Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԾԱՐԱՆ «ԳԱՐՈՒՆ»

Մարտ 20,2015 10:28

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քառասուներորդ

ԲՈՒԾԱՐԱՆ «ԳԱՐՈՒՆ»

Եվ ես Տաթեւիկին ոգեւորված հարցրի՝ «քանի՞ հատ բանաստեղծություն եք տպագրելու», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեք կամ չորս», եւ ես ուրախացած ասացի՝ «ինձ էլ թվում էր՝ ընդամենը մի հատ եք տպելու», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «էդ ե՞րբ ես տեսել, որ մեր ժուռնալում բանաստեղծներին մի  բանաստեղծությամբ ներկայացնենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «շատ եմ տեսել», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու քմծիծաղով հարցրեց՝ «եղբայրական  գերեզմանոցները նկատի ունե՞ս», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ եղբայրական գերեզմանոց», եւ Տաթեւիկը պատասխանեց ու ասաց՝ «որ ամեն մեկից մեկական բանաստեղծություն ենք տպագրում, էդ կոչվում ա եղբայրական գերեզմանոց» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «էսքան  բազարներից հետո ո՞նց կարող ա քեզ եղբայրական գերեզմանոց գցեինք», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ բազարներ», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «Արշակյանի ու Հովհաննեսի միջնորդությունները նկատի ունեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ իրանք չմիջնորդեին, ինձ էլի եղբայրական գերեզմանոց չէիք գցի», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ինձ հարցրեց՝ «ո՞ւմ հույսով ես էդքան վստահ խոսում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «քո ու Էդոյի», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «լավ ա գոնե՝ էդքանը հասկանում ես», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց առաջին հերթին՝ քո», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «իրա մոտ էլ երեւի  հակառակը կասես», եւ  ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հնարավոր ա», եւ Տաթեւիկը ժպտալով ինձ ասաց՝ «Արշակյանին ու Հովհաննեսին էլ կասես, որ իրանց շնորհիվ  ես տպագրվել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էդ էլ ա հնարավոր», եւ Տաթեւիկը ժպտալով ինձ ասաց՝ «լավ էլ շուստրի ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց ամենակարեւորը մտքովդ չի անցնում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ Տաթեւիկը ժպտալով ինձ ասաց՝ «ամենակարեւորն էն ա, որ բանաստեղծություններդ իսկապես լավն են», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ճիշտն ասած՝ էդ էլ ա մտքովս անցել», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց էդ էլ բավարար պայման չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա բանաստեղծություններդ ավելի ուժեղ լինեին, բայց հասկացող ու գնահատող չլիներ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոչ բոլոր տաղանդներն են իրենց կենդանության օրոք հասկացվել ու գնահատվել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դրա համար էլ քեզնից ու Միլիտոնյան Էդոյից շատ շնորհակալ եմ», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հատկապես Միլից պիտի շնորհակալ լինես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դու էլ պակաս չօգնեցիր», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նախ՝ բաժնի վարիչն ինքն ա, հետո էլ՝ ինքը բանաստեղծ ա. բանաստեղծության գծով իրա խոսքն Անժիկի մոտ ավելի ա անցնում» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «Միլի բանաստեղծությունները հավանո՞ւմ ես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Էդոն ուժեղ ա գրում», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուժեղ ա գրում, դրա համար էլ մյուս ուժեղներիդ չի նախանձում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով  ասացի՝ «մերսի», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար ես մերսի ասում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու    ասացի՝ «որ ինձ ուժեղ ես համարում», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչ որ կա՝ էդ եմ ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «փաստորեն, դու էլ չես նախանձում», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես բանաստեղծ չեմ, որ բանաստեղծներին նախանձեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ բանաստեղծ չեմ», եւ Տաթեւիկը մի  քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի ամսից կդառնաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հենց բանաստեղծություններդ լույս տեսնեն, էլ հետդ խոսել չի լինի», եւ ես ժտալով  հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Տաթեւիկը  մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «աչքիս տեսածն եմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ամսվա մեջ առնվազն մի հատ հանճար բուծում ենք», եւ ես ժպտալով Տաթեւիկին ասացի՝ «ինձ չեք կարա բուծեք», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց  ու փռթկացնելով  ավելացրեց՝ «դու արդեն բուծված պատրաստ ես էկել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու արդեն պատրաստի հանճար ես», եւ ես մի քիչ մտածեցի ու լրջանալով ասացի՝ «շնորհակալ եմ, որ բանաստեղծություններս տպում եք, բայց էդ չի նշանակում, որ իրավունք ունեք ինձ ձեռ առնեք», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «նեղացա՞ր», եւ ես մի քիչ մտածեցի ու նեղացած ասացի՝ «նեղանալու բան ես ասում» եւ մի քիչ էլ մտածեցի ու նեղացած ասացի՝ «կարամ էդ բանաստեղծություններս հետ վերցնեմ», եւ Տաթեւիկը զարմացած նայեց ինձ, մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «արդեն լրիվ հանճարի նշաններ ես ցույց տալիս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «լրիվ լուրջ եմ ասում», եւ Տաթեւիկը փռթկացնելով ասաց՝ «ես էլ եմ լրիվ լուրջ ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «արդեն սկսում եմ փոշմանել», եւ Տաթեւիկը ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որ բանաստեղծություններս բերեցի ձեր ժուռնալ», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս ժուռնալը ձերն ա, ոչ թե մերը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ հասարակ բանն էլ չես հասկանում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հասկանալով եմ ասում», եւ Տաթեւիկը մի  քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «արդեն հաստատ գիտես, որ տպվելու են, դրա համար ես էդպես վստահ խոսում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031