Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշենք, որ մենք աշխարհի մասն ենք

Մարտ 26,2015 10:16

Ազգային ժողովի այս նստաշրջանում, երբ քննարկվում էր 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը, պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց հիշատակել նաեւ Կամբոջայում, Ռուանդայում եւ Դարֆուրում տեղի ունեցած ցեղասպանությունները: Դա, ինձ թվում է, քայլ է ճիշտ ուղղությամբ: Որքան շատ ես դու ընդլայնում քո ընկալման սահմանները, որքան լայն համատեքստի մեջ ես դնում քեզ, քո խնդիրներն ու պատմությունը, այնքան մեծ շանսեր ունես, որ քեզ կհասկանան: Եվ հակառակը՝ որքան շատ ընդգծես, որ քո դարդերը յուրահատուկ են, որքան շատ պարծենաս, որ դու աշխարհի ամենատառապյալ ազգն ես, այդքան անհետաքրքիր ես դառնում այդ նույն աշխարհի համար:

Նույն պատգամավորը խոսել է նաեւ Հոլոքոստը դատապարտելու մասին՝ հատուկ ընդգծելով, որ այդ հարցերում պետք չէ առաջնորդվել «շուկայական հարաբերություններով»՝ սպասենք, թող Իսրայելը դատապարտի Հայոց ցեղասպանությունը, նոր միայն, որպես պատասխան քայլ, անդրադառնանք Հոլոքոստին: Մենք դատապարտում ենք ազգային, ռասայական հողի վրա զանգվածային սպանություններն ու տեղահանությունները ոչ թե Իսրայելի, այլ մեզ համար, դա Ցեղասպանություն տարած ժողովուդներից մեկի բարոյական պարտքն է:

Իրականում հասկանում եմ, թե ինչու Բագրատյանի նախաձեռնությունը դրական արձագանք չի գտնի: Մեր «կիսամտավորական» շրջանակներում հրեաների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Վերջերս ես նամակ եմ ստացել, որի հեղինակը բացատրում է, որ Իրաքում մշակութային «անապատ» են ստեղծում՝ ոչնչացնելով բոլոր ազգերի մշակութային ժառանգությունը ոչ թե «Իսլամական պետության» զինյալները, այլ… հրեաները՝ ապացուցելու համար, որ իրենք են տարածաշրջանի ամենահին ազգը: Էլ չասած, որ բազմաթիվ հայկական տեքստեր եմ կարդացել, որոնք պնդում են, թե Հայոց ցեղասպանությունը կազմակերպել է ոչ թե թուրքական կառավարությունը, այլ նույն հրեաները:

Հավանաբար, «աշխարհի կենտրոնների» մասին դեմոնացված պատկերները մեր հայրենակիցներից ոմանց մոտ առաջանում են մասամբ ռուսական ազգայնական քարոզչության ազդեցության տակ, իսկ հիմնականում՝ իրականությունը պարզեցված սխեմաներով պատկերացնելու գայթակղությունից: Ոչ մեկին, իհարկե, պետք չէ իդեալականացնել՝ բոլոր ազգերն ունեն իրենց շահերը եւ մեզնից ոչ լավն են, ոչ էլ վատը: Մենք էլ պետք է առաջնորդվենք մե՛ր շահերով:

Հայերի մեջ հակասեմիտիզմ չկա: Ավելին ասեմ, մեր ժողովրդի մեջ հակաթրքականություն էլ չկա: Այս կամ այն ազգի նկատմամբ բացասական զգացմունքները սեփական ժողովրդի մեջ արթնացնում են, այսպես կոչված, «գրագետները», որոնց ավելի հեշտ է ինքնահաստատվել գավառական ճահճում, քան համաշխարհային մրցակցության «մաքուր օդի» պայմաններում: Ավելի հեշտ է գնահատականներ տալ այս կամ այն ցեղի, ազգի, խմբի, թիմի, սեռի տեսանկյունից, քան փորձել ամեն մեկի մեջ տեսնել Մարդուն. անհատական մոտեցումը պահանջում է ուղեղի շատ ավելի ակտիվ աշխատանք:
…Այն մարդիկ, ում իմ գրածները կամ ասածները դուր չեն գալիս, երբեմն ասում են, որ ես հրեա եմ: Հավանաբար, ինչ-որ վատ բան նկատի ունեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մէջբերում ՝ «Հայերի մեջ հակասեմիտիզմ չկա: Ավելին ասեմ, մեր ժողովրդի մեջ հակաթրքականություն էլ չկա:»

    Նուրբ եւ բարեզուսպ, «քաղաքականապես կոռեկտ» խօսքեր, որոնք անշուշտ չեն համապատասխաներ իրականութեան:

