Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը՝ Թուրքիայի հետ Հայաստանի սիրախաղի եւ բարեկամական հարաբերությունների մասին

Մարտ 23,2015 16:47

Այսօր ԱԺ նիստում ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց ԱԺ 6 խմբակցությունների կողմից մշակված 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագիծը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը հարակից զեկուցող Շիրակ Թորոսյանին առաջարկեց, որ նախագծին կցեն նաեւ այն հեղինակների գործերը, որոնք Հայոց ցեղասպանության մասին նշել են. «Մենք հիմա ցեղասպանության հարցն ենք քննարկում, դրանք կցվեն որպես հիմք»:

Շիրակ Թորոսյանն էլ պատասխանեց, որ գոյություն ունեն հարյուրավոր աղբյուրներ եւ մենագրություններ, որոնք հիմնավորում են հայոց, հունական, ասորական ցեղասպանությունները: Մենք կարող էինք հիմնավորման մեջ ունենալ հարյուրավոր ցիտատներ, բայց դրա իմաստը չենք տեսել: Իսկ փաստաթղթին կցել գրականության հիմնավորումները, ձեւաչափի մեջ չի տեղավորվում: Սա քաղաքական փաստաթուղթ է, որը հիմնվում է պատմագիտական ճշմարտության վրա»:

Զարուհի Փոստանջյանն էլ հետաքրքրվեց՝ տեղյա՞կ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, երբ ասաց, որ համահայկական հռչակագիրը վտանգավոր դրույթներ է պարունակում: Դուք կիսո՞ւմ եք այդ հռչակագիրը, թե՞ ոչ:

Շիրակ Թորոսյանը իրավասու չհամարեց հավելյալ բացատրություններ տալ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքի հետ կապված՝ ասելով, որ այդ թեման ի՞նչ կապ ունի այսօր քննարկվող հարցի հետ:

Զարուհի Փոստանջյանն էլ բացատրեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանին հիշատակեցի այն պատճառով, որ 2008-ին երբ նման նախագիծ իմ կողմից դրվել էր շրջանառության մեջ, ՀՀԿ-ի դիրքորոշումը հետեւյալն էր, որ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություն են հաստատում եւ այս տիպի նախագիծը կխոչընդոտի այդ սիրախաղին: Այս տարի երբ այդ նախագիծը դրեցի շրջանառության մեջ, մտածում էի, որ 100-ամյա տարելիցին ընդառաջ մեր մոտ էլ կփոխվի տրամադրությունը: Տրամադրությունը փոխվեց եւ փառք Աստծո, հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները հետ կանչվեցին: Ես դրա համար հիշատակեցի»:

Շիրակ Թորոսյանն էլ հակադարձեց, թե եթե 2008-ին ընդունեինք, կասեիք՝ ինչու չի եղել 2006-ին: 2006-ին ընդունեինք, կասեիք՝ ինչու չի եղել 1996-ին: Քաղաքական խնդիր է: Հիմա է նպատակահարմար՝ հիմա ենք անում»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ ճշտեց՝ երբեւէ խոսք չի եղել Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների մասին, խոսք է գնացել դիվանագիտական հարաբերությունների մասին, բայց ոչ բարեկամական:

Զարուհի Փոստանջյանը նաեւ Շիրակ Թորոսյանից հետաքրքրվեց՝ «Օսմանյան կայսրությունում ոչ միայն հայերի, հույների եւ ասորիների, այլեւ որպես պատմաբան լսե՞լ եք՝ քրդերի նկատմամբ, եզդիների նկատմամբ տեղի ունեցե՞լ է ցեղասպանություն, թե՞ ոչ: Օսմանյան կայսրությունում հայերից, հույներից եւ ասորիներից բացի, այլ ազգեր բնակվե՞լ են, որոնց նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն»:

Շիրակ Թորոսյանը պատասխանեց. «Մենք հիմա քննարկում ենք հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչման հարցը՝ հարյուրավոր արխիվային փաստաթղթերի, հուշերի, մենագրությունների վրա հիմնվելով: Այո, տարբեր ժամանակներում քրդերի եւ եզդիների նկատմամբ եղել են ջարդեր: Բայց ինչ վերաբերում է 1915-1923 թթ.-ին, պատմագիտական գրականությունը չի տալիս որեւէ հիմնավորում, աղբյուր, որ մենք քրդերի ու եզդիների նկատմամբ ցեղասպանությունն էլ դիտարկենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031