Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի կրծքանշանն այլեւս չի՞ փրկում

Մարտ 28,2015 16:30

Իշխանությունը ստիպված է յուրայիններին նեղե՞լ,
թե՞ վարչապետն իր խոստումներն է կատարում

«Իմ սեփականություն հանդիսացող «Արփա-Սեւան» հիմնարկում, այո, հիմա հարկային համապատասխան մարմինների կողմից տարեկան ստուգումների ձեւով կատարվում են ստուգումներ: Ստուգումները դեռ չեն ավարտվել, դեռ ակտ չի գրվել, որպեսզի իմանանք` ինչքան ակտ կգրվի, ինչքան գումար կկազմի ստուգումների արդյունքում ձեւավորված ակտը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, «Արփա-Սեւան» ԲԲԸ-ի սեփականատեր Հակոբ Հակոբյանը: Խոսակցություններ են շրջանառվում, որ այս ընկերությունում եւս բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, եւ բավական մեծ տուգանքներ են նախատեսվում: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանի եւ Հակոբ Հակոբյանի («Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր) սեփականություն հանդիսացող օբյեկտներում հարկային ստուգումներ են իրականացվել եւ բավական մեծ չափերի տուգանքներ են նշանակվել: Վերջիններս դատական կարգով վիճարկում են տուգանքների չափերը: Աշոտ Աղաբաբյանին տուգանել են 60 մլն դրամով՝ «Հրազդան» տոնավաճառում կատարած ստուգումների արդյունքում, Հակոբ Հակոբյանին տուգանել են 1,5 միլիոն դոլարին համարժեք դրամով:

Սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը արշավ է սկսել յուրային գործարարների դեմ: Համենայնդեպս, ՀՀԿ-ական պատգամավորները բարձրաձայն չեն արտահայտում իրենց դժգոհությունը: Հակոբ Հակոբյանը, մասնավորաբար, ի պատասխան մեր հարցի` ասաց. «Ձեր բոլոր հարցադրումների ենթատեքստը քաղաքական էր: Ես ոչ մի քաղաքական բան չեմ տեսնում»: Օրերս լրագրողների այդ հարցին մյուս Հակոբ Հակոբյանը` «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերը, խուսափողական պատասխաններ էր տվել: Ամեն դեպքում, նման չափերի տուգանքները անուղղակի փաստում են նախ` տնտեսությունն այն վիճակում է, որ «սվոյ-չուժոյ» սկզբունքով շարունակել աշխատելն արդեն կործանարար կարող է լինել երկրի համար: Կա նաեւ երկրորդ տարբերակը. մեկ տարի առաջ (ապրիլի 13-ին լրանում է Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին), նշանակվելով վարչապետի պաշտոնում, Հովիկ Աբրահամյանը «գիծը գծելու», հավասար պայմաններ ստեղծելու մասին հրապարակային հայտարարություններ ու խոստումներ տվեց: Արդյոք այսպիսով վարչապետը փորձել է գործնական փո՞ւլ դնել իր հայտարարությունները:

«Արփա-Սեւան» ԲԲԸ-ի սեփականատեր Հակոբ Հակոբյանը չհամաձայնեց մեր դիտարկումների հետ: Նա սեփական բացատրություններն ունի. «Ցանկացած երկրի վարչապետ շահագրգիռ է, որ իր երկրում բիզնեսը ծաղկի, որ իր հարկերը շատ հավաքվեն, որ գործազրկությունը քիչ լինի: Հովիկ Աբրահամյանը, որպես հայ քաղաքացի, որպես ՀՀ վարչապետ, նույնպես շահագրգռված է դրանում: Խոսքը գնում է հարկերը թաքցնելու մասին, եթե հարկերը թաքցնում են…»: Մեր զրուցակցի մեկնաբանությամբ՝ ցանկացած պետություն իր երկրում գործող բիզնեսի հետ փայատեր է հանդիսանում` շահութահարկի, եկամտահարկի եւ այլ հարկատեսակների առումով: «Որքան շատ լինեն գործատուները, այնքան պետբյուջե գնացող գումարները կավելանան, եւ վարչապետն իրավունք կունենա շատ ծախսելու: Հետեւաբար վարչապետը շահագրգռված է, որ բիզնեսի զարգացումն առաջ գնա: Միաժամանակ, վարչապետը, որպես պետական տնտեսության կառավարիչ, շահագրգիռ է, որ չխաբնվի եւ պետության փայը ճիշտ վերցնի: Ինչո՞ւ եք զարմանում, որ վարչապետը պահանջի պետության փայը ճիշտ տալ: Դա զարմանալի չէ: Ես այդտեղ քաղաքական հետեւանք չեմ տեսնում»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Ինչեւէ, այս ամենում, սակայն, առավել կարեւոր խնդիր կա` ի վերջո ինչ քաղաքական ենթատեքստով կամ նպատակով էլ լինեն ստուգումները, դրանք լինեն օրենքի շրջանակներում, ոչ թե յուրային կամ ոչ յուրային գործարարին նեղելու, այլ ստվերը դուրս բերելու համար: Աշոտ Աղաբաբյանը եւ «Կիլիկիայի» սեփականատեր Հակոբ Հակոբյանը, համենայնդեպս, հարկային մարմինների գործողությունները չեն վիճարկում, վիճարկում են տուգանքի չափը: Բայց ուշագրավ մի հանգամանք էլ կա. օրերս լրագրողներից մեկի հարցին` դիմե՞լ է, արդյոք, ոլորտը համակարգող նախարարին` Գագիկ Խաչատրյանին, Աշոտ Աղաբաբյանն ասել էր, որ դիմել է, վերջինս էլ խորհուրդ է տվել դիմել նախագահ Սերժ Սարգսյանին: «Ես ինչի՞ պիտի էդ հարցով նախագահին դիմեմ»,- տարակուսել էր Աշոտ Աղաբաբյանը: Այսինքն՝ որքան էլ ՀՀԿ-ական գործարարները բարձրաձայն չդժգոհեն, ակնհայտ է, որ այդ գործընթացում ամեն ինչ մաքուր ու հստակ չէ: Արդյոք կառավարությունը շարունակո՞ւմ է իր գործունեության ավանդական մեթոդը`բյուջեն լցնելու համար նեղել գործարարներին: Եթե նպատակը դա է, եթե անգամ հիմա յուրային գործարարներին են նեղում, միեւնույն է՝ լավ չէ: Մանավանդ այս փուլում, տնտեսության ներկայիս վիճակում գործարարին նեղելը ճիշտ չէ: Նաեւ, որ ոչ պակաս էական հանգամանք է, հարկային ստուգումները չպետք է հատվածական բնույթ կրեն, չպետք է ընտրովի լինեն: Եվ նորմալ է, որ ՀՀԿ կրծքանշանն այլեւս չի փրկում կամ պաշտպանական հովանոց չի դառնում ՀՀԿ-ական գործարար պատգամավորների համար:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Եթե ՀՀԿ կրծքանշանը չի փրկում, շանս կա, որ Հայաստանը կփրկվի…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031