Լրահոս
Օրվա լրահոսը

Հագեցած համերգային գրաֆիկով երգչուհիների ուսանողներն էլ են փայլում

Մարտ 26,2015 13:30

Շուրջ 5 տարի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կայանում են դասական երաժշտության երեկոներ: Սա միակ սրահն է, որտեղ մասնակից արվեստագետները կամ խմբերը գեղարվեստական խորհրդին նախապես ներկայացնում են իրենց ծրագիրը եւ հավանություն ստանալուց հետո միայն իրավունք ստանում հանդես գալու: Գեղարվեստական խորհրդի անդամ է նաեւ ճանաչված երգչուհի Աննա Մայիլյանը (մեցցո սոպրանո):

Օրերս «Առավոտը» ներկա գտնվեց «Աննա Մայիլյանը ներկայացնում է «Գարնանային մեղեդի» խորագրով երեկոյին: Համերգին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ երգչուհի Գայանե Գրիգորյանը (սոպրանո) եւ դաշնակահար-կոնցերտմայստեր Էլեն Կիրակոսյանը: Հնչեց հայ ավանդական, դասական եւ ռոմանտիկ երաժշտություն, այդ թվում՝ ստեղծագործություններ, որոնք հազվադեպ կամ առաջին անգամ են կատարվում: Օրինակ, առաջին անգամ Աննա Մայիլյանը մատուցեց Ալան Հովհաննեսի 4 երգերը՝ հեղինակի, Թումանյանի, Իսահակյանի խոսքերով, դաշնակահար Էլեն Կիրակոսյանն էլ՝ Կարպիս Աֆրիկյանի երկու դաշնամուրային պիեսները, հազվադեպ կատարվող Ստեփան Նաղդյանի վարիացիաները: Ի դեպ, մեզ ոչ այնքան ծանոթ դաշնակահարուհին փայլեց ոչ միայն սոլո կատարումներով, այլեւ Հայաստանում եւ արտերկրում մշտապես հանդես եկող երգչուհիներին նվագակցելու արվեստով: Համերգային ծրագիրն առատ էր հանրածանոթ վոկալ ստեղծագործությունների դուետային առաջին կատարումներով: Երգչուհիները, չնայած իրենց տարբեր «ձեռագրերին», հետաքրքիր մատուցեցին Կոմիտասի «Ախ, մարալ ջան»-ը, «Էրվում եմ»-ը, Թումանյանի խոսքերով Ռոմանոս Մելիքյանի «Ուռին», Իսահակյանի խոսքերով Համբարձում Գրիգորյանի «Աշնանային ծաղիկները»: Աննա Մայիլյանին, միանշանակ, ներկայացնելու հարկ չկա: Լայն լսարանին տեղեկացնենք, որ Գայանե Գրիգորյանը 1998-ից մինչեւ 2000-ականների կեսերը Ազգային օպերային թատրոնում հանդես է եկել Անուշի դերերգով՝ Տիգրանյանի համանուն օպերայում, հիանալի Պաոլինա էր Դոնիցետիի «Պողիկտոսում», հիշարժան են նաեւ նրա մասնակցությամբ Մոցարտի երկու օպերաների համերգային կատարումներում՝ Գիշերային թագուհի («Կախարդական սրինգ») եւ Կոնստանցա («Առեւանգում հարեմից»): Օպերային բեմը թողնելուց հետո երգչուհին իրեն նվիրեց կամերային գործունեությանը: «Առավոտի» հետ զրույցում Գայանե Գրիգորյանն ասաց, որ Աննա Մայիլյանի հետ համագործակցությունը սկսվել է անցյալ տարի, հենց ապրիլի 24-ին՝ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ մեծ ծրագրով հանդես են եկել Արաբական Միացյալ Էմիրություններում, որին հետեւել է Երեւանում Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված համերգը: Ապրիլի 9-ին կոնցերտմայստեր Համասփյուռ Մանուկյանի հետ կմեկնեն Շուշի, կներկայացնեն միայն կոմիտասյան երգեր: Աննա Մայիլյանն էլ հավելեց, որ ապրիլի 24-ին արցախյան համերգը կկրկնեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Երգչուհիները դասախոսում են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ, չնայած համերգային ծանրաբեռնվածությանը, նրանց ուսանողները ոչ միայն առանձնանում են հանրապետական եւ միջազգային մրցույթներում, այլեւ ոմանք ստեղծագործում են եվրոպական երկրներում:

Աննա Մայիլյանը խոսելով իր ուսանողների մասին՝ նշեց, որ Արմինե Խաչատրյանը՝ Ռումինիայում եւ Արմեն Մկոյանը Գերմանիայում արժանացել են դափնիների՝ երիտասարդ վոկալիստների միջազգային մրցույթներում, իսկ Լուիզա Երեմյանը ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակաբաշխության 2014թ. առաջին մրցանակակիրն է: Հավելեց նաեւ, թե իր դասարանի երկու վոկալիստներ պատրաստվում են առաջիկայում մեկնել Էստոնիա՝ օպերային երգիչների լսումներին մասնակցելու նպատակով:
Գայանե Գրիգորյանն առանձնացրեց Լուսինե Մկրտչյանին, որը վերջին երեք ամիսների ընթացքում Իտալիայում Վ. Վիոտիի անվան մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի, իսկ Իսպանիայի հեղինակավոր Բիլբաոյի մրցույթում շահել գլխավոր մրցանակը: Հավաստիացրեց նաեւ, որ ժյուրիի նախագահ, լեգենդար երգչուհի Ջոան Անդերսենն էլ մանրակրկիտ հետաքրքրվել է երիտասարդ վոկալիստով: Տիկին Գրիգորյանը հպարտորեն նշեց, որ այսօր իր դասարանում ԱՄՆ-ից ուսանում է հրաշալի տենոր Արման Ավետյանը, շեշտելով, թե նա կարող էր ընտրել արեւմտյան ցանկացած երաժշտական հաստատություն, սակայն նախապատվությունը տվել է Երեւանի կոնսերվատորիային:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Գայանե Գրիգորյանը, Էլեն Կիրակոսյանը եւ Աննա Մայիլյանը:

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031