Բելգիայի թագավորական թատրոնի հայ մենապարողը Հայաստանում է

Բելգիայի թագավորական թատրոնի  հայ մենապարողը Հայաստանում է

Մասնավոր այցով Երեւանում է Բելգիայի Royal Theatre of the Mint (Թագավորական թատրոն) բալետի միակ հայ արտիստ, մենապարող Դավիթ Վարդանյանը: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արտիստն ասաց, որ հայրենիք է վերադարձել 12 տարի ընդմիջումից հետո: «Սովորում էի Երեւանի պարարվեստի պետական քոլեջում, անվանի բալետմայստեր Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ: 15 տարեկան էի, երբ 2003թ. մեկնեցի Շտուտգարդ՝ Jhon Granko դպրոցում սովորելու: Ունեի հրավերներ եվրոպական մի քանի բալետային դպրոցներից, սակայն Դիվանյանի եւ ճանաչված բալետմայստեր Արմեն Գրիգորյանի խորհրդով ընտրեցի Շտուտգարդի դպրոցը: Արդեն 17 տարեկանից սկսվեց կարիերաս Դրեզդենի, ապա Ամստերդամի թատրոններում: Հիմա արդեն 2 տարի է, ինչ Բելգիայի թագավորական թատրոնում եմ, որտեղ բալետային խմբում 68 պարող են, 6-ը՝ առաջատար, 7-ը՝ մենապարող: Թատրոնի գլխավոր բալետմայստերը մինչ իմ Երեւան այցելելն անվանի խորեոգրաֆ Քրիստիան Մարշանն էր…»,-պատմեց Դավիթը: Ռեպլիկին՝ ինչո՞ւ անցյալով, մեր զրուցակիցը նշեց, որ 8 տարիների ընթացքում 3 տնօրեն է փոխվել թատրոնում, այն դեպքում, երբ տնօրենի հետ պայմանագիր է կնքվում 7 տարի ժամկետով: Նոր եկողն էլ իր հետ բերում է նոր «գլխավորներ»: Հետո էլ մանրամասնեց. «Սպասելիքները Թագավորական թատրոնից մեծ են: Տարեկան թատրոնը պետք է ապահովի 12 մլն եվրո բյուջե, ինչը չի կարողանում: Պատճառը ոչ ճիշտ մարքեթինգն է:

David_Vardanyan-2

Դավիթ Վարդանյանը Մինկուսի «Բայադերկայում»՝ Ոսկե աստծո կերպարում

Հիմա էլ նոր տնօրեն է նշանակվելու: Թե ո՞վ՝ հայտնի կդառնա վերադարձիցս հետո: Այս թատերաշրջանի սկզբից մինչեւ հիմա հանդես ենք եկել ընդամենը 75 ներկայացումով, ինչը բավարար չէ, մանավանդ որ, թատրոնի բալետային խաղացանկում կա շուրջ 120 ներկայացում, հիմնականում համաշխարհային դասական բալետային գրականության նմուշներ, քիչ են մոդեռն բեմադրությունները»: Հետաքրքրությանը, թե ո՞վ է նշանակում կամ ընտրում Թագավորական թատրոնի տնօրենին, արվեստագետն ասաց, որ Բելգիան միակ եվրոպական պետությունն է, որտեղ յուրաքանչյուր նախարարություն ունի ոչ թե մեկ, այլ մի քանի նախարարներ, հետեւաբար նրանք էլ որոշում են այդ հարցը: Արտիստը հավելեց նաեւ, որ թատրոնի տնօրենների ազատումն ու նշանակումը հանրային քննարկումների թեմա չի դառնում, ամեն ինչ կատարվում է քաղաքակիրթ ձեւով:

Ազատման դեպքում էլ տնօրենը ստանում է փոխհատուցում՝ թատրոնի բյուջեից, որը կազմում է շուրջ 150 հազար եվրո: Զրույցի ընթացքում Դավիթ Վարդանյանն ասաց, որ ինքը զբաղված է համարյա բոլոր ներկայացումներում: Նշեց, որ օրական իրենք պարապում են 8 ժամ, մասշտաբային բալետային ներկայացումները իրականացվում են ընդամենը երեքուկես շաբաթվա ընթացքում: Ժպիտով էլ հավելեց. «Ռոբոտային աշխատանք է, բայց աննկարագրելի հետաքրքիր: Վերադարձիցս հետո, կայանալիք ներկայացումներից բացի, զուգահեռ պատրաստելու ենք 5 նոր ներկայացում»:

Հարցին, թե հանդիպե՞լ է հայաստանցի իր կոլեգաներին, դիտե՞լ է որեւէ ներկայացում, արվեստագետը պատասխանեց. «Ներկա եմ եղել «Լորկիանա» եւ «Կարմեն» վերականգնված ներկայացումների պրեմիերային: Կուզեի «Կարմենում» առանձնացնել Մերի Հովհաննիսյանի (Կարմեն), Ռուբեն Մուրադյանի (Խոսե), Արմեն Գեւորգյանի (Էսկամիլիո), Արթուր Կարճիկյանի (Սպա) եւ ընդհանրապես՝ ողջ բալետային խմբի արվեստը: Ի դեպ, ես ժամանակին հանդես եմ եկել Հոլանդիայի եւ Գերմանիայի թատրոններում Էսկամիլիոյի դերապարով»: Կանխելով հարցը, թե «մեր» «Կարմենը» ի՞նչ աղերս ունի եվրոպականների հետ, արտիստն ասաց, որ դրանք տարբեր են, քանի որ տարբեր խորեոգրաֆներ են բեմադրել, ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի բեմադրությանը, ի սկզբանե կասկած չի ունեցել, որ այն հաջողված է:

Դավիթ Վարդանյանի հավաստմամբ՝ Բելգիայի թագավորական թատրոնն էլ աշխարհի առաջատար թատրոնների, համերգասրահների, ինչպես նաեւ արտիստների օրինակով պատրաստվում է Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին. «Մեր թատրոնում հունիսի 13-ին կկայանա մեկուկես ժամանոց ծրագիր: Առաջին բաժնում կներկայացվեն խորեոգրաֆ Ռիկարդո Ամարանտեի մեկ գործողությամբ 4 տարբեր բալետային ներկայացումները, իսկ երկրորդում՝ 45 րոպե տեւողությամբ միայն հայկական երաժշտությամբ կկայանա 1993թ. Գերմանիայի թատրոններում աշխատող բալետմայստեր Արմեն Հակոբյանի նոր աշխատանքի պրեմիերան, որտեղ ընդգրկված եմ նաեւ ես»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք