցերին տրվել է պատշաճ լուծում: Վերահաշվարկի հետ կապված ներկայացվել է երկու դիմում՝ թիվ 23 եւ թիվ 41 ընտրատարածքային հանձնաժողովներում: Տեղամասում քվեարկությունն անվավեր ճանաչելու մասին որեւէ դիմում չի ներկայացվել:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ավելի շատ թվով խախտումներ են առանձնացնում:

 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Լենա Նազարյանը մշտական կուտակումները, կողմնակի անձանց ներկայությունը, ուղղորդումները համարում է արդեն մշտական եւ ավանդական դարձած խախտումները:

«Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ իրավաբան Տիգրան Եգորյանը առանձնացնում է հետեւյալ խախտումները. «Այս անգամ մասնակցությունը ցանկալի տոկոսի չէր հասնում, պասիվ մասնակցություն էր,  մրցակցության առումով եւս կարելի է ընտրությունները գնահատել ոչ մրցակցային, քանի որ բազմաթիվ համայնքներում միայն մեկ թեկնածու էր առաջադրվում, սա համազգային խնդիր է: Եվ նույնիսկ այս պայմաններում շատ տեղամասերում մարդիկ փորձում էին բազմակի քվեարկություն իրականացնել, մեկ այլ անձի փոխարեն քվեարկել: Դեպք է արձանագրվել, որ թեկնածուի որդին, որն իր վստահված անձն էր հանդիսանում, մեկ այլ անձի անձնագրով փորձել է քվեարկել հոր օգտին: Դիտորդն է այդ խախտումը կանխել»:

Դիտորդի ներկայացմամբ՝ եղել են դեպքեր, երբ ընտրողին երեք քվեաթերթիկ է տրվել: Կամ մեկ անձ մյուս երիտասարդ անձի փոխարեն մտել է քվեախցիկ՝ պատճառաբանելով, որ այդ ընտրողը փորձ չունի եւ քվեարկել է նրա փոխարեն. «Արձանագրվել է նաեւ, որ ընտրողը, գալով տեղամաս, հայտնաբերել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են, եւ նրան էլ թույլ են տվել քվեարկել մեկ այլ անձի փոխարեն»:

Այս խախտումները, ըստ Եգորյանի, բովանդակային անդրադարձի կարիք ունեն, եւ բոլոր հարցերով պետք է վարչական վարույթներ հարուցվեն, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ քրեական գործեր. «Հակառակ դեպքում մենք դատապարտված կլինենք: Սրանք դեռ ՏԻՄ ընտրություններ են, համապետական ընտրությունների ժամանակ պետությունն էլ է սկսում անգործություն ցուցաբերել»:

Մեկ այլ դիտորդ էլ,  «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպությունից Արմեն Պետրոսյանը, որը դիտորդական առաքելություն է իրականացրել Գեղարքունիքի Դարանակ համայնքում, նշեց, որ նույն թերություններն ամեն անգամ արձանագրում են, սակայն առաջընթաց չկա, ոչ մի կառուցողական քայլ չի կատարվում դրանք վերացնելու համար: Նա օրենսդրական բաց է համարում այն, որ նույն համայնքում ամուսինները, երեխաները, ազգականները դնում են իրենց թեկնածությունը եւ հանում. «Ընտրությունները կրում են ձեւական բնույթ, ի՞նչ է նշանակում, երբ նույն գյուղապետն ընտրվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ անգամ»:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանի խոսքով՝  ԿԸՀ-ն օրենքով սահմանված կարգով խախտումների վերացման համար ձեռնարկել է համապատասխան միջոցներ, եւ ներկայացված դիմումները համապատասխան ընտրատարաքային հանձնաժողովներում կքննվեն:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք