Լրահոս
Օրվա լրահոսը

Գալիս է նոր սերունդ

Մարտ 26,2015 12:00

Հավանական է, որ այդ սերունդը քաղաքականության մեջ եւ պետական կյանքում սինթեզելու է նախորդ երկու սերունդների դրական եւ բացասական կողմերը:

Իմ կյանքի օրոք ես տեսել եմ երկու սերնդի պետական եւ քաղաքական գործիչներին՝ կոմունիստներին եւ նրանց, ովքեր քաղաքականություն են եկել 1988-1990 թվականներին: Երկուսն էլ ունեն իրենց դրական եւ բացասական դրսեւորումները: Կոմունիստների ուժեղ կողմն այն էր, որ կար առաջխաղացման որոշակի աստիճանակարգ, օրինակ՝ կոմերիտմիության ռայկոմի հրագանգչից մինչեւ, ասենք, կուսակցության կենտկոմի քարտուղար, եւ այդ կարիերային առաջխաղացման ընթացքում մարդիկ այսպես թե այնպես որոշակի փորձ էին ձեռք բերում: Թույլ կողմն այն էր, որ այդ գործիչները չէին թրծվում այլ կուսակցությունների հետ մրցակցության մեջ. ընդհանրապես՝ պաշտոնական մակարդակով հայտարարվում էր, որ կարող է գոյություն ունենալ մեկ կուսակցություն եւ մեկ գաղափարախոսություն:

Հաջորդ սերնդի գործիչների մեծ մասն աստիճանակարգ չի անցել: «Կռազի» վարորդը, բաց թողնելով բոլոր զինվորական կոչումները, դառնում էր գեներալ՝ չնայած այդ կոչումները, որքան հասկանում եմ, տալիս են ոչ թե քաջության, այլ զորամիավորումները ղեկավարելու ունակությունների համար: Կրտսեր գիտաշխատողը դառնում էր նախարար՝ չնայած այդ պաշտոնն ունեցողը, կարծում եմ, պիտի ոչ միայն զուտ տեսական գիտելիքներ ունենա: Փոխարենը վերջին 25 տարում նրանք հայտնվել են քիչ թե շատ մրցակցային միջավայրում եւ խոսքի հարաբերական ազատության պայմաններում ստիպված են լավ թե վատ հաշվետվություն տալ իրենց աշխատանքի համար:

Սակայն այս, պայմանականորեն ասած՝ «88-ի» կամ ՀՀՇ-ի սերունդը նույնպես հիմա գտնվում է կրիտիկական տարիքում, եւ անկախ նրանից, թե ինչպես է այս՝ 2017-18 թվականների ցիկլը ավարտվելու, դա նրանց համար վերջինը կլինի: Ովքե՞ր են գալիս նրանցից հետո: Այստեղ նույնպես փորձենք առանձնացնել ներկա սերնդի ուժեղ եւ թույլ կողմերը՝ խոսելով ընդհանուր միտումների մասին, շրջանցելով անհատական եւ կուսակցական առանձնահատկությունները: Ներկա սերնդի դրական կողմն այն է, որ այն, այսպես թե այնպես, կապված է ղարաբաղյան պատերազմի հետ, Ղարաբաղը պաշտպանելու հարցը վեր է դասում ամեն ինչից:

Բացասականն է քաղաքական պայքարի ձեւերի, հնարքների աղքատությունը: Մարդիկ, որոնք իշխանության են եկել հանրահավաքների, պիկետների եւ հակառակորդներին հրապարակավ վարկաբեկելու միջոցով (հիշում եք, Սուրեն Հարությունյանին հրապարակում «մորքուր» էին ասում), վստահ են, որ քաղաքական պայքարը կարող է ընթանալ միայն «համազգային» կամ «համաժողովրդական» շարժման միջոցով: Ընդ որում, այդ սերնդի ներկայացուցիչներն այդպես են մտածում թե իշխանության եւ թե ընդդիմության «կարգավիճակով»: Առաջին դեպքում նրանք ճնշում են, երկրորդ դեպքում ժողովրդին բերում են հրապարակ:

Այդ մոդելն իրեն սպառել է՝ ճիշտ այնպես, ինչպես սպառվել են այդ սերնդի գործիչների կրեատիվ ռեսուրսները: Պատճառներից մեկը, հավանաբար, այն է, որ հասարակությունն այս 25 տարում մարգինալացվել է, ակտիվ, ստեղծագործ մասը կամ գնացել է երկրից, կամ էլ ընկել է հիասթափության գիրկը: Բացի դրանից՝ մեծացել է նոր սերունդ, որը նոր պահանջներ է դնում (կամ, համենայնդեպս, պետք է դնի) քաղաքական եւ պետական վերնախավի առաջ:

Եթե զարգացումը պատկերացնենք հեգելյան եռյակի տեսքով՝ որպես թեզ, հակաթեզ եւ սինթեզ, ապա եկող սերունդը պետք է լինի կոմունիստական լճացման (դրա նաեւ դրական դրսեւորումներով) եւ ՀՀՇ-ական հեղափոխականության սինթեզը: Ինչպիսին կլինի այդ սինթեզը՝ պարզ կլինի մոտակա երկու տարում:

Միակ խնդիրը, որը ես այստեղ տեսնում եմ, այն է, որ մենք փոխանցում ենք այդ սերնդին Ղարաբաղի խնդիրը: Ինչպես են նրանք դրա տակից դուրս գալու՝ չգիտեմ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031