    Հայերի մէջ կայ լայնատարած հակասեմիդիզմ, ինչպէս նաեւ կայ խոր հակաթրքականութիւն:

    Սակայն հետաքրքրականը այն է թէ,
    . եթէ երկրորդը հեշտօրէն կը բացատրուի անցեալ բազմաթիւ դարերից մինչեւ այսօր, այս վարկեանին իսկ տեղի ունեցած եւ ունեցող իրադարձութիւններով եւ կացութեամբ,
    . առաջինին պատճառները անհասկնալի են, անտրամաբանական, նկատի ունենալով թէ որքան նոյնանման են հայերու, հրեաներու եւ իրենց երկիրներու պատմութիւնը, ճակատագիրը, ներկայ վիճակն ու կացութիւնը…

    Վերացական-գաղափարական մակարդակի վրայ, նիւթը տարբեր է լինելու, սակայն այստեղ, չերթանք այդ ուղղութեամբ: Գործնականօրէն եւ անմիջականօրէն, օրուայ իրականութեան մէջ՝ օգտակար կը լինի, նոյնիսկ փրկարար, որ երեւի մի քանի բան սովորենք հրեաներից եւԻսրայելից: Կամ աւելի ճիշտ, սովորելու խնդիր չէ, որովհետեւ լաւ գիտենք արդէն, սակայն իրենց նման յաջողինք գործադրել, կիրարկել:

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Հայդուկ, կարծում եմ նման մոտեցումը բոլոր «հայերի» վերաբերմունքը որեվե ժողովրդի կամ ազգի վերաբերյալ կարծիքը մի փոքր ճիշտ չէ, հատկապես որ Դուք իրավաբան էք…նման ձեվով կարծում եմ մեր «հայերի» մեջ բավական «հակահայեր» կան , ես ինքս դեմ եմ Շմայս,Լֆիկ Սերժանտ,Ռոբիկ հայերի տեսակին…սա չի նշանակում որ մենք ազգին ենք դեմ…իհարկե կան ազգային առանձնահատկություններ որ պատմական, ազգագրական…. առանձնահատկություններից են գալիս, սակայն գրագետ մարդու համար մարդը պիտի գնահատվի իր առանձնահատկության մեջ: Վաղ երիտասարդությանս տարիներին Ակադեմիայի գրադարանում ռուսերեն շատ հետաքրքիր գիրք կարդացի, Օտտո Վեյնիգերի «Սեռ եվ Խանվածք»…գերմանացի հրեա փիլիսոփան տարբեր հետաքրքիր թեմաներ շոշափելուց հետո, շատ ինքնաքննադատական ձեվով խոսում է հրեա ժողովրդի առանձնահատկությունների մասին…խորհուրդ կտամ կարդալ…Otto Weiniger “Sex and Character”…Google it…
      Հարգանքներով ,Գալուստ

      • Գալուստ Ենոքյան says:

        Կուզեի հիշեցնել , որ Տիգրան Մեծը ժամանակին բավական հրեաներ էր բնակեցրել Տիգրանակերտում եվ այլ… պատական չէ որ… վանեցիները առավոտյան բարի լույսից առաջ իրար հարցնում էին «տեղին քանիս ի»…

        • Հ.Շ. says:

          Սիրելի Գալուստ, արդարեւ, քսանվեց արիներէ ի վեր գործօն իրաւաբան եմ, Գանատայում: Սակայն հակառակ հանրութեան մօտ տարածուած մի տպաւորութեան, կամ ասենք՝ կարգ մը երեւոյթների, լաւ իրաւաբանը անպայման չի… ծածկեր, չի քողարկեր իրականութիւնը, եւ նամանաւանդ ոչ՝ բացայայտ կամ անհերքելի իրականութիւնը, պարզ իրողութիւնը:

          Վերեւի խմբագրականի բովանդակութեան մէջ իսկ, արդէն բազմաթիւ կէտերով պարզուած է թէ հակասեմիդիզմի ծանր հակումներ կան շատ մը հայերի մօտ, եւ հետեւաբար՝ նոյն գրութեան մէջ հաստատել թէ այդպիսի բան վաբշե չկայ, հակասական է:

          Իսկ ես խնդրոյ առարկայ կացութիւնը տեսել, լսել, կարդացել եւ դիտել եմ, աշխարհի գոնէ երեք ցամաքամասների վրայ:

          Ասի ըսած, տեղին է նշել մի նրբութիւն՝ ճիշտ է որ Հայաստանում հակասեմիդիզմը ազդու կերպով զսպուած է, սանձուած է (ներառեալ՝ ինքնազսպումով կամ ինքնակարգապահութեամբ), եւ այդ պատճառով ել այդ տարօրինակութիւնը այդտեղ նուազ կ’աճի եւ նուազ կը դրսեւորուի: Սակայն այդ ամէնը չի նշանակում թէ՝ չկայ…

