Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Երեխաները ԱԺ նախագահ ու դեսպան են ուզում դառնալ, ոչ մեկը չի ասում՝ որմնադիր»

Մարտ 26,2015 17:54

«Թվում է, թե ամենահեշտ դյուրըմբռնելի օղակն է դպրոցը: Բոլորս աշակերտ ենք եղել, բայց աշակերտական մեր տարիները հիշելով եւ վերլուծելով՝ կարծում եմ, դա սխալ է: Լսում եմ, որ բավականին թերություններ կան, բարեփոխումներն այն վիճակում չեն, որ կցանկանայինք լինեին: Ես դիտարկումներ արել եմ նաեւ այն տարիներին, երբ մանկավարժը 3000 դրամ աշխատավարձ էր ստանում: Դպրոցը ցուրտ էր եւ հնարավոր չէր դաս պարապել: Իմիջիայլոց, իմ տեսակետն այն է, որ դա պետությունը չհաղթահարեց՝ մանկավարժը հաղթահարեց: Այդ տարիներին այնքան խնդիր կար, որ դպրոցը մի տեսակ երկրորդական պլանի վրա էր մղվել, բայց հաղթահարեց ուսուցիչը»,- այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսպես «Կրթության մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների քննարկման ժամանակ հիշեց մութ ու ցուրտ տարիները դպրոցում:

Նա ասաց, որ դրան հաջորդեցին այն ժամանակները, երբ սկսեցին կոռուպցիայի դեմ պայքարել եւ պարզվեց, որ կոռուպցիոն առաջին գոտին դպրոցն է. «Այսինքն, մենք գնում ենք այն ճանապարհով, որ  ինչքան կարելի է դպրոցը թուլացնենք, ուսուցչի արժանապատվությունը երկրորդական դարձնենք: Ես լրիվ հակառակ կարծիքին եմ»:

Նա բողոքեց ծնողների ցանկություններից, թե ինչ են ուզում դարձնել իրենց երեխաներին. «Ծնողի պահանջը մեկն է՝ իր երեխային գիտնական դարձնել: Ինչո՞ւ պիտի իր երեխան լավ գիտելիքներ չունենա: Որակավորում են դպրոցը՝ չմտածելով, որ դա պայմանավորված է արդյունքներով: Իհարկե, շատ խնդիրներ կան, ֆինանսական ներդրումները են անհրաժեշտ դպրոցում, միջազգային արենայում մեր դպրոցականները շատ թույլ են եւ անվճռական, որովհետեւ ոսկե մեդալներ են բերում, տարածաշրջանում դառնում են ամենամրցունակ աշակերտներ: Սրանք բոլորը բարեփոխումների հետ կապ չունի: Երբ ավագ դպրոցների խնդիրն առաջացավ, 105 դպրոց պետք է ավագ դպրոց շնորհումն ունենային եւ շարժվեինք առաջ: Այդ տարի 10 դպրոց ճանաչվեց ավագ դպրոց, որովհետեւ մենք բազա չունեինք: Հիմա մենք միջինից բարձր բազա ունենք: Առավել եւս, դպրոցների մի մասն աշխատում է նաեւ բուհերի հետ: Քայլ առ քայլ խնդիրներ ենք լուծում»:

Ւնչ վերաբերում է 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելուն, որն առաջարկում է կառավարությունը այս նոր նախագծով՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Ի՞նչ ենք շահում: Մեր երեխաների մոտ 60 տոկոսը 9-րդ դասարանից հետո առավոտը վեր են կենում, կանգնում են իրենց բակում, հետո մի ուրիշ բակում եւ այդպես շարունակ: Դպրոցի գործոնը մենակ գիտելիքը չէ, դաստիարակությունն է: Երեխաների համար ուրիշ միջավայր չկա, նրանք պիտի մնան դպրոցում, շփվեն ուսուցիչների հետ, հասակակիցների հետ: Մի տեսակ դպրոցները դարձրել եք բուհի առաջին պլանի վրա, որ դպրոցը մատակարարում է բուհին: Այդպես չէ: Դպրոցի միակ գործոնը ապագա քաղաքացի պատրաստելն է»:

Հետո Գալուստ Սահակյանը նեղսրտեց, որ ծնողները, երեխան դեռ չծնված՝ արդեն որոշում են ինչ է դառնալու. «Ոչ մեկը չի ասում՝ որմնադիր են դառնալու, որի պահանջն այսօր կա: Բժիշկ են ուզում, իրավաբան են ուզում: Դպրոցին այնքան հարված հասցրեցին, որ արդեն ուսուցիչ էլ չեն ուզում դառնալ՝ տնտեսագետ են ուզում դառնալ, դեսպան են ուզում դառնալ, ԱԺ նախագահ են ուզում դառնալ: Մի մասն էլ ասում է՝ ոչ այն է ինձ պետք, ոչ այն, երկու հատ ջիպ եմ ուզում ունենալ, առանձնացված լավ բնակարան: Իսկ այդ ամեն ինչը սկսում է այստեղից՝ մենք այսօր ունենք կշռադատելի դպրոց: Գիտելիքների կրումը դպրոցի ուժն է, հզորությունը միջոցառումներն են: Հիմա ասում ենք՝ այս երեխաներին պահենք դպրոցում, որպեսզի հզորություններից օգտվեն: Այսօր ասում ենք՝ 12-ը ներառյալ պարտադիր կրթություն ենք տալու: Ի՞նչ եք ուզում լսել, որ ասում եք՝ հետաձգենք, քննարկենք: Հաջորդ քառօրյայում ենք քվեարկելու, այդ ընթացքում ուզում եք լսեք, հանդիպեք ծնողների հետ: Հիմա որ հարց տամ՝ ձեր սովորած դպրոցներում քանի՞ անգամ եք եղել, քանի աշակերտ եք տեսել, քանի ուսուցիչ եք տեսել: Դպրոցը մի՛ կործանեք: Դպրոցը բավականին փխրուն օրգանիզմ է: Պետք է այնպես անենք, որ հասարակությունը մեծարի դպրոցին: Ասում եք՝ խելակորույս իշխանությունները այս էլ քանդեցին՝ չմտածելով, որ այս խելակորույս իշխանությունները քանդվածն ամոքել են, կարողացել են ծրագրեր իրագործել, միջազգային արենայում դպրոցը տեսանելի դարձնել: Ինչի՞ եք դպրոցների մասին վատ բաներ ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031