Լրահոս
Օրվա լրահոսը

Գորդոն Հահն. «ՀՀ-ն թող Արևմուտքից անվտանգության երաշխիքներ չսպասի, քանի որ ընտրությունը կատարել է հօգուտ Մոսկվայի»

Մարտ 27,2015 13:14

«Նոր «սառը պատերազմի» ծավալման դեպքում հավանական է, որ սրվի Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունը Հարավային Կովկասում»,-«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Թեմատիկ երկխոսություններ հայաստանյան նոր ինտեգրացիոն օրակարգի մասին» ծրագրի շրջանակներում անցկացված առցանց ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց ամերիկյան վերլուծաբան, մի շարք համալսարանների դասախոս Գորդոն Հահնը:

Ըստ նրա`ՌԴ-Արևմուտք հակասությունն արդեն տեսանելի է՝ ՆԱՏՕ-ի «Ատլանտյան վճռականություն» ռազմական զորավարժությունների ընդլայնմամբ. «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խնդիրները պահպանվում են, իսկ ԵՄ-ն փորձում է վերջ դնել ռուսական էներգակիրներից կախվածությանը: Ռուսաստանի «Թուրքական հոսք» ծրագիրը ևս վկայում է այն մասին, որ Հարավային Կովկասը կդառնա էներգակիրների տարանցման ավելի նախընտրելի ուղի»:

Պարոն Հահնը ուշադրություն է հրավիրում «Ռուսաստանի կողմից Հայաստանի հաջողակ «խնամքին» ու նկատում. «ԵՏՄ անդամակցության նպատակով Ռուսաստանի կողմից Հայաստանի հաջողակ «խնամքով պայմանավորված` ԱՄՆ-ն էլ, երևի, ավելի մեծ ուշադրություն կդարձնի Բաքվին` ի հակակշիռ ռուս-հայկական առանցքի»:

Գորդոն Հահնը համամիտ չէ, որ ՌԴ-ին ձեռնտու է սրել ԼՂ հակամարտությունը: Ըստ նրա՝ ԼՂ հակամարտությունը հիմնված է Երևանի և Բաքվի միջև գոյություն ունեցող անվստահության և սովետական պետականաշինության ժառանգության վրա. «ՌԴ-ն հակամարտություն հրահրողը չէ և հետաքրքրված չէ հակամարտության բռնկմամբ: ԼՂ հակամարտությունը խիստ լոկալ հակամարտություն է»:

Գորդոն Հահնը հակամարտության լուծման երկու տարբերակ է կանխատեսում. «Հակամարտությունը նախկինի նման կամ պայմանավորվելու է երկու կողմերի՝ ՀՀ և Ադրբեջանի կողմից, կամ Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցությամբ. ԱՄՆ-ը Ադրբեջանի կողմը կանցնի՝ որպես հակակշիռ հայ-ռուսական միությանը, կամ հակամարտության կարգավորում Ռուսաստանի հովանու և երաշխիքների ներքո»:

Գորդոն Հահնը զգուշացնում է, թե անվտանգության ոլորտում ՀՀ-ն թող Արևմուտքից երաշխիքներ չսպասի, քանի որ ընտրությունը կատարել է հօգուտ Մոսկվայի:

Գորդոն Հահնի կարծիքով՝ Ուկրաինայի քաղաքական և տնտեսական ճգնաժամը կարող են լավ դաս լինել Հայաստանի և Ադրբեջանի համար այն տեսանկյունից, որ պետք չէ հույսը դնել Արևմուտքի վրա, քանի որ այդ դեպքում պաշտոնական Մոսկվայի կողմից բացասական արձագանքն անխուսափելի է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031