          Որպէսզի կարելի լինի ախտը դարմանել, հարկաւոր է նախ զայն ճանաչել: Ցանկացած խնդիր «գորքին տակը սահեցնելը» լուծում չի:

          Իսկ այն ինչ կը վերաբերի իմ անձնական կարծիքիս, ես ոչ միայն խնդիր չունեմ ընդհանրապէս հրեաների եւ յատկապէս Իսրայելի հետ, այլ արդէն յստակօրէն յայտնեցի թէ ուղղակի հիացմունք ունեմ իրենց հանդէպ:

          Ջերմօրէն,

          Հայդուկ Շամլեան

          • Գալուստ Ենոքյան says:

            Հարգելի Հայդուկ, եթե ազնվորեն ասեմ, ես ինքս հրյաներու հանդեպ հիացմունք չունիմ, այլ կվերաբերվեմ իրենց ինչպես ուրիշ որեվե ժողովրդի, այլ ոչ ազգության: Իմ կարծիքով իրենց պատմությունը որպես ազգություն նոր է սկսվում, քանզի նրանք առաջներում երբեք Հայրենիք կամ պետականություն չեն ունեցել… Վեյնիգերը կբացատրէ թե ուրկե է իրենց մեջ բացասական եվ դրկան առանձնահատկությունները ձեվավորվել….ինչու հրեան կրնա շատ տաղանդավոր ըլլա ,բայց երբեք հանճարեղ չի կրնա ըլլալ…իրենք տաղանդավոր դաշնակահարներ,ջութակահարներ. ունին..սակայն Շոպեն կամ Խաչատուրյան չեն ունեցած…Հայրենիք չեն ունեցած…
            Իհարկե թուրքերը պետականություն ունեն , սակայն իրենք դեռ ցեղախմբի մտածողություն ունեն եվ իրենց հաջորդ աստճանը ժողովուրդ դառնալն է…այդ է հիմնական պատճառը որ դեռ քաղաքակիրթ ժողովուրդ չեն , որ ընդունեն իրենց սխալը, ընդունեն ցեղասպանությունը, ինչպես որ գերմանացիները…. ես կարող եմ հիանալ առանձին անհատներով ,բայց երբեք առանձին ժողովրդով կամ ազգությամբ…«…Սակայն այդ ամէնը չի նշանակում թէ՝ չկայ…» հարգելի Հայդուկ կհիշեմ որ Հայաստանին կոշկակարների խանութներուն մեջ հաճախ Ստալինին նկարը պատին ունեեի, դա չէր նշաշակե թե հայերը Ստալինը կսիրեին…

  2. Hayk says:

    Նախ՝ես լիովին համաձայն եմ, որ պետք էր ընդգրկել բոլոր ցեղասպանությունները, հատկապես Հոլոքոստը: երկրորդ՝ Ռուսաստանում ապրող հրեաներին շատ լավ են վերաբերում, նրանք իրենց ավելի ապահով են զգում, քան Եվրոպայում: երրորդ–Հայաստանում,իրոք, երբեք չի եղել, չկա ու չի էլ լինի հակասեմիտիզմ: Եվ վերջինը— եթե ինձ ասեին, որ հրա եմ, ես բոլորովին էլ վատ չէի զգա, շատ անկեղծ եմ ասում:

    • Հ.Շ. says:

      «Հայաստանում,իրոք, երբեք չի եղել, չկա ու չի էլ լինի հակասեմիտիզմ:»
      _____________________________________________________________
      Հայկ ջան, ափսոս, սակայն միայն «չի եղել»ը ճիշտ է…
      (այդ ել, Հայաստանի պարագային միայն, եւ ոչ ընդհանրապէս հայերին.
      թէ ոչ, «չի եղել»ն ել կը դառնայ դժբախտաբար անհիմն հաստատում…)

      ահա կացութեան այժմէական պարզաբանումը՝
      https://www.rferl.org/content/article/1057091.html

      սակայն, Հայաստանի պարագային, կարելի է տակաւին առաջքը առնել այս շեղումի վատթարացման, սրբագրել կացութիւնը

      պայմանաւ որ մեր աչքերը բանանք, նաեւ այս ուղղութեամբ

      իսկ դրսում, արդէն անհնար է դարմանել այս իսկական հիւանդութիւնը

  3. Լավատես says:

    Ուժն է ծնում իրավունք, ճիշտ է նաեւ հակառակը՝ թուլությունն է ծնում անիրավություն։ Դատապարտել անիրավությունը նշանակում է դատապարտել թուլությունը։ Խոսել իրավունքից եւ Ուժ ու ցանկություն չունենալ այդ իրավունքը պաշտպանել՝ դա կոչվում է հավայի հավ հավ անել։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031